×


Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգի հետաքրքիր դրվագներն ու խոստովանությունն ամուսնուն եւ մայրիկին

Հռիփսիմե Հակոբյանի երազանքն իրականացել է: Երեկ` նոյեմբերի 10-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել նրա երեւանյան առաջին մեծ մենահամերգը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Երկուսուկես ժամ տեւողությամբ համերգային ծրագիրը հարուստ էր պարային բեմադրություններով եւ լուսաձայնային էֆեկտներով: Իսկ երգչուհու ընտրած փայլփլուն հագուստները էլ ավելի տոնական էին դարձում բեմահարթակը:

Հռիփսիմե Հակոբյանի երեւանյան մենահամերգին


Համերգը մեկնարկեց Հռիփսիմեի երգացանկի մեղեդային կատարումներով: Առաջին իսկ հնչյուններից հետո հանդիսատեսի առաջին շարքում նստած Մարտին Մկրտչյանը ձեռքի շարժումով քաջալերեց կնոջը` ցույց տալով, որ ամեն ինչ հիանալի է: Հուզմունքը հաղթահարելու համար Հռիփսիմեն հենց սկզբից խնդրեց ներկաներին ջերմությամբ եւ ծափահարություններով ոգեւորել իրեն: «Տարիներ շարունակ երազել եմ այս օրվա մասին, ուզում եմ` հուզմունքս հանկարծ չխանգարի ներկայացնել այն ամենը, ինչը պատրաստել ենք»,-ասաց նա: Իսկ համերգի ավարտին պարզեցինք, որ հուզմունքը երգչուհուն չի խանգարել, բայց եւ ուղեկցել է ողջ երեկոյի ընթացքում.«Ասում էին` մի քանի երգ կատարելուց հետո կանցնի, բայց իմ դեպքում այդպես չեղավ»:

«Խոստովանություն» երգը կատարելուց առաջ նա կեսկատակ-կեսլուրջ դիմեց ամուսնուն.«Մարտին, դու խոստացել էիր չհուզվել:)»:

Հռիփսիմե Հակոբյանի երեւանյան մենահամերգին


Երեկոյի հուզիչ պահերից մեկն այն էր, երբ Հռիփսիմեն իր երգացանկից կատարեց «Մայրիկ» երգը.«Մինչեւ ծնող չես դառնում, չես հասկանում` ինչ է մայր լինելը: Լեոն իր ծննդով ինձ հասցրեց 7-րդ երկինք, իր ծիծաղով, ժպիտով, երգով եւ խաղով ամեն օր ինձ ուրախացնում է եւ էլ ավելի պարտավորեցնում, որ նույնն անեմ իմ մայրիկի համար: Միակ երգն է, որի խոսքերը ես եմ գրել: Մամ, շնորհակալ եմ, որ ես կամ, եւ շնորհակալ եմ, որ հենց քո աղջիկն եմ: Սիրով այս երգը նվիրում եմ իմ, Մարտինի մայրերին եւ բոլոր մայրիկներին»,-նշեց նա, իսկ կատարման ժամանակ բեմում հայտնվեց որդին եւ երգեց իր հետ:

Հռիփսիմեն շեշտել է, որ փոքրիկ Լեոն կարողացել է շուրջ մեկ ամիս գաղտնի պահել, որ բեմ է բարձրանալու եւ երգելու է մայրիկի հետ:):

Հռիփսիմե Հակոբյանի երեւանյան մենահամերգին


Երեկոյի ընթացքում երգչուհին հանդես եկավ նաեւ պրեմիերայով: «Իմ երգը» կոչվող ստեղծագործությունը գրվել էր հատուկ այս օրվա համար: Հռիփսիմեն բեմ հրավիրեց երաժշտության հեղինակ Ռիչարդ Մադլենյանին, ով էլ նվագակցեց իրեն: Երգչուհին դժվարացավ նշել` այս երգը տեսահոլովակ կունենա, թե կներկայացվի միայն համերգային տարբերակով:

Պատասխանատու այս օրը նա չմոռացավ իր ուսուցիչներին.«Իմ բոլոր հարցազրույցներում բարձրաձայնում եմ Երգի թատրոնի դերը: Հպարտ եմ նաեւ, որ սովորել եմ Վարդուհի Վարդանյանի դասարանում: Նա իր մահով երկրաշարժ արեց մեր սրտերում: Շնորհակալ եմ իմ Արթուր Գրիգորյանին, որ պատվել է իմ համերգը եւ այստեղ է»: Մաեստրոյի նվագակցությամբ երգչուհին կատարեց «Ասացեք ինձ» ստեղծագործությունը`այն նվիրելով Թութուշին:

Հռիփսիմե Հակոբյանը եւ Հայկոն


Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ իսպաներեն երգեր, երգչուհու զուգերգերը` Հայկոյի, Մարտին Մկրտչյանի, Արկադի Դումիկյանի, Ռազմիկ Ամյանի հետ:

«Այստեղ կանգնած եմ, երջանիկ եմ որպես կին, մայր, երգչուհի` ի շնորհիվ իմ ամուսնու: Երանի երկու սիրտ ունենայի, էլի քեզ կտայի Մարտին»,- ասաց նա, Մարտինն էլ նշեց, որ հատուկ պատրաստած տողեր չունի.«Շնորհավոր, կյանքս, քո երազանքը կատարվեց, փառք Աստծուն եւ մեր հանդիսատեսին»:

Հռիփսիմե Հակոբյանի երեւանյան մենահամերգին


Ծրագրում (հնչեց 24 երգ,-հեղ.) Հռիփսիմեի հայտնի երգերից որոշները բացակայում էին: Հարցին` ինչպես է կատարել ընտրությունը, ասաց. «Ցանկանում էի առավել սիրված երգերը ներկայացնել, քանի որ բոլորն ընտրելն անհնարին էր»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport