Փարիզյան կյանքը հարուստ է բազմատեսակ տեսարաններով, հաճախ գեղեցիկ եւ էսթետիկ, բայց նաեւ ապշեցնող եւ սարսափելի: Նման մի տեսարանով էր բացվել փարիզեցիների հունիսի 21-յան առավոտը: Փարիզի Աստվածամոր տաճարից երկու քայլ հեռավորության վրա գտնվել էր հսկայական չափսերի սպանված կետ: Կենդանուց եկող գարշելի հոտը տարածվել էր Սենայի անհոգ ափերով եւ իր շուրջ համախմբել քաղաքապետարանի աշխատողներին եւ քաղաքի հազարավոր զբոսաշրջիկներին:
Հսկայական կետ` Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ
Իրենց աչքերին չհավատացող մասնագետները քննարկում էին, թե ինչպես է կենդանին աննկատ անցել Սենայի տասնյակ նավերի կողքով, սպանված տեսքով հայտնվել Տուռնել ափին եւ, ինչն ամենատարօրինակն է, որտեղից է գոյացել ավազը: Վերջապես ծագում էր հարց` արդյոք կետը իրական է: Ավելի ուշ պարզվեց, որ` ոչ. սպանված կենդանին բելգիացի մի խումբ արվեստագետների հերթական խենթ մտահղացումն է:
2007 թվականին Անվեր քաղաքում ստեղծված Captain Boomer խմբի այս ապշեցնող ինստալյացիան նույն սցենարով արդեն ցուցադրվել էր Անվերում, Ռենում եւ Լոնդոնում: Իրենց պաշտոնական կայքէջում խումբը նշում է, որ «կետը հանդիսանում է մեր էկոհամակարգի կազմալուծման մետաֆորիկ կերպարը, մարդիկ զգում են, որ իրենց կապը բնության հետ կազմալուծվում է: Այդ զգացողությունը ուժեղանում է նման իրական օրինակներ ներկայացնելու դեպքում»:
Հսկայական կետ` Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ
Հատկապես համոզիչ լինելու համար, արվեստագետները ներկայացել էին «դեպքի վայր» իբրեւ մասնագետներ, կատարել կենդանու կեղծ ուսումնասիրություն եւ իրազեկել անցորդներին կետերի ոչնչացման գլոբալ խնդրի մասին: Ինստալյացիան եւ այն պարուրած գարշելի բուրմունքը կմնան մայրաքաղաքի կենտրոնում եւս մի քանի օր, իսկ թե որտեղ կհայտնվեն մյուս անգամ, մնում է խոր գաղտնիք:
Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Assotiation Bloom-ի եւ Արիան Կարիմիի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: