Հրանուշ Տոնոյանի մտքերը կարդալու համար անհրաժեշտ է լսել նրա կատարումները կամ նախընտրած երաժշտությունը:): Երիտասարդ երգչուհին մեծ բեմեր նվաճելու ցանկություն ունի մանկուց եւ հիմա ամբողջովին պատրաստ է դիմակայել դրա իրականացմանը տանող բոլոր դժվարություններին: Հրանուշը հանդես է գալիս ջազային, էստրադային եւ ժողովրդական ժանրերում, կախարդանք է համարում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, BRAVO.am-ին էլ ներկայացրել է մարդկային հոգու խորքերը հուզելու իր բանաձեւը:
Հրանուշ Տոնոյանը
-Երգը որպես կյանքի ուղի ընտրելու Ձեր որոշման վրա արդյո՞ք որեւէ մեկն ազդեցություն ունեցել է:
-Իմ ընտանիքում մասնագիտական ուղղվածությունները տարբեր են: Որոշմանս վրա ազդեցություն ունեցել է միայն տատիկս: Նա դեռ վաղ հասակից ինձ պատկերացրել է երգարվեստում, ինչն այսօր իրականություն է դարձել:
-Կներկայացնե՞ք Ձեր անցած երաժշտական ուղին:
-Մանկուց սիրել եմ երգն ու երաժշտությունը: Մինչ բուհ ընդունվելը պրոֆեսիոնալ մակարդակով անհատական պարապել եմ Երեւանի կոնսերվատորիայի անվանի դոցենտ Արմանուշ Հակոբյանի հետ, որից հետո՝ 2008 թվականին, ընդունվեցի կոնսերվատորիայի զազ-էստրադային վոկալի բաժինը եւ այժմ սովորում եմ մագիստրատուրայում: Նպատակ ունեմ շարունակել կրթությունս նաեւ ասպիրանտուրայում:
-Լավ երգիչ լինելու համար երաժշտական կրթությունը կարեւորո՞ւմ եք:
-Երբ ուզում ես հուզել մարդկային հոգու խորքերը, անկասկած կարեւորում ես երաժշտական կրթությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր գործ որակյալ է այն դեպքում, երբ համեմված է մասնագիտական լուծումներով եւ մոտեցումներով, չնայած կարող ենք հանդիպել բացառությունների, որոնց տաղանդն ի վերուստ է շնորհված եւ կրթություն ստանալու ցանկությունը պարզապես ավելի մասնագիտանալու միտում է:
-Ի՞նչ է Ձեզ համար երգը եւ փորձո՞ւմ եք արդյոք մնայուն արժեք ստեղծել:
-Երգը, երաժշտությունը ինձ համար հոգեվիճակ են, որը մշտապես մարմնավորում է իմ միտքը: Կարծում եմ` երգարվեստում մնայուն արժեք է միայն այն, ինչը մշտապես հաճույք է պարգեւում, նաեւ օգնում է միշտ առաջ նայել, շարժվել այդ ուղղությամբ: Տարբեր իրավիճակներում կողմնակից եմ մնայուն արժեքների ստեղծմանն ու պահպանմանը:
Հրանուշ Տոնոյանը
-Իդեալ ունե՞ք երգարվեստում եւ ի՞նչ եք սովորել կամ սովորում նրանից:
-Կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանի շնորհիվ ձեւավորեցի եւ շարունակում եմ ձեւավորել ճաշակս: Նրա յուրաքանչյուր գործ կախարդանք է եւ իր հետքերով կարող է տանել բարձրորակ երաժշտություն գնահատողին: Շատ մնայուն նրբություններ եմ սովորել իր աշխատանքներից, կարելի է ասել, ինքս ինձ ճիշտ ուղղության վրա եմ դրել` լսելով եւ գնահատելով այդպիսի մեծության ստեղծագործությունները: Իմ իդեալը հենց նա է:
-Երբեւէ փորձե՞լ եք ետ նայել եւ արդեն արված աշխատանքի մեջ բացթողումներ փնտրել:
-Միշտ աշխատում եմ լրացնել այն, ինչ ժամանակին ինչ-ինչ պատճառներով բաց եմ թողել կամ չեմ նկատել: Մարդը միշտ էլ կատարելագործվելու կարիք ունի: Դա, կարծում եմ, կենարար ջրի պես հարկավոր է արտիստներին, որոնք արժեքների ստեղծողն են: Այս ամենն իսկապես իմ սրտից է բխում, քանի որ դեռ մանկուց բավական բծախնդիր եմ եղել իմ արած յուրաքանչյուր գործի հանդեպ եւ հենց այդ գործով ապացուցված մարդկային հատկանիշն էլ կարող եմ համարել հաղթանակներիս եւ այս ասպարեզում դեռեւս որոշ չափով դրսեւորվելու գրավականը:
-Հաղթանակներից մեկը գրանցել եք նախորդ ամիս: Կպատմե՞ք մրցույթի մասին:
-Այն կոչվում էր “Նավասարդյան խաղեր”: Հաղթողի կոչման եմ արժանացել “Էստրադային երգեցողություն” անվանակարգում: Անչափ երջանիկ էի եւ ինձ գնահատված էի զգում, ինչը, համոզված եմ, յուրաքանչյուր երգչի համար ինքնադրսեւորման ամենակարեւոր միջոցն է:
Կարեւորում եմ նաեւ 2014 թվականին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցած “Ծով եւ հիշողություն” միջազգային փառատոնը, որին մասնակցել եմ չորս հոգուց բաղկացած “Արմա” խմբի կազմում: Մենք արժանացանք առաջին մրցանակին եւ ստացանք դափնեկրի կոչում: Հաղթանակի հասնելու այդ ճանապարհը լի էր բազմաբնույթ հետաքրքրություններով, գիտելիքներով եւ միանշանակ մեծացրել է աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը:
-Հատկապես ո՞ր ժանրերն են Ձեզ հոգեհարազատ, որո՞ւմ եք, ըստ Ձեզ, լավագույնս դրսեւորվում:
-Փոքրուց իմ մեջ մշակվել են այն ժանրերը, որոնք իսկապես ինձ հոգեհարազատ են: Ինձ հաջողվել է դրսեւորվել ջազային, էստրադային եւ ժողովրդական ժանրերում: Իհարկե, ամեն օր պայքարում եմ, աշխատում ինձ վրա` անելու լավագույնս, առաջինն` ինքս ինձ համար, հետո` այն մարդկանց, ովքեր արդեն գնահատում եւ ընդունում եմ իմ արած աշխատանքները, եւ նրանց, ովքեր դեռ ծանոթ չեն, նոր պետք է ճանաչեն իմ մատուցած երաժշտության համը:
Հրանուշ Տոնոյանը` Գոռ Սուջյանի եւ Վարսայի հարսանիքին
-Այսօր մարդիկ հաճախ նախընտրում են բեմում տեսնել շոու, քան երգարվեստին իսկապես տիրապետող եւ վոկալային լավ տվյալներ ունեցող արտիստի: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:
-“Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն եւ հետաքրքիր ձեւավորված լինի լապտերը, նախ եւ առաջ այն պետք է լուսավորի”. այս խոսքերն ասել է ֆրանսիացի գրող Բալզակը, որի մտքին ես իսկապես կողմնակից եմ: Երբ արտիստը բեմից կարողանում է արձակել հոգու արտացոլած լույսը, անկասկած, դեմ չեմ լինի շոուի յուրահատուկ ձեւավորմանը:
-Արդյոք պատրա՞ստ եք լինել ճանաչված եւ գիտակցո՞ւմ եք երեւույթի դրական ու բացասական կողմերը:
-Հանրաճանաչ լինելն ինքնանպատակ չէ: Կարելի է ասել, ամբողջովին պատրաստ եմ եւ չեմ խուսափում բոլոր տեսակի դժվարություններից, որոնք իրենց մեջ ներառում են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Մանկուց, երբ հոգեպես տրամադրվում ես եւ գիտակցում, որ ապագայում ցանկանում ես մեծ բեմեր նվաճել, ակամայից պատրաստ ես լինում այն մտքին, որ յուրաքանչյուր խոչընդոտի կարող ես հանդիպել ճանապարհիդ: Դա ավելի պատասխանատու է դարձնում ինձ իմ ստեղծած աշխատանքի հանդեպ եւ, իհարկե, այն մարդկանց առջեւ, ովքեր իմ կողքին են եղել ստեղծագործելուս առաջին իսկ օրվանից:
Զրուցեց Քնարիկ Ռաֆայելյանը
Լուսանկարները` Հրանուշ Տոնոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: