×


Հրանտ Թոխատյանը, Լուսինե, Իրինա Թովմասյանները եւ այլ հայտնիներ` “Առանց սահմանների” ֆիլմի պրեմիերային

“Առանց սահմանների”` այսպես է կոչվում միջազգային արտադրության նոր ֆիլմը, որի երեւանյան պրեմիերան երեկ կայացել է “Սինեմա Սթար” կինոթատրոնում: Ռոմանտիկ կատակերգության դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղեւորվում են հետաքրքիր ճամփորդության: Սիրո մասին չորս պատմությունները տեղի են ունենում Գյումրիում, Թբիլիսիում եւ Մոսկվայում:

“Առանց սահմանների” ֆիլմի երեւանյան պրեմիերային


Ֆիլմում նկարահանվել են հայ, ռուս, վրացի դերասաններ Իննա Չուրիկովան, Օլեգ Բասիլաշվիլին, Ալեքսանդր Ադաբաշյանը, Հրանտ Թոխատյանը, Նատալյա Վդովինան, Աննա Չիպովսկայան, Ռավշանա Կուրկովան, Ալեքսանդր Պալը, Միլոշ Բիկովիչը, Մարիա Շալաեւան, Անաստասիա Ստեժկոն, Ռոման Մայակինը: Էպիզոդիկ դերերով մասնակցել են Վահագն Սիմոնյանը, Ջուլիետա Բաբայանը, Լուիզա Ներսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, ում վերջին խաղացած կերպարն է գեղարվեստական ֆիլմում:

Ռեժիսորները եւս երեք ազգի ներկայացուցիչներ են` Ռեզո Գիգինեիշվիլին, Կարեն Հովհաննիսյանը եւ Ռոման Պրիգունովը: Ըստ հեղինակների՝ սերը չի ճանաչում սահմաններ ու պայմանականություններ, տարիք ու ազգություն: Ֆիլմի անձնակազմը ցուցադրություններ է կազմակերպել այն բոլոր քաղաքներում, որտեղ կատարվել են գործողությունները` Մոսկվայում, Թբիլիսիում եւ Երեւանում:

Իրինա եւ Լուսինե Թովմասյանները


Երեւանյան առաջին ցուցադրությունից հետո պլանավորված էր դերասանական կազմի հանդիպումը լրագրողների հետ, սակայն Երեւանից դուրս գտնվելու պատճառով ասուլիսին հասցրել են ներկա լինել միայն ֆիլմի պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը, վրացի ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին եւ Հրանտ Թոխատյանը:

Ռեզո Գիգինեիշվիլին հայտնել է, որ առաջին ցուցադրությունը կայացել է հունիսին՝ մոսկովյան կինոփառատոններից մեկի ընթացքում, որից հետո որոշել են կազմակերպել մյուս երկրների պրեմիերաները.“Եթե տեսնեիք, թե վրացի հանդիսատեսն ինչպես էր ծափահարում Հրանտ Թոխատյանին, հպարտություն կզգայիք: Ուրախ եմ, որ Հրանտի նման ընկեր ունենք, որի շնորհիվ Հայաստանում մեր առջեւ բացվում են բոլոր դռները, մեզ ամեն տեղ հյուրասիրում են”:

Վրացի ռեժիսորը նշել է, որ ֆիլմի թիրախային լսարանն առաջնահերթ ԱՊՀ երկրների հանդիսատեսն է, սակայն այն համամարդկային է.“Ֆիլմը դիտել են Շվեյցարիայում, Անգլիայում եւ ընկալել են ասելիքը. այստեղ կարեւորը սերն ու զգացմունքներն են, չէ որ մենք էլ դիտում ենք այլ ազգերի կողմից նկարված ֆիլմեր”:

Հրանտ Թոխատյանը


“Yellow, Black and White” կինոընկերության գլխավոր պրոդյուսեր, “Առանց սահմանների” ֆիլմի պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը հայտնել է, որ ֆիլմը մի քանի տարվա աշխատանքի արդյունք է, փոքրիկ պատմությունն աստիճանաբար ընդլայնել եւ տարբեր ազգերի պատմություններ են դարձրել.“Այս ֆիլմում շատ սեր ու ջերմություն կա: Սկզբում մտադիր էինք միայն Ռուսաստանում նկարել, բայց հետո ավելացան նկարահանումների վայրերը, ավելացավ նաեւ ղազախ աղջիկների պատմությունը Մոսկվայում եւ դարձավ ֆիլմ առանց սահմանների”:

92 րոպե տեւողությամբ ֆիլմի առանցքային կերպարներից մեկը վստահված է Հրանտ Թոխատյանին: Նա օդանավակայանում դիմավորում է ռուս կնոջից ունեցած որդուն, որին երեբեւէ չի տեսել եւ նրա հնէաբան ընկերուհուն՝ ուղեկցելով Հայաստանի տեսարժան վայրեր.“Օտարները, որ ծանոթ չեն Հայաստանին, այս ֆիլմով կարող են պատկերացում կազմել, իսկ ովքեր ծանոթ են, եւս մեկ անգամ կվերադառնան պատմական վայրեր: Որպես նկարահանման վայր ընտրվել էր Գյումրին, բայց շնորհիվ Կարեն Հովհաննիսյանի, փորձեցինք նաեւ տեսարաններ նկարել Գեղարդում ու Գառնիում, որ դիտելիս մեր երկիրն ավելի հետաքրքրություն առաջացնի”,-հայտնել է դերասանը:

“Առանց սահմանների” ֆիլմն արտադրվել է “Небо” եւ “Yellow, Black and White” կինոընկերությունների կողմից` “Фонд Кино”-ի աջակցությամբ: Այն կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW