“ՄագԱվտո”-ի հեղինակ եւ վարող Մագա Մարտիրոսյանի համար մարտի 26-ը կրկնակի տոն է, քանի որ տարեդարձից բացի, նշում է հեռուստածրագրի հիմնադրման 14-ամյակը: Հաղորդավարուհին տոնական նկարահանումներն իրականացրել է Իտալիայում` զուգահեռ նշելով իր ծննդյան օրը:
Մագա Մարտիրոսյանը
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ մեկ շաբաթվա ընթացքում որդու հետ հասցրել է լինել Իտալիայի մի քանի քաղաքում, իսկ երեկ Մոդենայում էր, որտեղ գտնվում է “Ֆերարի” ընկերության թանգարանը: Նկարահանումներին աջակցել է Բոլոնիայում գործող հայկական մի ընկերություն, որոնց ուղեկցությամբ Մագան եղել է նաեւ “Լամբորջինիի” հին ու նոր թանգարաններում եւ զրուցել է տնօրենի հետ.“Հայերն ինձ աջակցում են օպերատորական գործում, տարեդարձիս առթիվ էլ իմ նկարով տորթ էին պատվիրել: Այստեղ մոտ քսան հայ կա, միմյանց ճանաչում են ու փոքրիկ համայնք են ստեղծել: Հաճելի էր պարզել, որ նրանք ամեն շաբաթ այցելում են Միլանի հայկական եկեղեցի”:
Մագան վերջին տարիներին ծննդյան օրերը տոնում է ճամփորդելով եւ ավտոմեքենաների մասին հատուկ թողարկումներ նկարահանելով.“Նշել եմ Միացյալ Նահանգներում, Դուբայում` այցելելով հայտնի ավտոմեքենաների գործարաններ, թանգարաններ ու ցուցասրահներ: Այնքան եմ տարվում նկարահանումներով, որ նույնիսկ մոռանում եմ իմ տարեդարձի մասին”:
Մագա Մարտիրոսյանը` "Ֆերարիի" թանգարանում
Հաղորդավարուհին թեեւ սիրում է իր ծննդյան օրը նշել, սակայնց չի բարձրաձայնում տարիքը.“Հայրս պատմում էր, որ մանկուց յուրաքանչյուր ամսվա 26-ին ցանկացել եմ տորթ ունենալ: Հիմա ավելի շատ կենտրոնանում եմ ոչ թե իմ, այլ ծրագրի ամյակների վրա: Չեմ սիրում ճաշկերույթներ, խնջույքներ ու կենացներ, այլ հաճույք եմ ստանում, երբ ամեն տարի նոր երկրում յուրովի եմ անցկացնում: Հուսամ` Երեւան վերադառնալուց հետո, ինչպես ամեն տարի, հարազատներիս հետ էլ կնշեմ”:
Մագայի որդին՝ Լեւոնը, եւս հետաքրքվում է ավտոմեքենաներով, սակայն Իտալիա ոտք դնելուն պես ցանկացել է տեսնել ֆուտբոլի մարզադաշտը, մայրն էլ կատարել է նրա ցանկությունը: Նա տղայի հետ նաեւ բարձրացել է Բոլոնիայի հայտնի Ազինելի աշտարակը. “Անկեղծ ասած, սկզբում 498 աստիճան բարձրանալու մտադրություն չունեի: Ավելի շատ մտածում էի երեխայիս մասին, բայց նա ինձնից շուտ տեղ հասավ: Իսկապես շատ անհարմար ու թեք աստիճաններ են, սակայն վերջում վերեւից նայելով գեղեցիկ տեսարանը, հասկացա, որ իզուր չէր”:
Մագա Մարտիրոսյանը` որդու հետ` Իտալիայում
Հաղորդավարուհին պատմել է, թե ինչպես է կարողանում յուրաքանչյուր տարի արտերկրում տոնել իր եւ “ՄագԱվտո”-ի տարեդարձը.“Ճամփորդում եմ ծրագրի գործընկերների շնորհիվ, բայց ծախսերը հոգացող հստակ հովանավորներ չկան. ինքս ողջ տարին աշխատում եմ, որպեսզի տարեդարձիս ճամփորդեմ: Կարող եմ ուղղակի մեկնել հանգստի, բայց որեւէ տեղ գնալ ու նկարահանում չանել, արդեն չեմ պատկերացնում, որովհետեւ սիրում եմ աշխատանքս”:
Ի դեպ, նա բացել է փակագծերն ու հայտնել, որ հաջորդ տարի նախատեսում է ծրագրի 15-ամյակը նշել Հայաստանում եւ օրը նշանավորել մրցանակաբաշխությամբ. “Ուզում եմ մեծ ավտոշոու կազմակերպել, որին կհրավիրեմ Հայաստանում եւ սփյուռքում բնակվող իմ բազմաթիվ գործընկերներին: Ինչպես այս անգամ Իտալիայում նոր մարդկանց հետ ծանոթացա, այնպես էլ նախորդ տարիներին մտերմացել եմ Չեխայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արաբական Էմիրություններում ապրող հայերի հետ: Այլ երկրներում լինելով՝ հասկանում ու գնահատում եմ մեր հայերին, որոնք սիրով աջակցում են նկարահանումներին եւ դրսում ավելի միասնական են”:
BRAVO.am
Լուսանկարները՝ Մագա Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: