×


«Ես պատրաստ եմ այս մեծ պատասխանատվությանը». «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ

12-ամյա Ալբերտ Արմենակյանը դարձել է Հայաստանի այս տարվա պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ նա ընտրվել է իրենց հայտարարած մրցույթի արդյունքում: 

Ժյուրիի կազմում են եղել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը եւ երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը: Նշվում է, որ հաշվի է առնվել նաեւ միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է վեց տարեկանում։ 2018թ.-ից նա հետեւում է «Մանկական Եվրատեսիլ»-ին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին երեք տարիներին, մասնակցելով հայաստանյան նախընտրական փուլերին, փորձել է իրականություն դարձնել իր երազանքը։

«Երազանքներն իսկապես իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց։ «Մանկական Եվրատեսիլ»-ի մեծ բեմում երգելն ու աշխարհին մեր երկիրը ներկայացնելը եղել է իմ ամենամեծ երազանքը, որն այսօր արդեն իրականություն է։ Սա նաեւ մեծ պատիվ է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որին ես պատրաստ եմ։ Խոստանում եմ, որ կանեմ ամեն բան՝ մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար» - նշել է Ալբերտը։

Ալբերտը սովորում է Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում, հաճախում է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժին եւ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի վոկալի բաժին։ Մասնակցել է երաժշտական նախագծերի եւ մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս տարի մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» (The Voice Kids) նախագծին, որտեղ ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ դեկտեմբերի 13-ին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW