Tashir Arena-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ տեղի է ունեցել յուրօրինակ թատերական-կրկեսային ETERNIA շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը։ Առաջին հանդիսատեսը նրանք էին, ովքեր հատկապես ջերմության եւ հոգատարության կարիք ունեն. բազմազավակ եւ Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ բարեգործական հիմնադրամների շահառուներ։
ETERNIA-ն յուրօրինակ թատերական-կրկեսային ներկայացում է՝ ստեղծված հատուկ Tashir Arena-ի բեմի համար։ Այն պատմում է լույսի եւ խավարի հավերժ պայքարի, հավատի, հույսի, սիրո եւ մարդկային հոգու անսահման ուժի մասին, որն ունակ է հաղթահարելու ցանկացած փորձություն՝ իրականությունից այն կողմ տանող ճանապարհորդության պատմություն:
Լուսանկարը՝ Photolure
«Լայնածավալ փորձերն անցկացվել են մոտ երկու տարի, իսկ շոուին մասնակցել է ավելի քան հարյուր արտիստ տարբեր երկրներից։ Նախապրեմիերային բարեգործական ցուցադրությանը ներկա էր շուրջ 2000 հանդիսատես Հայաստանի տարբեր համայնքներից։ Միջազգային արտիստների խումբը եւ ժամանակակից տեխնոլոգիաները շոուն դարձրել են համաշխարհային մակարդակի բեմական իրադարձություն»,- նշված է հաղորդագրությունում:
Նախագծի հեղինակ Տաթեւիկ Կարապետյանի խոսքով՝ սա պարզապես շոու չէ, այլ արվեստի միջոցով հնչող խոսք՝ ներքին ազատության եւ դժվարությունը հաղթահարելու կարողության մասին. «Մենք ETERNIA-ն ստեղծել ենք որպես պատմություն, որը կարող է հուզել յուրաքանչյուրի սիրտը, ուժ տալ եւ հիշեցնել, որ նույնիսկ ամենադժվար պահին մեր ներսում ապրում է լույսը։ Հատկապես խորհրդանշական է, որ Tashir Arena-ի առաջին հանդիսատեսը նրանք են, ովքեր բոլորից լավ են հասկանում տոկունության եւ հույսի արժեքը: Tashir Arena-ն այն վայրն է, որտեղ արվեստը միակցվում է Հայաստանի հանդեպ սիրով։ Եթե թեկուզ մեկ մարդ այսօր դուրս գա լույսի եւ ուրախության զգացումով, նշանակում է, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»։
ETERNIA-ի բեմադրությունը ղեկավարել է ռեժիսոր եւ խորեոգրաֆ Պավել Բրյունը, որի աշխատանքները կարելի է տեսնել նաեւ Cirque du Soleil-ի բեմերում։ MEDUSE թիմի հետ նա ստեղծել է շոու, որտեղ տեխնոլոգիան, շարժումն ու հույզը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։
«ETERNIA-ն մարդու ներքին աշխարհի ճանապարհորդություն է՝ պատմված լույսի, շարժման եւ ձայնի լեզվով։ Մենք ուզում էինք ոչ թե պարզապես տեսարան ստեղծել, այլ հուզական փորձառություն, որը միավորում է հանդիսատեսին իր սեփական ներաշխարհի հետ», - նշել է Պավել Բրյունը:
Ներկայացման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին եւ նրա մշակույթին՝ սկսած երաժշտությունից եւ շոուի տարրերից մինչեւ տաղանդավոր հայ արտիստների մասնակցությունը։ Շոուի մենակատարն ու գլխավոր հերոսուհին՝ Նարինե Մադունցը, տաղանդավոր երգչուհի է Հայաստանից, որի ստեղծագործական ուղին նվիրված է հայկական ժողովրդական երաժշտության պահպանմանն ու տարածմանը։
Շոուի երաժշտական ձեւավորումն իրականացրել է հայկական ծագմամբ կոմպոզիտոր եւ բազմագործիքավորող Վալերի Տոլստովը։ Ներշնչվելով հայկական ազգային մոտիվներից եւ ETERNIA-ի մթնոլորտից՝ նա ստեղծել է եզակի կոմպոզիցիաներ եւ մշակված ձեւավորումներ, որոնք ներդաշնակորեն միաձուլվում են տեսողական էֆեկտների եւ ներկայացման սյուժեի հետ։
Լուսանկարը՝ Photolure
Առանձին կարեւորություն է տրվել կենդանի կատարմանը․ ամբողջ նվագախումբը բաղկացած է տաղանդավոր հայ երաժիշտներից, իսկ արենայի ակուստիկան, որը մշակվել է համաշխարհային փորձագետների մասնակցությամբ, թույլ է տալիս առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր գործիքի հնչողությունը եւ հանդիսատեսին ամբողջությամբ ներգրավել շոուի մթնոլորտում։
«ETERNIA-ի պրեմիերան անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի ավանդույթների ոգով: Այս հատուկ ցուցադրությունը խորհրդանշում է Tashir Arena-ի սոցիալական առաքելությունը. երկրի մշակութային քարտեզի վրա ոչ միայն նոր կետ լինել, այլեւ դառնալ այնպիսի վայր, որտեղ մարդու հանդեպ ուշադրությունը, աջակցությունն ու հավատն ամեն ինչից վեր են»,- ասվում է հաղորդագրությունում:
Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, իսկ հոկտեմբերի 25-ից կսկսվեն հանրային ցուցադրությունները։
Լուսանկարները՝ Tashir Arena-ի եւ Ֆոտոլուրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: