Գեղեցիկ եւ ինքնատիպ հագուկապի կարեւորագույն բաղադրիչ կոշիկների հայ վարպետ Մամիկ Մալխասյանը, որի յուրօրինակ աշխատանքները նախընտրում են տարբեր երկրների առաջին դեմքերն ու հանրահայտ աստղերը, այլեւս ապրում եւ աշխատում է Եվրոպայում: Կոշիկի դիզայները BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է գործնական վերջին նորությունների մասին եւ ոչ միայն:
Մամիկ Մալխասյանը
-Մամիկ, տեւական ժամանակ է` քո արվեստով հետաքրքրվող մարդիկ ոչինչ չեն լսել գործունեությանդ մասին, պասիվ է նաեւ “Մամիկ” բրենդի “ֆեյսբուքյան” պաշտոնական էջը: Ի՞նչն է պատճառը:
-Անկեղծ ասած, ե̒՛ւ դադար էր, ե̒՛ւ կապված է իմ` Հայաստանից հեռանալու հետ: Իսկ սոցիալական ցանցերում պասիվությունս նորություն չէ. միշտ էլ անսպասելի կերպով “ջնջում” եմ ընկերներիս, մեկուսանում եւ սկսում հանգստանալ ամեն ինչից:
-Ո՞րն է երկրից հեռանալուդ պատճառը եւ որտե՞ղ ես բնակվում:
-Շատ եմ սիրում իմ հայրենիքը, բայց այն ինձ չսիրեց: Ես հեռացա իմ երկրից տխուր ու միայնակ, նեղացած եմ իմ հայրենիքից, բայց այդ մասին խոսել չեմ ցանկանում: Սկզբում Թբիլիսիում էի, հետո Կիեւում, այժմ ապրում եմ Իտալիայում` Վերոնա քաղաքում:
Մամիկ Մալխասյանի հեղինակած կոշիկներից
-Իսկ ի՞նչ կասես աշխատանքիդ մասին: Շարունակո՞ւմ ես ինքնատիպ կոշիկներ ստեղծել: Նոր համագործակցություններ կա՞ն:
-Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց իմ կոշիկների եւ, իհարկե, շարունակում եմ ստեղծագործել, բայց ոչ թե “Մամիկ”, այլ “Atra Domus Verona” անվան տակ. այժմ հանդիսանում եմ իտալական այս ընկերության էքսկլյուզիվ դիզայները:
-Ո՞վ է համալրել այն հայտնիների շարքը, որոնց համար կոշիկներ ես ստեղծել:):
-Վերջերս կոշիկ եմ կարել Միշել Ադամ Լիսովսկու համար, որը հանդիսանում է “Fashion TV”-ի սեփականատերը: Նրա հետ ծանոթացել եմ հրեա ընկերներիս միջոցով:
-Իսկ հայ հայտնիների հետ համագործակցո՞ւմ ես:
-Այն մարդիկ, ովքեր ինձ ընկեր մնացին այն ժամանակ, երբ ոչինչ չունեի, միշտ կհագնեն իմ կոշիկները: Նրանց թվում են Հայկոն, Արման Նշանյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Շուշան Պետրոսյանը…
Մամիկ Մալխասյանի հեղինակած կոշիկներից
-Նոր հավաքածուդ ե՞րբ ես ներկայացնելու հանրությանը:
-Ցուցադրությունը նախատեսված էր մարտի 8-ին` Կիեւում, սակայն քաղաքի անհանգիստ վիճակի պատճառով հետաձգվել է, հուսով եմ` ոչ երկար ժամանակով: Այն հեռարձակելու է “Fashion TV”-ն, ինչպես նաեւ ուկրաինական մի շարք հեռուստաալիքներ, քանի որ հովանավորվում է “Lamborghini” ընկերության Կիեւի ներկայացուցչության կողմից:
-Մամիկ, Իտալիայում աշխատելը որեւէ կերպ անդրադարձե՞լ է ոճիդ վրա:
-Միանշանակ` ոչ, որովհետեւ ունեմ սկզբունք. անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, տենդենցներին չեմ հետեւում: Միգուցե դա է պատճառը, որ իտալացիները հավանեցին եւ նման լուրջ աշխատանք առաջարկեցին: Առաջին անգամ այստեղ զգացի պատասխանատվություն:
-Քո կարծիքով` աշխատանքներումդ հատկապես ի՞նչն է գրավում նրբաճաշակ իտալացիներին:
-Գույները, նրբությունը, նաեւ այն, որ կարում եմ բոլոր կանանց համար եւ ոչ թե միայն նիհար, մեծ կրծքերով աղջիկների, որ ներքնազգեստով նկարվում են հայելու առջեւ:
Մամիկ Մալխասյանը
-Հայաստանյան նորաձեւության շաբաթին մասնակցության հրավեր ունե՞ս եւ արդյոք կմասնակցե՞ս:
-Օ~…,իհարկե, ստացել եմ (ծիծաղում է-հեղ.), բայց ես շատ փոքր մարդ եմ նման մեգադիզայներների հետ ոտք գցելու համար, բացի այդ, Ստամբուլից ապրանք չեմ բերում Երեւանում վաճառելու համար…
-Կարիերայում շարունակում ես հաջողություններ գրանցել, իսկ ի՞նչ կասես անձնականիդ մասին:
-Արդեն 15 տարի իմ սիրտը պատկանում է նրան, ով այժմ կինս է` բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը: Ունենք դուստր` 15-ամյա Մարիան:
Զրուցեց Վեգա Անդրիասյանը
Լուսանկարները տրամադրել է Մամիկ Մալխասյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: