×


«Սիմֆոնիկ Հայկո»-ն Գառնիի տաճարում՝ հուզմունքով, թախիծով, վայելքով եւ առաջին անգամ հնչող «Հավատա»-ով

Սիրո հավերժ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի ընկերներն ու երկրպագուները հրաշալի գիտեն ե՛ւ նրա ստեղծագործությունները, ե՛ւ անցած ճանապարհը։ Բայց ամեն անգամ, երբ նրան նվիրված համերգ է տեղի ունենում, Հայկոն բացահայտվում է նորից՝ կարծես առաջին անգամ։ Այս անգամն էլ բացառություն չէր։

Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից լսվում էր սիրելի արտիստի ձայնը, եւ քայլերդ ուղղվում էին հենց այդ հնչյունների ուղեկցությամբ։


«Ի՞նչ կասեր Հայկոն, եթե հիմա այստեղ լիներ։ Երեւի կհարցներ. «Տխրո՞ւմ եք, որ հեռու եմ»։ Իսկ մենք կպատասխանեինք՝ այո՛, տխրում եւ կարոտում ենք։ Ինքն էլ կասեր․ «Ես ձեզ հետ եմ ամեն անգամ, երբ լսում եք իմ երգերից մեկը, երբ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ հիշում է ինձ»»:

Այս խորհրդավոր երկխոսությամբ էլ բացվեց «Սիմֆոնիկ Հայկո» խորագիրը կրող համերգը, եւ Սոնա Ռուբենյանի կատարմամբ հնչեց «Վերեւ» ստեղծագործությունը։




««Վերեւ»-ը պարզապես երգ չէ ինձ համար։ Այն կապված է իմ անձնական պատմությունների հետ։ Երազում էի, որ հնչեր հարսանիքիս օրը եւ դառնար իմ սիրո երգը։ Բայց վերջին անգամ «Վերեւ»-ը  շատ ցավոտ տեղից հնչեց... Հուզիչ էր այն երգել համերգի հենց սկզբում։ Ապրումներս չեմ կարող նկարագրել․ հետո կզգամ՝ ինչի միջով անցա։ Երբ բեմից իջա, ուժասպառ էի։ Հայկոյի շունչը բեմում էր։ Նույնիսկ փորձերի ժամանակ ես զգացել եմ այդ ուժը։ Նրա երգերը յուրաքանչյուրիս սրտի երգերն են»,- խոստովանեց երգչուհին: 


Երբ մայրամուտն իջավ Գառնու հնագույն տաճարի վրա, բաց երկնքի տակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին տարավ հայկոյական հնչյունների աշխարհ։


Բեմում էին Արսեն Սաֆարյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Ներսես Ավետիսյանը, Բրյունետը, Մաշա Մնջոյանը, Կամո եւ Սեդա Սեյրանյանները, Սրբուհի Սարգսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռոբերտո Կել Տորեսը, Սյուզաննա Մելքոնյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Սեւակ Ավանեսյանը, Աննա Անդրեասովան եւ Դավիթ Թադեւոսյանը։


Համերգի ամենահուզիչ պահը եղավ, երբ առաջին անգամ հնչեց Հայկոյի «Հավատա» երգը՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Այն կարծես նոր պատմություն էր պատմում։ 


«Արտիստի մահից հետո այս երգը բոլորովին այլ կերպ է ընկալվում։ Ընկերներով շատ ենք խոսել այդ մասին։ Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչու Հայկոն այսպիսի բառերով երգ ստեղծեց։ Ավետի գրած խոսքերը կարծես մի նոր իրականություն են պատմում»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց համերգի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: 

Հավատա, այն սիրտը, որ սիրով է լի,
Կյանքից հետո չի դադարի։
Հոգին այն, որ հույսով է լի,
Կյանքից հետո կզգաս կողքիդ էլի։
Ամենքի սրտում սրտիցդ կա մի մաս,
Որտեղ կան երկուս՝ այնտեղ դու կաս։





Այդ երեկո բոլորն էլ նույն զգացողությունն ունեին՝ Հայկոյի երգերը պետք է փոխանցվեն հաջորդ սերունդներին։ Տասնամյակներ անց էլ, երբ նոր մարդիկ պատահաբար լսեն այս մեղեդիները, անպայման կզգան՝ ինչ-որ բան մնացել է: Մնացել է առանց ժամկետի, առանց ավարտի։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW