×


Մարինա Մարտիրոսյանը դստեր հետ ազգային տարազով է լուսանկարվել

«Արդեն երկու տարի է`ստեղծել եմ «Նաիրյան աղջիկ» նախագիծը: Այն իմ աշխատանքների մեջ բավականին մեծ ու կարեւոր տեղ ունի: Այդ նախագծով օտար երկրում ապրող հայերին կոչ եմ անում, որպեսզի չմոռանան իրենց արմատները, լեզուն եւ հայ լինելը: Այն, որ Մարինան ապրում է օտար երկրում, բայց իր բալիկներին մեծացնում է հայեցի, շատ գովելի է: Ֆոտոշարքի հերոսներին ընտրելիս ինձ համար կարեւորագույն պայմաններից են բնական գեղեցկությունն ու խարիզմատիկ արտաքինը»,- հենց այս սկզբունքով է մոսկվայաբնակ լուսանկարիչ Լիլիթ Շահբազյանն իր նախագծի կերպարներ ընտրել Մարինա Մարտիրոսյանին եւ նրա դստերը`Ռաֆայելլային:

«Անչափ հետաքրքիր ու գեղեցիկ եմ համարում Լիլիթ Շահբազյանի նախագիծը: Միշտ հետեւում եւ հիանում էի: Ընդհանուր ընկերոջ միջոցով ծանոթացանք Լիլիթի հետ: Երբ նա առաջարկեց լուսանկարվել այս նախագծում, անմիջապես համաձայնեցի, քանի որ ինքս էլ ցանկություն ունեի»,- BRAVO.am-ին պատմել է Մարինան եւ հավելել, որ առաջարկն ընդունելուց հետո հանդիպել են լուսանկարչի հետ, քննարկել հագուստը, ոճը եւ անցել աշխատանքի:

Մարինա Մարտիրոսյանը


Այն իր եւ դստեր համատեղ առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքն է:

Պարուհի-հաղորդավարուհին նշել է նաեւ, որ առաջին անգամ չէ, որ տարազ է կրում, հաճախ է տարազով պարային ելույթներ ունեցել: Ինչպես ինքն է նշել, ազգային պատկանելության հետ անմիջական շփում է ստեղծվում այդ հագուստով, դառնում ես հայկական մշակույթի մասնիկ, հետեւաբար՝ պետք է հավուր պատշաճի կրել`առանց ավելորդությունների:

Տարազի հանդեպ հայ երիտասարդության շրջանում օր օրի ավելացող սերն ու ուշադրությունը Մարինային շատ է դուր գալիս:

Մարինա Մարտիրոսյանի դուստրը


Ֆոտոշարքի ընթացքի ու հետաքրքիր պահերի մասին խոսելիս հաղորդավարուհին ասել է. «Թեեւ այդ օրերին ցուրտ ու քամոտ էր եղանակը, մեր նկարահանման ժամանակ արեւ բացվեց: Ուրախացել էինք, սակայն կարճ ժամանակ անց սեւ ամպեր կուտակվեցին եւ անձրեւ տեղաց: Մի քանի կադր ստացել ենք անձրեւի ներքո: Շատ հետաքրքիր էր անցնում: Այսօր արդեն այդ լուսանկարներին նայելիս՝ հուզումնալից ու հուզառատ ապրումներ եմ ունենում»:

Մարինան անկեղծանում է. սիրում է լուսանկարվել, որովհետեւ լուսանկարները հիշողություններ են դառնում: Կարծում է`դրանք «ստոպ կադրեր» են, որոնք մնայուն ու գեղեցիկ են:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Շախպազյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW