×


Մարինե Գյուլումյան. «Առաջինն ամուսինս շնորհավորեց, ընդ որում` հայերեն»

Փարիզում բնակություն հաստատած Մարինե Գյուլումյանին եւ նրա դուստրերին` Մադլենին ու Բելլա Նազենիին BRAVO.am-ը լուսանկարեց նրանց նախորդ այցելության ժամանակ: Հայ երգիչների համար բազմաթիվ երգեր գրած երգահանը թեեւ այժմ ավելի շատ ստեղծագործում է ֆրանսիացիների համար, սակայն կապը հայրենիքի հետ պահպանում է եւ դուստրերին էլ դաստիարակում իր օրինակով: Հունիսի 7-ին երաժիշտը նշել է ծննդյան օրը, ինչի առթիվ էլ BRAVO.am-ը կապ է հաստատել նրա հետ ու զրուցել ծննդյան տոնը նշելու, նաեւ ստեղծագործական նորությունների մասին:

Մարինե Գյուլումյանը


- Ի՞նչ միջավայրում այս տարի նշեցիք Ձեր տարեդարձը:

- Այս տարի քույրս ու իր ամուսինը մեծ անակնկալ էին պատրաստել՝ հրավիրելով տարեդարձս անցկացնելու Ստրասբուրգ քաղաքից ոչ հեռու։ Նրա ամուսինը իտալացի խոհարար է եւ այնպիսի հետաքրքիր ու էկզոտիկ կերակրատեսակներ էր պատրաստել, որ ես երբեւէ չէի համտեսել։ Ինձ համար ինքնատիպ ու անմոռանալի օր էր։

- Ու՞մ կողմից էր առաջին շնորհավորանքը, երեխաներն ինչպե՞ս շնորհավորեցին:

- Առաջինը՝ հենց կեսգիշերին, ամուսինս շնորհավորեց, ընդ որում՝ հայերեն։ Իհարկե, հաճելի է սպասված նվեր ստանալը, բայց ինձ համար դրանից առավել կարեւոր էր իր՝ հաճոյանալու ջանքեր չխնայելը:): Ինչ վերաբերում է աղջիկներիս, Մադլենը նկարչության տեսքով գեղեցիկ անակնալ մատուցեց, իսկ Բելլան, լինելով ընդամենը մեկ ու կես տարեկան, զարմացրեց ինձ՝ ձայնակցելով տարեդարձի երգին, որ ինձ համար կատարում էր մեր ընտանեկան “երգչախումբը”։

Մարինե Գյուլումյանը` դուստրերի հետ


- Ինչպե՞ս եք վերաբերվում սեփական ծննդյան տարեդարձին: Սիրո՞ւմ եք այդ օրը:

- Չեմ առանձնացնում հունիսի 7-ը որպես կարեւորագույն օր, կարծում եմ, դա է պատճառը, որ երբեք չեմ կարողանում մտապահել իմ տարիքը։ Երեւի հունիսի 6-ն ինձ համար ավելի է կարեւորվում Արամ Խաչատրյանի ծննդով, քան հունիսի 7-ը՝ իմ սեփական տարեդարձով ։):

- Իսկ ո՞րն էր ստացած լավագույն բարեմաղթանքը կամ նվերը:

- Քանի որ վատ նվեր չի լինում, դժվար կլինի առանձնացնել լավագույնը։ Բազմաթիվ բարեմաղթանքներ եմ ստացել աշխարհի տարբեր ծայրերից տարբեր լեզուներով, ընդ որում՝ մի քանիսը տպավորվել են իրենց օրիգինալությամբ, բայց չեմ առանձնացնի հեղինակների անունները՝ չցանկանալով վիրավորել կամ թերագնահատել մյուսներին։

Մարինե Գյուլումյանն՝ ամուսնու եւ դուստրերի հետ


- Ինչպիսի՞ն եք պատկերացնում կատարյալ ծննդյան օրը, որ դեռ երբեւէ չեք նշել:

- Գուցե լինել բեմում ու նշել իմ տարեդարձը ստեղծագործական մոտեցմամբ հանդիսատեսի հետ միասին։

- Իսկ ի՞նչ ստեղծագործական նորություններ կան:

- Ուրախ եմ, որ ինձ համար նոր երգային ժանր բացահայտեցի՝ շնորհիվ ֆրանսիացի ճանաչված ու սիրված երգչուհի Ժուլի Զենատիի: Վերջերս հանդիպեցի նաեւ Պատրիկ Դեւեջյանին, ում հետ փորձում ենք իրականացնել իմ երկու համերգների հետ կապված նախագծերը:

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Մարինե Գյուլումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW