Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, 2001 թվականին ընդունվելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, դրել է իր մանկության երազանքն իրականացնելու հիմնաքարը: Այսօր արդեն դերասանուհին հասցրել է կերտել բազմաթիվ դերեր ինչպես թատրոնում, այնպես էլ նկարահանվում է ֆիլմերում եւ սերիալներում: BRAVO.am-ն նա պատմել է “Արմենիա TV”-ի նոր` “3 կյանք” հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի մասին եւ ոչ միայն:
Մարջան Ավետիսյանը
Ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ համարում: Հնարավոր է` ամբողջ կյանք պահանջվի դրա համար: Չգիտեմ` կգա՞ մի օր, որ ինձ կհամարեմ պրոֆեսիոնալ:
“Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալի ավարտից հետո ստացա նոր սերիալում նկարահանվելու առաջարկ: Այն ընդունեցի մեկ պայմանով` նոր կերպարս պետք է էապես տարբեր լինի նախորդ կերպարներիցս:
Մարջան Ավետիսյանը եւ Արտաշես Ալեքսանյանը
Լիան, ի հակադրություն Գայանեի, իր տեսակով ավելի մոտ էր իմ կյանքային կերպարին: Լիան զոհ էր, իսկ Գայանեն առաջնորդվում է “Նպատակն արդարացնում է միջոցները” կարգախոսով:
Իմ խորին համոզմամբ, չար կամ բարի մարդիկ չեն լինում, ուստի դերասանը կերպարը կառուցելիս պիտի կարողանա նրան ճանաչել, իսկ պաշտպանելու համար` պատճառաբանել ու արդարացնել նրա յուրաքանչյուր արարքը:
Մարջան Ավետիսյանը
Հակառակ իր ընդգծված չարության` իմ նոր կերպարը նաեւ նուրբ եւ թույլ է լինում: Նրա չարության առաջին պատճառն այն է, որ չի կարող մայրանալ: Գայանեն գուցե ավելի հաջողակ ու բարի լիներ, եթե իր ընտանիքում իրեն չթերագնահատեին: Փորձում եմ կառչել այդ երկու կեռիկից ու պաշտպանել նրան:
Գայանեն ինձ նման չէ եւ հենց դրանով էլ գրավում է ինձ:
Սերիալից դուրս երեք քույրերով համերաշխ ենք: Ես եւ Անի Պետրոսյանը 12 տարվա ընկերուհիներ ենք:
Մարջան Ավետիսյանը եւ Անի Պետրոսյանը
Սերիալում ոճային փոփոխությունը նպատակային է: Մեզ հետ աշխատում է ոճաբան, որին վստահված է մեր տեսքը:
Թատրոնում եւ սերիալային աշխատանքներից բացի, որոշ ժամանակ նաեւ ուղիղ եթերում վարել եմ “Բարի լույս, հայեր” հաղորդումը: Շատ բարդ էր, ես դրան պատրաստ չէի: Գուցե հետո էլ որպես հաղորդավար հանդես գամ, բայց ուղիղ եթերներից կխուսափեմ:
Անձնական կյանքում փոփոխություն չկա: Հուսով եմ` շուտով կլինի: Պարզապես պետք է ցանկություն եւ տրամադրվածություն, վիճակ, որին դեռ չեմ հասել:
Մարջան Ավետիսյանը
Երբեք չեմ ընտրի դերասանի մասնագիտությամբ տղամարդու:
Դերասանուհի դառնալը մանկության ծածուկ երազանք է եղել, որը փորձում եմ լիարժեք իրականացնել: Ընտանիքս դեմ էր, բայց հիմա սիրում ու գնահատում է իմ մասնագիտությունը: Երբեմն տանջվում են, երբ էկրանին տեսնում են իմ տխուր ու թաց աչքերը: Ասում են`“Դու ապրումներ ես ունենում, իսկ մենք հանգիստ նստած ենք հեռուստացույցի առջեւ”:
Շատ երազանքներ ունեմ, բայց չեմ ասի, որ իրականանան… Գուցե սնահավատ եմ, չգիտեմ:
Մարջան Ավետիսյանը
Շատ եմ ուզում, որ մարդիկ, ովքեր հաճախ քննադատում են սերիալները, այդ նույն հաճախականությամբ հետեւեն դերասանի աշխատանքին: Ուզում եմ, որ դժգոհելու հավերժական սինդրոմը օտար դառնա հայ մարդուն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի եւ Մարջան Ավետիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: