Գագիկ Հարությունյանի լուսանկարչական մի շարք աշխատանքներ BRAVO.am-ն արդեն ներկայացրել է: Լուսանկարիչը վստահ է` հաջողության եւ ցանկալի արդյունքի կարելի է հասնել ինքնակրթությամբ. “Հատուկ դասընթացների չեմ գնացել, լուսանկարչության գաղտնիքները բացահայտել եմ՝ համապատասխան գրքեր կարդալով, համացանցը փորփրելով ու շատ լուսանկարելով”:
Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը
Մոտ երկու տարի լուսանկարչությամբ զբաղվող Գագիկը կարծում է` ավելիին կօգնի հասնել աշխատասիրությունը, թեեւ լուսանկարչությունն իր նախասիրությունն է, ոչ թե հիմնական մասնագիտությունը: Ֆոտոխցիկը ձեռքը վերցնելով` սկզբում նա լուսանկարել է բնության պատկերներ, այնուհետ հմտացել է՝ լուսանկարելով մոդելներին. “Քանի որ ինձ չէին ճանաչում, ցույց էի տալիս նախորդ աշխատանքներս` բնանկարները, եւ մոդելները հիմնականում համաձայնում էին: Եթե նրանց դուր է գալիս զգեստը, վայրն ու մթնոլորտը, այդ ամենը համահունչ են լինում, կարողանում եմ ստանալ իմ պատկերացրած կադրերը: Բարդ է գտնել հետաքրքիր կերպարներ ու զգեստներ, որոնք քո լուսանկարը միջազգային չափանիշներին համապատասխան կդարձնեն”:
Մոդել Սեդա Սերոբյանը
Լուսանկարիչն իր աշխատանքներից պարբերաբար տեղադրում է իտալական “Vogue”-ի կայքում, դրանցից մեկը ցուցադրվել է Միլանի պատկերասրահներից մեկում. “Հաղթանակի զբոսայգուց լուսանկարել եմ Մաշտոցի պողոտան, որն աննկատ չմնաց “Vogue”-ի կողմից: Խմբագրությունն Իտալիայում 101 լուսանկարչի աշխատանքներով ցուցահանդես կազմակերպեց: Այս լուսանկարս 500 եվրո էին գնահատել՝ ներկայացնելով աճուրդային վաճառքի, բայց այն չի վաճառվել”:
Գագիկ Հարությունյանի՝ Իտալական "Vogue"-ի կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված աշխատանքը
Գագիկի լուսանկարած մեկ այլ աշխատանք էլ առաջիկայում կներկայացվի Փարիզի “Սակուռա” պատկերասրահում: Սեպտեմբերի 17-ին մեկնարկելիք ֆոտոցուցահանդեսին 60 լուսանկարչի աշխատանքների շարքում տեղ կգտնի նաեւ ռուս մոդել Լիլիանա Բարսկայայի լուսանկարը, որն արվել է Սեւանում. “Ուրախալի է, որ Եվրոպայում գեղանկարչական աշխատանքներից բացի որպես արվեստի նմուշ շատ են վաճառվում լուսանկարները: Հիմա ձգտում եմ ավելի վարպետորեն աշխատել, որ նոր կադրերս տարբերվեն նախորդ աշխատանքներիցս ու ավելի գեղեցիկ ստացվեն”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: