Միշոն հավատացած է` ռեփով կարելի է բարեփոխումների հասնել: Նա երազում է, որ քաղաքական դաշտում օրինակելի մարդիկ լինեն, իրեն տեսնում է քաղաքականության մեջ, բայց “դրանով զբաղվելու հավես չունի”: “Հայկական ռեփի պարտեզում” նոր անհատականությունների ի հայտ գալն ու ռեփի զարգացումը ուրախացնում են ռեփերին: Միշոն գժվում է իր երգերի համար, նա BRAVO.am-ի հետ զրուցել է դրանց վերնագրերով :):
Միշոն
“Լիքը ասելիք ունեմ…”. Միշո
Ես դիմում եմ հայերին. ուզում եմ, որ բոլորը սկսեն մտածել: Հայերը վիրուս ունեն. ուրիշի կարծիքով են ապրում, որը պայմանավորված է կոմպլեքսներով: Մարդիկ նույնիսկ ամաչում են մտածել, թե “կարան ըտենց մտածեն”, արդյունքում 100-ից 99-ը առաջնորդվում է մեկի կարծիքով: Երբ ինքնուրույն մտածեն եւ իրենց ուզածի պես վարվեն, ավելի լավ կլինի: Մարդիկ սեփական մտածելակերպի պակաս ունեն:
Չուզողություն. համաճարակ, որի բուժումը պետք ա սկսել շատ վերեւներից:
Ենթատեքստ. երգեր կան, որոնց տողատակը քչերն են հասկանում: Այդպես է պետք…
Պինդ մնա. հունից դուրս գալով` պարտվում ես: Այդ ժամանակ դու քեզ չես տիրապետում` սխալներ անելու հավանականությունը մեծացնելով: Հունից դուրս գալս վերջերս մարդիկ չեն էլ նկատում:
Միշոն
Ուղղակի մտքերը միշտ կան: Միտք ա եկել, ավտոմեքենա վարելիս եմ եղել, կանգնել եմ, գրել, որ չմոռանամ:
Քաղաքը լավ գիտի. սկզբում քչերն էին հասկանում` սա այն մարդկանց մասին է, որոնք լավ գիտեն, թե ինչ է կատարվում այս քաղաքի հետ, նրանց չես կարող խաբել:
Ներելը չի ստացվում. գուցե ներենք, երբ ընդունեն, իսկ ընդունելը... չեմ հավատում:
Ագրեսիվ. խելամիտ քայլերով ագրեսիան եմ ընդունում, իսկ միշտ բարի լինելը հիմարություն ա: Երգը դեռ չլսած շատ մարդիկ մտածում էին, որ ագրեսիվ գործ է, բայց հանգիստ երաժշտություն է հնչում, ուղղակի խոսքերն են ագրեսիվ: Սիրում եմ ագրեսիան ցույց տալ հանգիստ, խելացի քայլերով:
Հանգիստ տար. անհանգիստ տանելն էլ է “կրվել”:
Զարմացրա. ինձ կզարմացնի կատարյալ լինելը:
Միշոն
Նվիրում եմ ինձ. լավ ձի կուզեի նվեր ստանալ:):
Արձակուրդ. ցավոք, ապրում ենք մի երկրում, որտեղ քո սիրած զբաղմունքը բավարար չէ, որ միայն դա անես ու հանգիստ ապրես: Շատերը զարմանում են, թե ոնց ենք կարողանում ամեն տարի ալբոմ, սինգլ ու տեսահոլովակ թողարկել. եթե այլ գործերով չզբաղվեինք, դրա եռակին կանեինք:
Չիմանայիր. բոլորս էլ ունենք գաղտնիքներ:
Ունեմ հարուստ սիրտ, բայց “ջեբս” փող չկա. չծախեք էդ սիրտը:
Տոկոսով սեր. տոկոսը միշտ պետք է ավելանա, որ սերը շատանա:):
էսօր սեւ եմ հագել. հիմա սեւ ամենաքիչն եմ հագնում, կարմիրն եմ սիրում, շագանակագույնը, սպիտակը:
Միշոն
“Ըտենց տարիք ա…”
Քուչից ստե. լիքը բան ա փոխվել էդ ճանապարհին: Մարդու կյանքում ինչքա՞ն բան կփոխվի 20-ից 28 տարեկանում. իմ հին բոլոր երգերը կխմբագրեի հիմա: Մեկ-մեկ ես ու Սերժոն մտածում ենք` կլսեի՞նք “Հայ տղեք” խմբին, եթե այն հիմա լիներ… Իր ժամանակին այն շատ ճիշտ ու շատ ուժեղ էր, չի կարելի փնովել, չնայած` հիմա 100 անգամ ավելի լավ ա ստացվում մոտդ: Կյանքիս այդ ժամանակահատվածում էլ նման թեմաների մասին էի մտածում:
Ըտենց տարիք ա. արդեն ընտանիք ստեղծելու թեմաներ են առաջացել` կամաց-կամաց: Իբր Սարի թաղում պսակվել էի... :) Նշանվել էլ չի եղել երբեք: Ոնց որ գտել եմ կեսիս, բայց բաներ կան, որ ժամանակին պետք է ասվի…Սիրտս ինչ-որ վառվում ա:):
Իմ ու քո համար. իր համար շատ բան կանեմ, համարյա ամեն ինչ:
Մութա. անկախ տարիքից, կրակը պետք ա միշտ վառ պահել ու հետեւել, որ չհանգի, թե չէ “մութ” կլինի, այդ դեպքում պետք ա անկեղծ լինել:
Սերժոն եւ Միշոն
Միշոյի “չափը”
Ես կբուժեմ խոսքով ու երգով: Բժշկական համալասրանն եմ ավարտել, բայց դժվար մասնագիտությամբս մեկին բուժեմ: Որոշ մարդկանց բուժել եմ երգերով, ինչն ինձ ոգեւորում ա:
Սաղ հիշում եմ. հիշում եմ ամեն ինչ ու ամենքին, որոնց շնորհիվ ես այնտեղ եմ, կապ չունի հիմա իրենց հետ հարաբերություններ կան, թե` ոչ: Չի կարելի անցյալի հանդեպ անշնորհակալ լինել:
Չե՞մ կարա. մանկուց սիրել եմ, երբ ասում են` չես կարա, ու ապացուցում եմ հակառակը: Չեմ կարա չկարողանամ:):
Միշոյի չափը. նպատակ դնելու ու դրան հասնելու ուժին չափ չկա:
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Վահան Ստեփանյանի, Դավիթ Գալստյանի եւ Միշոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: