×


«ԱրմենиЯ» ֆիլմի պրեմիերային

Միքայել Արամյանի եւ ռուս պրոդյուսերի կատակները «ԱրմենиЯ»-ի պրեմիերային

«ԱրմենиЯ» հայ-ռուսական համատեղ արտադրության նոր ֆիլմն այսօրվանից մեծ էկրանին է։ Երեկ կայացած պրեմիերային ֆիլմի անձնակազմն ու հյուրերն անցել են կարմիր գորգով, ապա առաջինը գնահատել նոր կինոարտադրանքը։

Լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ մոսկվաբնակ դերասաններ Միքայել Արամյանը, Կարինա Գոնդագսազյանը, նաեւ Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Սամվել Թոփալյանը, Սաթիկ Հախնազարյանը, Վրույր Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, հատուկ նկարահանումների համար Հայաստան են ժամանել Չարլի Արմսթրոնգը, «Եվրատեսիլ 2017»-ի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման:

«ԱրմենиЯ» ֆիլմի պրեմիերային


Դրամայի վերնագիրը բառախաղ է`«Արմենն ու ես», գործողությունների վայրն էլ Հայաստանն է։ Այն ընկերության, դավաճանության, պատանեկան սիրո, ներողամտության եւ ավտոմրցարշավների մասին է։ 1 ժամ 27 րոպե տեւողությամբ ֆիլմի նկարահանումներն անցել են 2017-ի ընթացքում՝ Հայաստանում, Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի գլխավոր ռեժիսորը ռուսաստանաբնակ Մաքսիմ Հայրապետովն է, որը ներկա չէր փակ դիտմանը։ Սցենարը գրել են Սեւադա Գրիգորյանը՝ Եգոր Գլումովի եղբայրը, Մաքսիմ Հայրապետովը, Նադեժդա Պետրովան։

Ըստ սյուժեի՝ երեւանցի Լեւոնն/Սոս Ջանիբեկյան/ ու Արմենը/Միքայել Արամյան/ մանկության ընկերներ են, ավտովթարի արդյունքում Լեւոնի փոխարեն մանկական գաղութում հայտնվում է Արմենը։ 16 տարի անց Լեւոնը գործարար է դարձել ԱՄՆ-ում, իսկ մեքենաների սիրահար Արմենը տաքսիստ է, նաեւ մասնակցում է ավտոմրցարշավների։ Երեւանում պատահական հանդիպումը ստիպում է նրանց վերանայել անցյալի չպարզաբանված խնդիրները, ներել ու հաշտվել: Ֆիլմում ներկայացվում են հերոսների մանկության հուշերը եւ զուգահեռ ներկա իրադարձությունները։

Ֆաինա Հարությունյանը


Պրեմիերայի գլխավոր դեմքը Միքայել Արամյանն էր, որի հետ լուսանկարվելու համար հերթ էր գոյացել, փակ դիտմանը կարողացել էին ներկա գտնվել նաեւ նրա երկրպագուները։ Միքայելի համար առաջին ֆիլմն է հայրենիքում, նա ընտանիքի անդամների հետ անհամբեր սպասում էր առաջին ցուցադրությանը. «Տարին երեք-չորս անգամ գալիս եմ Երեւան, այս անգամ մայրս ու եղբայրս եկել են ոգեւորելու։ Հաճույքով այստեղ հանգստանում եմ, առաջարկների դեպքում նաեւ աշխատում։ Առհասարակ, մեծ հաջողություն է, որ սիրելի գործով ես զբաղվում»։

Այն հարցին, արդյոք նպատակ ունի տեղափոխվելու Հայաստան, դերասանը հումորով է պատասխանել. «Միգուցե վերադառնամ ու իմ հերոսի նման տաքսիստ դառնամ:)։ Ամեն ինչ կախված է այս ֆիլմի հաջողությունից, կամ կշարունակեմ իմ սիրելի աշխատանքով զբաղվել, կամ էլ տաքսի կվարեմ»։

«ԱրմենиЯ» ֆիլմի պրեմիերային


Միքայելի բնորոշմամբ՝ այս ֆիլմում նկարահանվելը հետաքրքիր, նաեւ անսովոր փորձառություն էր, քանի որ նախկինում երբեւէ ամբողջությամբ հայերենով չէր խոսել։ Նշենք, սակայն, վերջնական տարբերակում նրա ձայնը հնչյունավորել է այլ դերասան. «Հայերեն մի քիչ խոսում ու հասկանում եմ, բայց ֆիլմում բարդ էր երկար բառերը ճիշտ արտաբերելը, դա էլ հետաքրքրացնում էր աշխատանքս։ Ինձ համար սկզբունքային էր, որ հայրենիքում նկարահանվեմ, մանավանդ, որ ֆիլմում ներկայացվում են Հայաստանի տեսարժան վայրերը։ Կարծում եմ՝ այլազգիների համար գրավիչ կլինի, կցանկանան այցելել Հայաստան»։

«АрмениЯ»-ի պրոդյուսերները Հայաստանից ու Ռուսաստանից են, երեւանյան պրեմիերային ներկա էր ռուս պրոդյուսեր Նադեժդա Պետրովան, որի փոխանցմամբ՝ ֆիլմը շուտով կցուցադրվի Ռուսաստանում, Ֆրանսիայում, կներկայացնեն կինոփառատոններին, սակայն դժվարացավ հստակ ամսաթվեր նշել. «Մեր նպատակն էր Հայաստանի մասին էսթետիկ ու գեղեցիկ կադրերով ֆիլմ ստանալ եւ կոտրել կարծրատիպերը»։

«ԱրմենиЯ» ֆիլմի պրեմիերային


Ռուս պրոդյուսերի խոսքով՝ բյուջեն բավական մեծ է, սակայն կրկին չի մանրամասնել. «Երեւանում հրաշալի թիմ ենք հավաքել, գոհ եմ գործընկերներիս աշխատանքից։ Հայերի հետ աշխատելուց հետո կարող եմ ամեն տեղ աշխատել», - կատակել է նա ու հավելել, որ նախնական սցենարը նկարահանման ընթացքում շատ փոփոխությունների է ենթարկվել, որոշ տեսարաններ ամբողջությամբ մոնտաժել են։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport