Անահիտ Շահբազյանն օրերս ներկայացրեց նոր տեսահոլովակ , հիմա էլ պատրաստվում է իր ակումբային մենահամերգին, որը տեղի կունենա մայիսին. “Այն կազմակերպելու առաջարկն արել է ընկերներիցս մեկը, որի ով լինելն ավելի ուշ կբացահայտեմ: Քանի որ իմ երգացանկի երգերն այդքան ճանաչված չեն, կատարելու եմ նաեւ արտասահմանյան հայտնի գործեր: Հանդես կգամ բենդի ու բեք-վոկալիստների հետ”:
Անահիտ Շահբազյանը
Երգչուհին հույս ունի` իր նոր տեսահոլովակի երգը հանդիսատեսը կսիրի, որից հետո հաջորդաբար կներկայացնի հայալեզու նոր երգեր: “Վերջինն է ծիծաղում” երգի խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, երաժշտությունը` Էդգար Ալեքսանյանը. “Չգիտեմ` հիթ կդառնա, թե` ոչ, բայց շեշտը դրել ենք որակի վրա”:
Խոսելով տեսահոլովակի մասին` Անահիտը նշել է, որ այն նկարահանվել է Իսպանիայում, երբ 2012-ի ամռանը երգչուհուն հրավիրել էին ելույթ ունենալու “Costa Blanca Fashion Week”-ի շրջանակում: Ռեժիսորը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է, օպերատորը` Դավիթ Վարդանյանը, իսկ մոնտաժն արել է էդուարդ Մատենցյանը:
Անահիտ Շահբազյանը
“Շուտ էինք մեկնել, քանի որ ասել էին` պետք է երգեմ Բրունո Մարսի հետ, բայց որոշ պատճառներով նա չեկավ, մենք էլ ազատ օրեր ունեինք: Տիգրանն առաջարկեց ժամանակը հանգստին նվիրելու փոխարեն տեսահոլովակ նկարել: Այնքան հանպատրաստից էր. տեղում զգեստ ենք գնել, ամեն ինչ շատ արագ ենք կազմակերպել, “կլիպի տղան” էլ մոդելային մրցույթի աֆրիկացի հաղթողն էր: Նրանք այս տեսահոլովակն ինձ նվեր են արել. գումար չեմ ծախսել”,-պատմել է նա:
Անահիտ Շահբազյանը եւ Մկրտիչ Արզումանյանը
Երգչուհու` 2008-ին նկարահանված “Սպասիր ինձ” առաջին տեսահոլովակը եւս նվեր է. “Եղբայրս` Մկրտիչ Արզումանյանն էր ֆինանսավորել ու նվեր արել, ինչի համար շնորհակալ եմ ու հպարտ: Իմ պապիկն ու Մկոյի տատիկը հարազատ քույր ու եղբայր են”:
Անահիտ Շահբազյանը տեսահոլովակի մասին դրական կարծիքներ է լսել. “Դեռ սուր բացասական արձագանքներ չեն եղել, չնայած` սպասում եմ քննադատությունների: Վատ կարծիքներից չեմ նեղսրտում, դուրս եմ եկել այդ տարիքից, բնական է, որ բոլորի համար չեմ կարող սիրելի լինել”:
Անահիտ Շահբազյանը
Անահիտն այժմ երգում է երեւանյան ակումբներում, “Հայաստանի ձայնը” հեռուստանախագծում ներկայանում է որպես բեք-վոկալիստ, ասում է` գումար աշխատելն ու երաժշտության մեջ հասունանալը միաժամանակ է իրականացնում. “Օր օրի ավելի եմ գնահատում բեք-վոկալիստի աշխատանքը, որը սոլո-կատարողին օգնում է ավելի լավ երգել”:
Անահիտը սովորել ու աշխատել է Երգի թատրոնում.“Գալիս է մի շրջան, որ ուզում ես որպես անհատ ներկայանալ: Արթուր Գրիգորիչին տեղյակ պահեցի իմ որոշման մասին ու դուրս եկա, որովհետեւ խմբակային երգերում չէի կարողանում տեղավորվել ու հաճույք ստանալ”:
BRAVO.am
Լուսանկարները` Անահիտ Շահբազյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: