×


Մկրտիչ Արզումանյանին այսպիսին դուք դեռ չեք տեսել:)

Օպերային երգիչ, դերասան եւ ռեժիսոր Արման Նշանյանը նոր ներկայացում է բեմադրել, որի գլխավոր դերերում Մկրտիչ Արզումանյանն ու Սաթենիկ Հախնազարյանն են: Մկոն, ում մեծ մասամբ կարելի է տեսնել կատակերգական դերերում, այս անգամ հանդիսատեսին ներկայանում է դրամատիկ կերպարով: «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»՝ այսպես է կոչվում նոր բեմադրությունը, որն արվել է Նիլ Սայմոնի հայտնի պիեսի հիման վրա: Ներկայացման առաջնախաղը երեկ էր՝ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: BRAVO.am-ը զրուցել է ռեժիսորի եւ դերասանների հետ, լուսանկարել նրանց եւ հյուրերին:

Մինչ ներկայացման մեկնարկը կուլիսներում հանդիպեցինք Արման Նշանյանին եւ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք բեմադրության մասին: Ռեժիսորի խոսքով՝ գաղափարը պրոդյուսեր Արման Միտոյանինն է եղել, ով անձամբ համախմբել է իրեն, Մկրտիչ Արզումանյանին, Սաթենիկ Հախնազարյանին եւ մյուս դերակատարներին. «Նա առաջարկեց դասական ներկայացում բեմադրել Մկոյի մասնակցությամբ, եւ այդ միտքն ինձ շատ դուր եկավ: Ես իմ պիեսների ցանկից, որ ունեմ համալսարանական տարիներից, ընտրեցի Նիլ Սայմոնի դասական գործերից մեկը, որը հայրս՝ Ժան Նշանյանը, հայերեն է թարգմանել տարիներ առաջ: Երկու գործողությամբ այս տրագիկոմեդիան, կարծում եմ, կսիրի հայ հանդիսատեսը»:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերային


Նա նշեց, որ պիեսում փոփոխություններ չեն կատարել, միայն թե հարմարեցրել են հայկական իրականությանը.«Եթե պիեսում, օրինակ, «2-րդ պողոտայի բանտարկյալն» էր, ապա մեր տարբերակում դարձել է «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»: Իմ կարծիքով՝ հանճարեղ գործ է, որն ազգություն եւ ժամանակ չի ճանաչում: Մեկ տարուց ավելի աշխատել ենք բեմադրության վրա: Դերասաններն ինձ վստահեցին, ես էլ փորձեցի նրանց բացատրել՝ ինչու պետք է այսպես կամ այնպես անել: Չեմ սիրում ռեժիսորների, ովքեր առանց բացատրելու պարտադրում են որեւէ բան: Քանի որ ինքս էլ դերասան եմ, շատ լավ հասկանում եմ գործընկերներիս հոգեբանությունը»:

Հարցին, թե ովքեր են Հյուսիսային պողոտայի բանտարկյալները, Արմանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ բոլորս ենք, եթե թույլ ենք տալիս, որ ստեղծված պատրանքները եւ ընդհանուր իրավիճակը մեր կյանքի վրա էլ ազդեն.«Ինքներս ենք մեր սխալների պատճառով մեր ցանկությունների եւ վատատեսության բանտարկյալը դառնում: Կյանքն աշխատանք է. չի կարող այն հենց այնպես ընթանալ այն ուղղությամբ, որով մենք կցանկանայինք: Այդ հոսքը պիտի ինքներս կառավարենք, որովհետեւ մենք մեր կյանքի նավակում ենք ու պիտի պարտադիր ղեկը մեր ձեռքում պահենք: Սա է պիեսի ամբողջ միտքը, որն իսկապես շատ խորիմաստ է»:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերային


Մկրտիչ Արզումանյանն անկեղծացավ, որ միշտ ցանկացել է նման դրամատիկ կերպարով հանդես գալ: Ասաց՝ թատրոնն իրեն ավելի հոգեհարազատ է, եւ այնպես է անելու, որ ավելի հաճախ լինի բեմում.«Բնականաբար, ռիսկային է նման կերպարով հանդես գալը, բայց կարծում եմ՝ ավելի հետաքրքիր է հանդիսատեսի համար: Ինձ թվում է՝ տեխնիկական եւ թեմատիկ առումով իրենց արդեն սպառել են այն ձեւաչափերը, որոնցում ինձ սովոր են տեսնել: Պետք էր մի քիչ դադար տալ, որ նոր թեմաներ հավաքվեն»:

Ինչպես հայտնի է, Նիլ Սայմոնի այս ստեղծագործությունը գրվել է 50-ական թվականներին, եւ Մկրտիչ Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ որքանով է պիեսն արդիական նաեւ այսօր: Նա նկատեց, որ այդ տարիներին ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքերն ու երեւույթները, ցավոք, հիմա տեղի են ունենում մեզ մոտ, հետեւաբար, զուգահեռները շատ են.«Ուրախ եմ, որ ստեղծագործությունը չտուժեց, երբ փորձեցինք այն հնարավորինս ադապտացնել հայաստանյան իրականությանը: Փորձել ենք այնպես անել, որ պահպանվեն դրամատուրգիական լուծումները, փոխել ենք միայն հերոսների եւ վայրերի անունները, քանի որ շատ ամերիկյան էին»:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերային


Ներկայացման գլխավոր հերոսուհին՝ Սաթենիկ Հախնազարյանը, չորս ամիս առաջ է միացել ստեղծագործական թիմին, թեեւ առաջարկն ի սկզբանե հետաքրքրել է իրեն. «Երբ իմացա, թե ովքեր են խմբում, առաջին իսկ վայրկյանից հետաքրքրեց հրավերը: Երբեք չէի մտածի, որ Մկրտիչ Արզումանյանի հետ կարող ենք նման ներկայացման մեջ ներգրավված լինել, քանի որ ժանրերը շատ տարբեր են: Այնուամենայնիվ, միանգամից չհամաձայնեցի, քանի որ ցանկանում էի նախ կարդալ պիեսը՝ հասկանալու համար` կարող եմ կերտել այդ դերը, թե ոչ: Կարդացի, հասկացա, սիրեցի, եւ սկսեցինք աշխատել միասին: Արդյունքը դուք այսօր տեսաք»:

Դերասանները հույս հայտնեցին, որ ներկայացումը դեռ երկար կմնա թատրոնի խաղացանկում եւ կսիրվի հանդիսատեսի կողմից: Իսկ դահլիճի երեկվա արձագանքից կարելի է ենթադրել, որ նրանց ակնկալիքները կարդարանան:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW