Նախորդ տարին “POP հանրագիտարան”-ն ամփոփեց 2011-ի հայկական շոու-բիզնեսի վատագույնների մրցանակաբաշխությամբ` սահմանելով տարվա վատագույնների մի քանի անվանակարգ: Մրցանակաբաշխության գաղափարի ու հայ արտիստների արձագանքների մասին BRAVO.am-ի հետ խոսել են նախագծի հեղինակ, լրագրող եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը:
Լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը
Մհեր. “Քանի որ մեր հաղորդման ընդհանուր բովանդակությունը ենթադրում է քննադատական կոնտեքստով տեղեկատվություն շոու-բիզնեսի մասին, մենք չէինք կարող անել լավագույնների մրցանակաբաշխություն. մեր լսարանին դա չէր հետաքրքրի: Ես վաղուց եմ աշխատում այս ոլորտում` 2006 թվականից, եւ կարող եմ ասել, որ հայ արտիստները սիրում են իրենց մասին արդուկված տեղեկատվություն լսել, իրենց թվում է` միսս կամ միսթր կատարելություն են, իրենց մասին վատ բան չի կարելի ասել: Բայց եթե պրոֆեսիոնալ լրագրող ես, որը օդում խոսելու փոխարեն փաստարկներ է ներկայացնում, իրենք ոչինչ չեն կարող անել դրա դեմ, բացի դժգոհություն արտահայտելուց:
Նախապես ոչ մի արտիստի չէինք զգուշացրել, որ իրենք առաջադրված են որեւէ անվանակարգում, որպեսզի դա չխոչընդոտեր մեր աշխատանքին: Ովքեր հավաքել էին առավելագույն ձայները, ներկայացան իրենց մրցանակը ստանալու` բացառությամբ "Վատագույն երգ” անվանակարգի հաղթողի` Հայկ Կասպարովի, ինչի համար էլ նրա մասին խոսքն ավել սուր էր:
Արփինե Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը
Այս մրցանակաբաշխության հետ կապված սպառնալիքներ չեղան, որովհետեւ Հայաստանում ամեն ինչ արվում է կապերով, ու քանի որ իրենց սպառնալիքները պետք է մաքսիմում կապերով լինեին, կապի առումով մենք էլ դժգոհելու առիթ չունենք:
Մենք հաճելիորեն զարմացանք մրցանակակիրների քաղաքակիրթ պահվածքից: Չգիտեմ`դիմակով էին, առանց նեղանալու ստացան մրցանակը, թե ինչ արեցին, բայց այդ պահին դեմքի շատ պրոֆեսիոնալ արտահայտությամբ էին: Այնպես որ, չեմ կարող ասել` ովքեր էին ավելի դժգոհ. նրանցից ոչ ոք իմ դեմքին ոչինչ չասաց:
Ինտերնետային քվեարկությունը տեւել է մոտավորապես 30 օր: Ոմանք զանգել ու խնդրել են իրենց անունը հանել այդ անվանակարգից, ոմանք նեղացել են, բայց կարեւորն արդյունքն է. մենք ոչ մի կոմպրոմիսի չենք գնացել արտիստների հետ":
"Վատագույն երգ չեմ կարող առանձնացնել. գրեթե բոլորն էլ վատն են ինձ համար". Մհեր Բաղդասարյան
Արփինե. “Հիմա մեր արտիստները հասկանում են` քննադատական խոսքն էլ ինչ-որ առումով նաեւ PR է”:
Մհեր. “Գիտեմ, որ "Վատագույն երգիչ” անվանակարգի հաղթող Էռնեստը “Facebook”-ի իր պատին դրել է այդ քվեարկության լինքն ու խնդրել քվեարկել իր օգտին”:
2011-ի հայկական շոու-բիզնեսի վատագույններն ըստ Մհերի. “Իմ կարծիքով` “Վատագույն երգիչը” եղել է Հայկ Կասպարովը. անհաջող մի քանի տեսահոլովակ ունեցավ` անհաջող երգերով, “Վատագույն երգչուհի” անվանակարգում, համաձայնելով մեր լսարանի հետ, տեսնում եմ Rippi-ին, որը շատ հաճելի է նայվում բեմից, բայց ընդամենը վիզուալ: "Վատագույն երգ”-ը չեմ կարող առանձնացնել. գրեթե բոլորն էլ վատն են ինձ համար:
"Մեր հայտնիներին թվում է` միսս կամ միսթր կատարելություն են". Մհեր Բաղդասարյան
“Հատուկ մրցանակ` խոսքի մշակույթին չտիրապետելու եւ աբսուրդային մտքերի համար”. այս մրցանակը ես Սոնային չէի տա. անկեղծությունը շատ կարեւոր է, այդ մարդը շատ անկեղծ է խոսում, ինչն էլ երեւում է եթերից: Կան արտիստներ, ովքեր միշտ անգիր արած, գրված ինչ-որ տեքստեր են ասում, ինչն անկեղծ չի ընկալվում… Անուններ չեմ տա, քանի որ նրանցից մեկի համար ինքս եմ տեքստեր գրում”:
Արփինեն հրաժարվեց անուններ նշելուց. “Վերջին շրջանում ես հասկացա, որ նույնիսկ գրված տեքստն ինձ համար կարող է դառնալ մի մեծ պատմություն: Ինչ խոսում եմ մեր հաղորդման շրջանակներում, գրված տեքստեր են. ինձ իրավունք չեմ վերապահի իմ մտքերն արտահայտել կոլեգաներիս մասին: Մի դեպք էլ եղավ, երբ մարդիկ շատ ոգեւորվեցին, սկսեցին քննադատել, թե ինչ իրավունքով ես փնովեցի մեկ այլ երգչուհու: Ճիշտ կլինի, որ խոսելուց առաջ մտածեն, հասկանան`բանն ինչում է եղել: Ես, իհարկե, ունեմ իմ կարծիքը, բայց դա պահում եմ իմ մեջ”:
Արփինե Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը
Հաղորդավարները նշում են, որ "Հայկական շոու-բիզնեսի վատագույնների մրցանակաբաշխությունը” կանցկացվի տարին մեկ անգամ: Ստեղծագործական խմբի ցանկությունն է հաղորդման ձեւաչափում էլ որոշակի փոփոխություններ կատարել, ինչը հնարավորություն կտա քննարկվող թեման ավելի շատ բացել ու ընդլայնել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մհերի եւ Արփինեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: