Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, չեն դադարում անակնկալներ մատուցել ու դրականորեն զարմացնել դասական երաժշտության սիրահար հայ հանդիսատեսին: Նոյեմբերի 17-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմում նվագախմբի հետ ելույթ է ունեցել “Այ Էմ Ջի Արթիսթս” երաժշտական գործակալության արտիստ, Կանադան ներկայացնող 17-ամյա դաշնակահար Յան Լիշեցկին:
Յան Լիշեցկին նվագել է Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ
Երիտասարդը հիացրեց բոլորին նվագելու իր տեխնիկայով եւ հմայքով: Լիշեցկին նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը եւ Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան: Նշենք, որ այս ստեղծագործությունները կատարողական բարձր վարպետություն են պահանջում:
Հանդիսատեսը բուռն ծափահարություններով չէր թողնում, որ Լիշեցկին հեռանա բեմից: Նա էլ վերադարձավ ու կատարեց Շոպենի ստեղծագործություններից մեկը, իսկ այդ ընթացքում Սերգեյ Սմբատյանը նվագախմբի շարքերում նստած ունկնդրում էր երիտասարդ տաղանդի ելույթը: “Ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ որ այստեղ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար”,-ասել է Յանը:
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտները
Սերգեյ Սմբատյանն ու Յան Լիշեցկին ծանոթացել են մոտ մեկ տարի առաջ` Լոնդոնում: “Երկուսս էլ Այ Էմ Ջի արտիստ ենք, դա հեշտացրեց ծանոթությունը: Առաջարկեցի Երեւան ժամանել ու երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալ, Յանն էլ հաճույքով համաձայնեց”,- պատմել է Սերգեյը` նշելով, որ Լիշեցկու խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով երեւանյան համերգն անընդհատ հետաձգվել է:
“Երջանիկ եմ, որ այստեղ եմ, սիրում եմ նոր երկրներ այցելել ու փորձարկումներ անել: Յուրաքանչյուր համերգից առաջ ես անհանգստանում եմ, սակայն դա բնական է, քանի որ պատասխանատվություն եմ զգում հանդիսատեսի առջեւ, բայց այդ անհանգստությունը երբեւէ չի կարող խանգարել ելույթիս”,- ասել է Յան Լիշեցկին:
Սերգեյ Սմբատյանը եւ Յան Լիշեցկին
Ակտիվ, դրական էներգետիկայով, անմիջական ու համեստ Լիշեցկին տեղեկացրել է, որ ծանոթ է հայ դասական երաժշտությանը. “Ինչպես կարելի է չսիրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները”: Ի դեպ, Սերգեյ Սմբատյանը խթանել է Լիշեցկուն խոստանալ, որ հաջորդ անգամ երեւանյան համեգի ընթացքում կնվագի Խաչատրյանի կոնցերտը :):
Լիշեցկին երաժշտությամբ է զբաղվում 5 տարեկանից: Դաշնակահարը խոստովանում է` “հաջող կարիերան ինքն իրեն է ծավալվել”: Նրա սիրելի կոմպոզիտորներն են Մոցարտը, Շոպենը, Բեթհովենը. “Բայց եթե մեկին առանձնացնեմ, ապա Բախի անունը կնշեմ”:
Յան Լիշեցկին ելույթ է ունեցել երեւանյան հանդիսատեսի համար
Չնայած երիտասարդ տարիքին, մենակատարը հասցրել է ներկայանալ ավելի քան 100 համերգով Փարիզի, BBC, Լայպցիգի, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի “Մետրոպոլիտեն” եւ հայտնի այլ նվագախմբերի հետ: Դաշնակահարը պայմանագիր է կնքել հեղինակավոր “Deutsche Grammophon” ստուդիայի հետ եւ այս տարի լույս է տեսել իր առաջին ձայնասկավառակը` Մոցարտի դաշնամուրային ձայնագրություններով:
Հաջողությունների հասած երաժիշտը համեստորեն նշում է, որ “ամեն անգամ ուրախանում ու հպարտանում է, երբ հանդիպում է իր հանդիսատեսին, որոնց թվում շատ են երիտասարդները:
Յան Լիշեցկին նվագել է Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ
Նշենք նաեւ, որ այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների գնված յուրաքանչյուր տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
BRAVO.am-ն այս համերգի ինֆորմացիոն հովանավորն է;
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: