×


Նազիկ Ավդալյանի նոր նախասիրությունն ու որդու 4-ամյակը

Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի ընտանիքում նոյեմբերի 27-ը տոնական է. նա եւ ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, երեկ նշել են իրենց որդու՝ Վաչեի տարեդարձը։

BRAVO.am-ի հետ զրույցում Նազիկը պատմել է, որ տղան 4-ամյակն անցկացրել է մանկապարտեզում, ապա՝ տանը.«Անհամբեր սպասում էր իր օրվան ու նվերներին, մենք էլ կատակով ասում էինք, որ այս անգամ չենք նշելու։ Նրա ցանկությամբ տորթի թեմատիկան մուլտֆիլմային էր։ Մանկապարտեզի ընկերների հետ առավոտյան փչել է տորթի մոմերը: Ոգեւորված պատմում էր, որ շատ լավ ժամանակ են անցկացրել։ Այնուհետեւ մեր ընկերներն ու հարազատներն իրենց երեխաների հետ մեր տուն եկան, անսպասելի ուրախ ծնունդ ստացվեց»։

Նազիկ Ավդալյանի որդու 4-ամյակին


Ծանրամարտիկն այժմ մեծ սպորտում մրցումների չի պատրաստվում, սակայն ազատ ժամանակ էքստրեմալ մարզաձեւեր է փորձում։ Նազիկ այժմ նաեւ տարված է նկարչությամբ.«Միշտ սիրել եմ նկարել, բայց ժամանակ չեմ տրամադրել։ Նկարիչների մասնագիտական կարծիքներ դեռեւս չեմ լսել։ Ինքնուս նկարում եմ, բայց ուզում եմ նկարչության գաղտնիքներն ու նրբությունները բացահայտել։ Հիմնականում նկարում եմ մատիտով, վերջերս՝ նաեւ գուաշով։ Փորձեցի կուբիզմի մեջ նկարել, բայց չեմ համարձակվել շարունակել, գունավորել։ Կուբիզմն ինձ համար ամենաբարդ ու ամենասիրելի ոճերից մեկն է»:

Նազիկը նշել է, որ անչափ սիրում է սեփական տների, շենքերի գծագրեր նկարել. «Փոքր տարիքում հատկապես տարված էի դրանով։ Հիշում եմ՝ ճարտարապետ հորեղբայրս այնքան էր հավանել նախագծերս, որ մի անգամ իմ տետրից ինչ-որ գծագրեր նայեց ու գնաց։ Հետո միայն գիտակցեցի, որ իմ գծագրերով կարող եմ օգտակար լինել»։

Նազիկ Ավդալյանը


Մեր հարցին, թե նախասիրությունը գուցե առաջիկայում դարձնի մասնագիտություն, նա պատասխանել է.«Աշխատանքային այլ պլաններ ունեմ, բայց լավ միտք տվեցիք, կարելի է փորձել։ Եթե սպորտը չընտրեի, երեւի Պոլիտեխնիկական ինստիտուտ կընդունվեի, հաճույքով ճարտարապետ կդառնայի։ Վնասվածքներիս պատճառով մեծ սպորտը շուտով կթողնեմ։ Շատ կցանկանայի եւս մեկ մրցման մասնակցել, բայց եթե վնասվածքներս շատ խանգարեն, այլ գործով պիտի զբաղվեմ։ Որ ոլորտում էլ լինեմ, քայլերս պիտի զրոյից սկսեմ»։

BRAVO.am    
Լուսանկարները տրամադրել է Նազիկ Ավդալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW