×


Նանա Արամյանի խորհրդավոր վհուկը 14 օր կապրի Դալանում :)

Նանա Արամյանը հունիսի 12-ին “Դալան” ցուցասրահում ներկայացրել է շուրջ 20 նոր աշխատանք, որոնք առաջինը գնահատել են գործընկերները, մտերիմները, նրա ձեռագրի երկրպագուներն ու արվեստասեր մարդիկ: Նկարչուհին ցուցահանդեսի խորագիր է ընտրել կտավներից մեկի անվանումը` “Ստվերների գիրք”` անդրադառնալով գոթական արվեստին. մեծամասամբ նեղ ու երկար նկարներում կյանքի մասին խոհեր են:

Նարեկ Ավետիսյանը, Նանա Արամյանը եւ Տիգրան Ձիթողցյանը


Նանայի խոսքով` կտավներում շատ մանրուքներ իր մանկության, անձնական հուշերի արտացոլանքն են.“Աղջիկը խորհրդավոր վհուկ է եւ ինձ համար արդեն կենդանի կերպար: Այն էքզիստենցիալ բնույթ է կրում եւ միշտ հետաքրքրել է ինձ, քանի որ կախարդանքն ասոցացվում է կնոջ հետ: Աղջիկը հավաքական կերպար է, որն օժտված է միստիկ հատկանիշներով եւ նոր նկարներում երեխայից վերածվել է հասուն կնոջ”:

Նկարչուհին կրկին հավատարիմ է իր սիրելի մանուշակագույնին, բայց ինչպես նշել է, վերջին շրջանի գործերում այն չի գերակշռում.“Քանի որ նկարներս ավելի մոտ են գոթական ժանրին, եւ կախարդն ապրում է մաշված պահարանում, առկա են շագանակագույնի երանգները, նաեւ վառ կանաչը, կապույտը եւ այլն: Աղջկան շրջապատող փոքրիկ մուտանտներն ալքիմիայի աշխարհից են դուրս պրծել եւ ապրում են իրենց ինքնաբավ կյանքով, աղջիկն էլ ներդաշնակ է զգում այդ միջավայրում”:

Նանա Արամյանի կտավներից


“Կեսօր” եւ “Կեսգիշեր” կիսակամար նկարներում աղջիկը հակադիր տրամադրությունների մեջ է, որոնք արտահայտում են տխրություն ու ցավ, մյուսում՝ երջանկություն ու ռոմանտիկ երազներ: Կյանքի հակադրությունները Նանան ներկայացրել է աղջկա տրամադրության միջոցով: 

Շարքը եզրափակվում է կապույտ երանգներով նկարով, որում պահարանը վերածվում է պատուհանի, խորհրդավոր քաղաքի տեսարան է բացվում, եւ կերպարները կարող են թռչել դեպի ազատություն.“Սա փոխաբերական նշանակություն ունի, որովհետեւ մենք ենք պլանավորում մեր կյանքը, եթե մարդ ուզում է պարփակված լինել, այդպես է ապրում, կամ էլ ընտրում է ազատությունը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Նախքան ցուցահանդեսի բացումը նկարչուհու աշխատանքներն առաջինը գնահատում են ամուսինը՝ Նարեկ Ավետիսյանը, որդիները եւ քույրը.“Առաջին խորհրդատուն իմ հարազատներն են, նրանց հետ խորհրդակցելուց հետո որոշ շտկումներ եմ անում, երեւի թե ամենից շատ քույրիկիս եմ լսում. իրար շատ լավ ենք հասկանում: Թեեւ նկարչուհի չէ, բայց լավ աչք ունի, նույն աշխարհայացքն ունենք ու հաճախ մեր կարծիքները համընկնում են”:

Նանա Արամյանի կտավներից


Նանան նպատակ ունի առաջիկայում այս նկարները ցուցադրել Եվրոպայում, սակայն առայժմ պլաններում արտ-գրքի տպագրումն է: “Ստվերների գիրքը” ցուցահանդեսը կներկայացվի նաեւ գրքի տեսքով.“Որոշ բանակցություններ ու պայմանավորվածություն արդեն ունեմ, բայց մի քիչ դժվար է գործերիցս բաժանվել ու երկար ժամանակով արտերկրում թողնել: Այս անգամ չհասցրինք գիրքը տպագրել, դեռ մի քանի նկար էլ պիտի ավարտին հասցնեմ, այնուհետեւ հանձնեմ տպագրության”: 

Մինչեւ հունիսի 26-ը “Դալան” ցուցասրահում կարող եք անձամբ “թերթել” “Ստվերների գիրքը”: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW