×


Նարեի հուզմունքը, Սոնայի հուշերը եւ երեկվա համերգի հետաքրքիր մյուս դրվագները :)

Հայկական ժողովրդական երգի սիրահարներով լեփ-լեցուն դահլիճ, գուսանական ու ժողովրդական երգեր նոր գործիքավորմամբ, 10 երգիչ եւ 25 երգ։ “Արամ Խաչատրյան” համերգասրահում երեկ “Շանթ”-ի երաժշտական նախագծերի կատարողներն էին՝ Սեւակ Ամրոյանը, Սուրեն Ավոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գեւորգյանը, Վահե Մարգարյանը, Եվա Թաշչյանը, Պետրոս Պետրոսյանը, Ժաննա Դավթյանը, Եվա Եգանյանը եւ Գրիգոր Միրզոյանը։

Ժողովդրական երգի երեկոյի մասնակիցները


Երկու մասից կազմված համերգի առաջին հատվածում երիտասարդ երգիչները ներկայացել են անհատական կատարումներով, իսկ երկրորդում գերակշռել են զուգերգերը: Հատուկ այս համերգի համար նոր գործիքավորումներ են արել Գիսանե Պալյանը եւ Միքայել Մայիլյանը։

Համերգը վարող Գրիշա Աղախանյանը ներկաներին բարձր տրամադրությամբ լավ երեկո է մաղթել.“Մոտավորպես ինը տարի առաջ սկսվեց այս ամենը՝ “Հայ սուպերսթար”, “X Factor”, “Իմ անունն է” միջազգային նախագծերը, հետո հայկական “Ժողովրդական երգիչ” նախագծի շրջանակում “Շանթ”-ը պահպանեց ու նորովի ներկայացրեց հայ երգը։ Բեմում են այս նախագծերի այն մասնակիցները, որոնք կարողանում են կատարել ժողովրդական երգեր”։

Ժողովդրական երգի երեկոյի մասնակիցները


BRAVO.am-ը համերգի ընթացքին հետեւել է ետնաբեմից, երբ մասնակիցները հանդերձասենյակներում պատրաստվում էին իրենց ելույթներին ու հետեւում ռեժիսոր Աննա Թադեւոսյանի ուղղորդումներին։ Ի դեպ, այս ծրագիրն աշնանը ներկայացվել է Լոս-Անջելեսում, իհարկե, երեւանյան համերգին կատարողների թիվն ընդլայնվել էր։

Սոնա Ռուբենյանը կատարել է համերգի բացումը, ինչպես նաեւ զուգերգ է երգել Սեւակ Ամրոյանի հետ։ Նրանք միասին ելույթ են ունեցել նաեւ Միացյալ Նահանգներում։ Համեմատելով համերգների տարբերությունը՝ Սոնան նշել է, որ Հայաստանի հանդիսատեսն ավելի խստապահանջ է.“Այստեղ մեզ ամեն օր տեսնում են եւ ամենալավն են սպասում, իսկ Ամերիկայի հայերը կարոտած են, անգամ ծափողջույններից երեւում է։ Այնտեղ երկու համերգից հետո շփվել ենք ներկաների հետ, շատերն էին մոտենում ու ասում, որ այսինչ մարդու բարեկամն են: Անսպասելի էր, որ Սերժ Թանգյանի մայրիկը մոտեցավ, գրկեց ու արտասվեց. շատ հուզիչ պահ էր, հետո մեր մյուս մասնակիցներին էլ ողջունեց, ասաց, որ Սերժին կպատմի իր տպավորությունների մասին”: Նա նաեւ հավելել է, որ վերջին ամիսներին հաճախ է կատարում ժողովրդական երգեր.“Միգուցե սկզբում թերահավատորեն էին վերաբերվում էստրադային կատարողներիս, բայց ունենք շատ լավ մասնագետ՝ Մխիթար Քեթցյանը, որի շնորհիվ պարապում ենք, նաեւ ժողովրդական կատարող մեր ընկերներն են օգնում”։

Վահե Մարգարյանը եւ Նարե Գեւորգյանը


“Հայսուպերսթար”-ի մասնակից Նարե Գեւորգյանը երգել է Սայաթ-Նովայի եւ Շերամի ստեղծագործություններից, նաեւ զուգերգով է հանդես եկել Վահե Մարգարյանի հետ.“Լարված ենք, որովհետեւ պատասխանատու համերգ է: Կազմակերպիչներն ինձ առաջարկել են կատարել բարդագույն երգեր, որոնք մարդիկ սովոր են լսել լուրջ երգչուհիների կատարմամբ։ Եթե թեթեւ երգեր լինեին, այսպես չէի հուզվի”։

Վահե Մարգարյանը եւս մասնակցել է ԱՄՆ-ում կայացած համերգներին.“Մոտ 3-4 ամիս փորձեր ենք անում։ Ամերիկահայերը շատ լավ ընդունեցին։ Բեմում զգացի նրանց ջերմությունը: Ճիշտ է` մենք էլ սիրում ենք մեր ազգագրականը, բայց ամեն օր էլ լսում ենք, իսկ իրենք կարոտում են չաղավաղված, մաքուր ժողովրդական երաժշտությունը”։

Ի դեպ, հաջորդ տարվա ընթացքում “Շանթ”-ի ժողովրդական կատարողները նույն ծրագրով կմեկնեն ռուսաստանյան քաղաքներ, հնարավոր է նաեւ կրկին ներկայանան երեւանյան հանդիսատեսին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW