×


Նարեկ Ավետիսյանի “Վերմեերի 33 ձեւափոխությունները” շրջագայում են Եվրոպայում

Նարեկ Ավետիսյանի “Վերմեերի 33 ձեւափոխություններն” առաջինը տեսնողներից մեկը եղել է BRAVO.am-ը. սիմուլակրում նախագծի մասին մեր ընթերցողներին պատմել ենք դեռ 2010 թվականին: Նկարիչը ստեղծել է 17-րդ դարի հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի “Մարգարտե ականջօղով աղջիկը” հայտնի կտավի 33 վարիացիաներն` ըստ Լեոնարդո Դա Վինչիի, Սալվադոր Դալիի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Հիերոնիմոս Բոսխի, Պաբլո Պիկասոյի, Մարտիրոս Սարյանի, Աշոտ Հովհաննիսյանի,  Երվանդ Քոչարի եւ այլ դասականների ոճերի:

Նարեկ Ավետիսյանի “Վերմեերի 33 ձեւափոխությունները”


2011 թվականի մարտին երեւանյան ՆՓԱԿ-ում ցուցադրվելուց հետո “Վերմեերի 33 ձեւափոխություններ” շարքը ճամփորդում է երկրից երկիր, եւ ահա, այս ամիս կտավները գտնվում են Լեհաստանի Շտետին քաղաքի Ազգային պատկերասրահում, իսկ մինչ այդ “Մշակույթների երկխոսություն” հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի աջակցությամբ ցուցադրվել են Ժնեւում, այնուհետեւ` Վարշավայի թագավորական պալատում:

Նարեկ Ավետիսյանը` Շտետին քաղաքի Ազգային պատկերասրահում


Նարեկ Ավետիսյանը BRAVO.am-ին պատմել է, որ Շտետինի Ազգային պատկերասրահի աշխատակիցները, Վարշավայում տեսնելով նկարների շարքը, հավանել են եւ առաջարկել սիմուլակրումը ցուցադրել նաեւ լեհական այդ քաղաքում.“Որպես նկարիչ` ինձ համար հաճույք էր այնտեղ աշխատելը, երբ տեսնում ես, թե ինչպես են պահպանում թանգարանային բոլոր կանոնները, ինչպես են նախապատրաստվում ցուցահանդեսին, անգամ պատերի գույնն են համապատասխանեցնում նկարչի կտավներին”,- նշել է նա` հավելելով, որ նախագծի եւ ցուցահանդեսի մասին լեհական մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել, նաեւ լուսաբանվել է տեղի Հանրային հեռուստատեսությամբ:

Արվեստագետի խոսքով` եվրոպացի արվեստասերներից իր նախագծի մասին դրական կարծիքներ է լսել.“Այնքան հաճելի էր իմանալ, որ լեհ արվեստասերները, Վարշավայում տեսնելով իմ նկարները, տոմս էին գնել ու եկել Շտետին` եւս մեկ անգամ դիտելու եւ  ոգեւորված ինձ նոր մտքեր ու առաջարկներ էին անում, որոնք սիրով լսում էի”:

Նարեկ Ավետիսյանի “Վերմեերի 33 ձեւափոխությունները” սիմուլակրում նախագիծը ցուցադրվում է Լեհաստանի Շտետին քաղաքի Ազգային պատկերասրահում


Նարեկ Ավետիսյանի փոխանցմամբ` “Վերմեերի 33 ձեւափոխություններն”  ամբողջությամբ գնելու առաջարկներ ստացել է, սակայն դեռ չի ցանկանում կտավները վաճառել, քանի որ նա եւ “Մշակույթների երկխոսություն” հիմնադրամը նպատակ ունեն նախագիծը ցուցադրել  Հոլանդիայում` Վերմեերի հայրենիքում.“Այդպիսով ես իմ հարգանքի տուրքը կմատուցեմ հոլանդացի նկարչին”:

Եթե ցանկություն ունեք կտավները սեփական աչքերով տեսնել, ապա նշենք, որ ցուցահանդեսը Շտետինի Ազգային պատկերասրահում կգործի մինչեւ 2014-ի փետրվար ամիսը:): Հետո նախագիծը կշարունակի “շրջագայել”, իսկ հաջորդ կանգառը Դանիան է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` “Մշակույթների երկխոսություն” հիմնադրամի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW