Նարե Գրիգորյանը գեղեցիկ կարգավիճակում է: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ հղիության 6-րդ ամսում է, արդեն շատ անհամբեր են.«Փառք Աստծո, շատ թեթեւ եւ հանգիստ եմ անցկացնում այս շրջանը: Փորձում եմ ամուսնուս հետ ավելի շատ զբոսնել, այգիներ, բացօթյա սրճարաններ եւ քաղաքից դուրս գնալ: Մի խոսքով՝ անել այն, ինչ նախկինում անհնար էր պատկերացնել իմ աշխատանքային գրաֆիկի պատճառով»:
Պարզվում է՝ հղիության լուրն անսպասելի է եղել զույգի համար.«Իմ կյանքի ամենաերջանիկ պահն էր՝ ուրախության արցունքներ, սրտի չափազանց արագ աշխատանք, յուրահատուկ զգացողություններ: Երբ ուլտրաձայնային հետազոտման պատասխանն ամուսնուս տվեցի, կարդաց ու սկզբում ոչինչ չհասկացավ, մտածեց՝ հավանաբար, բժշկի նշանակումներ են, նորից կարդաց, ու քանի որ բժշկական տերմիններով էր լրացված թերթիկը, կրկին ոչինչ չհասկացավ: Ստիպված ինքս հայտնեցի այդ երջանիկ լուրը, եւ արձագանքեց այնպես, ինչպես ես էի ուրախացել լուրը լսելիս»,-պատմել է Նարեն:
Նարե Գրիգորյանը
Երգչուհին ասել է, որ բալիկի սեռը պարզել են յուրօրինակ կերպով.«Խնդրեցի բժշկին, որ չհայտնի մեզ, այլ գրի թղթի վրա եւ փոխանցի: Պատվիրեցինք մեծ փուչիկ, որի մեջ տեղադրված փոքր փուչիկների գույնից պարզ է դառնում երեխայի սեռը: Իհարկե, հետաքրքրությանը չափ ու սահման չկար, բայց որոշեցիքն համբերել, ընտանեկան հավաքույթ կազմակերպեցինք, հրավիրեցինք մեր հարազատներին եւ միասին իմացանք՝ աղջիկ է, թե տղա: Մեզ համար միեւնույն էր, որովհետեւ երկու դեպքում էլ նույն կերպ ուրախանալու էինք: Փուչիկի պայթելուց հետո պարզվեց, որ տղա ենք ունենալու, անսահման երջանիկ պահ էր մեզ համար, իսկապես աննկարագրելի զգացողություններ էին: Մաղթում եմ բոլորին կյանքում գոնե մեկ անգամ զգալ այդ երջանկությունը»:
Զույգն արդեն որոշել է փոքրիկի անունը.«Ամուսնուս հայրիկի անունն ենք տալու մեր տղային՝ Ժիրայր: Ունենալու է նաեւ երկրորդ անուն, դեռ քննարկում ենք»,-ասել է Նարեն:
Երգչուհին պատմել է, որ մտադիր են հանգստի մեկնել.«Վերջին շրջանում իմ եւ ամուսնուս աշխատանքային բուռն գրաֆիկի պատճառով ամեն անգամ հետաձգում էինք ուղեւորությունը, բայց այժմ մեզ անհրաժեշտ է հանգստանալ, ուժ հավաքել եւ պատրաստ լինել ստանձնելու մեր նոր պաշտոնը՝ ծնողի պաշտոնը»:
Նարեն նշել է նաեւ, որ մայրանալն իրեն չի խանգարի երգել.«Առանց դրա չեմ կարող պատկերացնել կյանքս: Ես եւ ամուսինս մտածում ենք, որ կարելի է համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Մինչեւ հիմա աշխատում եմ, շուրջ 20 օր առաջ ներկայացրի իմ նոր երգն ու տեսահոլովակը: Այժմ աշխատում եմ նոր երգի վրա»:
BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Նարեին եւ առողջ բալիկ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: