Դերասանուհի, բեմադրող-ռեժիսոր Նարինե Գրիգորյանի, նրա ներկայացումների եւ դերերի մասին BRAVO.am-ը բազմիցս պատմել է: Օրերս դերասանուհուն հրավիրեցինք սրճարան` զրուցելու ստեղծագործական նորությունների մասին եւ, իհարկե, լուսանկարելու:): Նա հաճույքով զգեստափոխվում էր, աշխատում ֆոտոխցիկի հետ եւ չէր վախենում էքսպերիմենտներից ու ընդունված չափանիշներից դուրս կադրերից:
Նարինե Գրիգորյանը
Չեմ սիրում կեղծ գլամուրային պաթոսը: Ակամա վերցրի հատակի մաքրման փայտն ու բարձրակրունկ կոշիկներով նկարվեցի:). կարծրատիպը կոտրելու ցանկություն էր: Մենք բոլորս անկատար ենք, ամեն մեկս ունենք մտահոգիչ խնդիրներ, իսկ երբ բացում ես գլամուրային ամսագրերը, ուզում ես պլաստիկ վիրահատություններ անել, որ գեղեցկուհիներին նմանվես` չհասկանալով, որ հեռանում ես բնությունից ու ինքդ քեզնից… Այսօր համակարգչային միջամտությամբ կարող ես իդեալական լուսանկարներ ստանալ, բայց դա ինձ հարկավոր չէ, ես բնության ու բնականության կողմնակից եմ:
Նարինե Գրիգորյանը
Մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջանները շատ եմ սիրում, բացի միջնադարից: Հաճույքով կապրեի Վերածննդի դարաշրջանում, ինչպես նաեւ կուզեի ուսումնասիրել իմպրեսիոնիզմն ու կլասիցիզմը, թագուհիների վարքն ու բարքը: Իհարկե, ամեն ժամանակաշրջանում էլ եղել են ու կան վատն ու բացասականը, բայց հետաքրքիր կլիներ անցյալ տեղափոխվել: 21-րդ դարն այնքանով է լավը, որ նախորդ բոլոր դարերի գույները կան… Այսօր ամեն ինչից տեղեկացված ենք, չենք կարծում, թե մեր ապրած վայրն է ողջ մոլորակը:
Նարինե Գրիգորյանը
Թատրոնից թատրոն :)
Այժմ թատրոններում համեմատաբար պասիվ շրջան է, բայց մի քանի տեղ աշխատում եմ նոր բեմադրությունների վրա եւ թատրոնից թատրոն փորձերի եմ շտապում: “Համազգային” թատրոնում ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը բեմադրում է Չեխովի “Քեռի Վանյա” ստեղծագործությունը, ես մարմնավորելու եմ Ելենա Անդրեեւնայի կերպարը:
Տարբեր թատրոններում որպես ռեժիսոր բեմադրություններ եմ կատարել, բայց հարազատ “Համազգային”-ում միշտ դերասանի դերում եմ եղել եւ ցանկություն ունեցա իմ խաղընկերների հետ որպես ռեժիսոր աշխատել: Սոս Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո անցել եմ գործի, բայց վախենում ու մեծ պատասխանատվություն եմ զգում:
Նարինե Գրիգորյանը
Տիկնիկային թատրոնում պատրաստում ենք մոնոներկայացում, որտեղ ես ջրի կաթիլ եմ լինելու եւ ռուսերենով եմ խաղալու: Ռուսերեն լեզվով բեմից խոսելը հետաքրքիր նորություն է ինձ համար, քանի որ ամեն լեզու ունի իր յուրահատկությունը, նոր բացահայտումներ ես անում քո մեջ: Ներկայացումը հայերեն տարբերակ էլ կունենա, պարզապես պետք է այնպես թարգմանել, որ բանաստեղծական ռիթմը ճիշտ լինի: Անկեղծ ասած, դարերով երազում էի, որ Ռուբեն Բաբայանն ինձ հետ բեմադրություն անի: Ինքն առաջարկեց, որ կարդամ, ծանոթանամ, ես էլ կարդալուց հետո ուշաթափվեցի ու առաջարկեցի, որ բեմադրի, ես էլ խաղամ:):
Նաեւ Ռուսաստանից ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, հրավերը ստացել եմ նախորդ տարի, երբ Քիշնեւում մասնակցում էի երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովին:
Նարինե Գրիգորյանը
Բոլոր թատրոններին զուգահեռ դասավանդում եմ Թատերական ինստիտուտում: Այժմ ունեմ ռեժիսորական կուրս, ուսանողներս երրորդ կուրս են, շատ ինքնուրույն ու շնորհալի են: Ինքս ռեժիսորական բաժնում եմ սովորել` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: Նաեւ դերասանի վարպետություն եմ դասավանդում Արթուր Բախտամյանի հաղորդավարական կուրսում: Արդեն կան ուսանողներ, որոնց հետ ուզում եմ հետագայում աշխատել, հիմա թողել եմ, որ այլ ռեժիսորների հետ էլ համագործակցեն, փորձ կուտակեն եւ իրենք ընտրեն` ում հետ կցանկանան աշխատել:
Նարինե Գրիգորյանը
Զբաղվածությանս պատճառով իսկապես չեմ հասցնում լիարժեք հանգստանալ: Եթե մեկ օրով էլ Երեւանից բացակայում եմ, փորձում եմ առօրյայից կտրվել ու հանգստանալ: Հրազդանում սեփական տուն ունեմ, իմ փոքր “թատրոնն” է, թատրոնից դուրս կրկին թատրոնով եմ հանգստանում: Սիրում եմ նաեւ ընկերներիս հետ պարել ու լիցքաթափվել: Շուտով գնալու եմ ստեպի դասերի, ուզում եմ այս պարատեսակն էլ սովորել, միգուցե մեկ օր էլ բեմում կիրառեմ:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն ու հարցազրույցն իրականացվել է “Retro” սրճարանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: