Մինչ Ռիհաննան ծխախոտը ձեռքին ու սեքսուալ դիրքերով լուսանկարվում է, հայ երգչուհի Նարինե Դովլաթյանը ոչ միայն բարձրաձայնում է իր չծխելու մասին, այլեւ անցել է վիրտուալ պայքարի եւ սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրում է հակածխախոտային լուսանկարներ:
Նարինե Դովլաթյանը
“Իմ մյուս նկարների համեմատ այս լուսանկարների “like”-երն ավելի քիչ են, շատ չեն արձագանքում, բայց երբեմն գրում են, որ ծխելը թողնելու են: Ծանոթներիցս շատերն ասում են, թե հատուկ եմ անում, որ ինձ մոտ չծխեն: Մի քանի օր առաջ, երբ նրանցից մեկին տեսա, հանեց ծխախոտի տուփը, բայց “ֆեյսբուքյան” նկարներս հիշեց ու իմ ներկայությամբ չծխեց: Փաստորեն, դրական փոփոխություն կա:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:
Նարինե Դովլաթյանի "ֆեյսբուքյան" էջի հակածխախոտային լուսանկարներից
22-ամյա երգչուհին ասում է, որ ծխախոտի հոտը տանել չի կարողանում, իր ընկերախմբում հաճախ փոքրամասնություն է կազմում, նույնիսկ միակ չծխողն է լինում. “Մեր ընտանիքում միայն հայրս է ծխում: Նա Ռուսաստանում է ապրում, երբ այստեղ է լինում, պատշգամբում է ծխում, շատ եմ ասում, որ հրաժարվի այդ սովորությունից, բայց` դեռ անօգուտ: Ծխողն էլի ծխելու է, բայց պասիվ ծխողների առողջությունը պետք չէ վնասել, մանավանդ, եթե երեխաներ կան, կարելի է առանձնանալ”:
Նարինե Դովլաթյանը
Նարինեի խոսքով` երբ ժամանցի վայրերում չծխողների համար առանձին սրահ չի լինում, դուրս է գալիս տվյալ վայրից.“Պատահել է, որ մեկ օրվա մեջ մի քանի տեղից դուրս եմ եկել ու անպայման ասել եմ` որն է պատճառը, որ տեղյակ լինեն, թե հաճախորդներն ինչու չեն մնում: Իսկ երբ նկարահանումների ժամանակ են ծխում, պատուհան եմ բացում. որքան իրենք ունեն ծխելու իրավունք, այնքան էլ ես` ծխից չխեղդվելու: Նկատել եմ` շատ երգիչ-երգչուհիներ ծխում են, որ իրենց ձայնը խռպոտանա ու թավ ձայնով երգեն, բայց անդուր է, որովհետեւ բնական չէ, այլ “բքելու” արդյունք է”:
Նարինե Դովլաթյանի "ֆեյսբուքյան" էջի հակածխախոտային լուսանկարներից
Նա ընդգծել է, որ շատ է ուզում` կանայք չծխեն, հատկապես` ապագա մայրերը. “Կան աղջիկներ, որ թաքցնում են, շատերն էլ չեն թաքցնում, մտածում են, թե ազատ են, բայց դա ազատության խնդիր չէ: Որոշներն իրոք կախվածություն ունեն, բայց շատ աղջիկներ ուզում են ծխելով թիթիզանալ, ծիծաղելի է նման ցուցադրական պահվածքը: Շատ տհաճ է, երբ աղջկա վրայից ծխախոտի վատ հոտ է գալիս: Գոնե հղի ժամանակ չծխեն ու իրենց ապագա փոքրիկների առողջությանը չվնասեն…”:
Նարինե Դովլաթյանը
Նարինե Դովլաթյանը հավելել է, որ չի սահմանափակվելու միայն լուսանկարներ տեղադրելով, քայլեր է ձեռնարկում իր ասելիքը տեղ հասցնելու համար, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնի, իսկ մինչ այդ պատրաստվում է նոր երգեր ձայնագրել ու բենդի հետ ակումբային համերգով հանդես գալ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարինեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: