×


Նարինե Պետրոսյան.“Աղջիկս կանգնում է հեռուստացույցի առջեւ ու ասում` “Մամա, արի′ տուն”\"

Նարինե Պետրոսյանը թատրոնի, կինոյի եւ սերիալային դերասանուհի է: Դրամատիկական թատրոնի ներկայացումներին զուգահեռ նա այս շրջանում խաղում է “Շանթ” հեռուստաընկերության “Կոտրված սրտեր” սերիալում: Նելլիի դերակատարին հանդիպեցինք հենց նկարահանման հրապարակում: BRAVO.am-ի  հետ զրույցում Նարինեն ստեղծագործականից բացի, պատմել է իր ընտանիքի մասին:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը


“Կոտրված սրտեր”-ն իմ մասնակցությամբ երրորդ սերիալն է: Մինչ այս կրկին գլխավոր դերով հանդես եմ եկել “Շանթ”-ի “Ժառանգներ”-ում, խաղացել եմ նաեւ Հանրային հեռուստաընկերության “Գեներալի աղջիկը” սերիալում: 

Շատ տարբեր, բայց դրական կերպարներ եմ մարմնավորել. մի դեպքում սոցիալական լավ պայմաններում ապրող եւ իր սիրո համար պայքարող աղջիկ, իսկ երկրորդում` երեխայի առողջության ու սոցիալական պայմանների բարելավման համար պայքարող մայր:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը


Առաջարկված դերերն ընտրելիս առաջնորդվում եմ որոշ չափանիշներով. նախընտրում եմ այնպիսի դերեր, երբ հնարավոր է ցույց տալ պրոֆեսիոնալիզմը, հաճելի է նաեւ աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ:

Նելլիի կերպարը գրավեց ինձ հենց սկզբից: Անհասկանալի ու գրավիչ գիծ կա նրա բնավորության մեջ, որ կգրավի նաեւ հեռուստադիտողին: Գուցե այդպես էլ չկարողանան հասկանալ` Նելլին դրակա՞ն, թե՞ բացասական կերպար է: Պատասխանը կարելի է գտնել` վերլուծելով նրա գործողություններն ու դրանց պատճառները:

Իմ մարմնավորած կերպարները չեմ նույնացնում ինձ հետ:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը


Հաճելի է, որ սերիալում, թատրոնում խաղընկերս Հրաչյա Հարությունյանն է, որը մասնագիտական շատ ճիշտ խորհուրդներ է տալիս:

Այս շրջանում զբաղված եմ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի “Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի” եւ “Ախ, Աննա, Աննա կամ  կրքոտ կիրակի” ներկայացումներում:

Համամիտ չեմ այն կարծիքին, որ թատրոն քիչ են հաճախում:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը


Դժվարությամբ, բայց կարողանում եմ համատեղել թատրոնը, սերիալը եւ ընտանիքը: Ցանկության դեպքում կարելի է ճիշտ բաշխել ժամանակը: 

Օրս բավական հագեցած է. երեխային մանկապարտեզ տանել, գնալ թատրոն, սերիալի նկարահանումների, վերադառնալ տուն: Դեռ ուսանողական տարիներից ակտիվ եմ եղել: Այս ապրելակերպն ինձ համար է, առանց այս ամենի ինձ չեմ պատկերացնում: 

Ամուսինս` Վահագնը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Նա հասկանում է ինձ, ընդունում է իմ աշխատանքը:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը


Երկու աղջնակ ունեմ: Անին հաճախում է մանկապարտեզ, իսկ փոքրիկս` Ալիետան, դեռ ոչ:

Զբաղվածությանս պատճառով նրանք փոքր-ինչ տուժում են: Արդեն հասել եմ այն աստիճանին, որ փոքր աղջիկս կանգնում է հեռուստացույցի առջեւ ու ասում` “Մամա, արի′ տուն”:

Միշտ նայում եմ իմ մասնակցությամբ սերիաները: Դա անհրաժեշտություն է, որովհետեւ գուցե նկատես պահեր, որոնք անհրաժեշտ է շտկել:

Ավելի շատ ուզում եմ իմ դերասանական խաղի մասին առողջ քննադատություն լսել, քան անհիմն քննադատություն կամ գովեստ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին