Երեւանյան գեղեցիկ մայրամուտ եւ տանգոյի ռիթմեր. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքում հյուրերը վայելեցին «Կադանս» նվագախմբի ու պարախմբի այս տարվա վերջին բացօթյա ռոմանտիկ համերգը: Բեմում էր նաեւ Օպերային թատրոնի կամերային նվագախումբը՝ Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ։
Պարային ներկայացման ռեժիսոր Ասատուր Քալաշյանը խոստացավ՝ «Տանգոն տանիքում» համերգային շարքը կվերադառնա մայիսին կամ հունիսին:
«Հանդիսատեսը նոր ձեւաչափերի կարիք ունի, եւ այս նախագիծը մեծ արձագանք գտավ: Եղանակային պայմաններն արդեն ռիսկային էին վերջին համերգի համար, բայց հանրային պահանջը հաշվի առնելով, այն, այնուամենայնիվ, կայացավ»,- նշեց բալետմայստերը։
Քալաշյանի խոսքով՝ սա Օպերային թատրոնի հետ իրենց արդեն երրորդ նախագիծն է. «Դրանք իրարից թե՛ ծրագրի, թե՛ գեղարվեստական առումով կտրուկ տարբերվում են։ Ճիշտ է՝ շատ դեպքերում տանգոյի մասին են, բայց լուծումները տարբեր են»:
Հանդիսատեսին մեկ ժամից ավելի տանգոյի հույզեր էին փոխանցում Մանե Սարգսյան եւ Արմեն Մկրտչյան, Դիանա Տվերդոխլեբ եւ Արշակ Գալուստյան, Աննա Քալաշյան եւ Նարեկ Զոհրաբյան պարային զույգերը։ Նրանք հանդես են գալիս թե՛ մենապարերով, որտեղ ամեն մեկը ներկայանում է յուրովի, թե՛ խմբային համարներով։
«Աղջիկների եւ տղաների առանձին բեմադրությունները նոր ու հետաքրքիր ձեւաչափով են՝ շարժական ձողափայտով: Այս համարը կարծես առանձին ներկայացում լինի. բեմադրությունը Գեորգի Բաբայանինն է։ Ունենք նաեւ Հարություն Թոփալիդիսի եւ Պետրոս Աֆարյանի բեմադրությունները։ Տանգոն բացօթյա տարածքում շատ գեղեցիկ է․ անգամ կան հատվածներ, երբ մարդկանց միջով ենք քայլում։ Այդ մոտիկությունը հանդիսատեսին ավելի է ջերմացնում ու ընդգրկում ներկայացման մեջ»,- պատմեց բալետմայստեր, պարուհի Աննա Քալաշյանը։
Ձողափայտի մոտ բեմադրության ժամանակ աղջիկները պարում են դասական արգենտինյան տանգոներից մեկի՝ Անխել Վիլյոլդոյի El Choclo-ի հնչյունների ներքո, իսկ տղաների պարի հատվածում հնչում է La Muerte del Ángel-ը։ Համերգային ծրագրում հնչում են տանգոյի ամենահայտնի գործերը, սակայն գերակշռում են արգենտինացի նշանավոր կոմպոզիտոր եւ բանդոնեոնի վիրտուոզ Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։
«Կադանս» նվագախմբում հանդես են գալիս ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, ջութակահար Վարազդատ Խաչումյանը, դաշնակահարուհի Սոֆի Միքայելյանը, ակորդեոնահար Մերուժան Եղանյանը եւ կոնտրաբասահար Գուրգեն Ամիրյանը։
«Կադանս»-ի հաջորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Օպերային թատրոնի փակ դահլիճում եւ, Քալաշյանների խոսքով, ամբողջությամբ այլ ծրագրով։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
246





