×


Նելլի. “Աղջկաս հետ “I Love Football” գրությամբ շապիկներով գնալու ենք Րաֆֆիի խաղը նայելու”

Երգչուհի Նելլիի եւ ֆուտբոլիստ Րաֆֆիի առաջնեկը` Անահիտը, ինչպես արդեն պատմել ենք,  ծնվել է Լեհաստանում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել զույգը: Նորաստեղծ ընտանիքն այժմ ապրում է Երեւանում եւ հավաստիացնում, որ հայրենիքում հոգեպես շատ ավելի լավ են զգում: BRAVO.am-ը լուսանկարել է երջանիկ եռյակին եւ զրուցել ընտանեկան, երաժշտական ու ֆուտբոլային թեմաների շուրջ:):  

Նելլիի եւ Րաֆֆիի ընտանիքը


Անահիտը` սիրո ծնունդ :)

Նելլի. Ամուսինս աշխատանքային առաջարկ էր ստացել Լեհաստանի Կալիշ քաղաքի “Կալիսիա” ֆուտբոլային ակումբից: Միասին տեղափոխվեցինք, ինն ամիս այնտեղ բնակվեցինք, երեխա ունեցանք: Ես ուզում էի Հայաստանում ծննդաբերել, բայց այդպես ստացվեց: Իմ ու Րաֆֆիի մայրիկների անվամբ` Անահիտ ենք կոչել աղջկաս: Քանի որ Լեհաստանում ընդունված է երկու անուն դնել, ծննդյան վկայականով դուստրս Անահիտ Ստեֆանին է, բայց երկրորդ անունը գրեթե չենք օգտագործում:

Նելլին եւ փոքրիկ Անահիտ Ստեֆանին


Մի քանի օրից փոքրիկս կդառնա 6 ամսական: Նրա ամենասիրելի գույնը կարմիրն է, դրա համար լուսանկարվելիս ուշադիր նայում էր իր կարմիր կոշիկներին :): Անահիտի ամենասիրելի ուտելիքը հնդկաձավարն է` գրեչկան, նաեւ չի հրաժարվում բանանից: Դեռ ատամ չի հանել, բայց ես արդեն պատրաստվում եմ ատամհատիկին, նույնիսկ տարոսիկներն եմ գնել:): Դուստրս մեր սիրո ծնունդն է, շատ սպասված էր, առաջին օրվանից էլ ուզում էինք` առաջնեկն աղջիկ լինի:

Րաֆֆին` դստեր` Անահիտ Ստեֆանիի հետ


Երեխային միասին են խնամում

Րաֆֆի. Անահիտը նաեւ սիրում է լողանալ, ինչքան էլ սոված լինի, սիրում է, որ ես ու կինս միասին լողացնում ենք: Շատ խելոք է, անծանոթ մարդկանց էլ ժպտում է: Նելլին քնեցնելիս երգում է, մի քանի օր առաջ էլ ես էի երգում` չկարողանալով ծիծաղս զսպեսլ, ինքն էլ ուշադիր նայում էր դեմքիս:): Ես աղջկաս լողացնում եմ, ուտեցնում, երբ պետք է` նաեւ քնեցնում: Իր ծնողներն ենք, պետք է միասին մեծացնենք:

Նելլի. Ինձնից հետո երեխային ամենաշատն ամուսնուս եմ վստահում: Րաֆֆին այնքան հասուն մարդ է, որ գիտակցում է` տգեղ մտածելակերպ է, երբ ասում են` երեխային պետք է միայն մայրը խնամի, հակառակը, հաճույք է ստանում դրանից: Երեխան շատ կապված է իր հայրիկի հետ, եթե անտրամադիր է, պապային տեսնելուց տրամադրությունը բարձրանում է:): Երեխայիս համար ամեն ինչ մեր ձեռքերով ենք անում, դայակի օգնությանը չեմ ուզում դիմել, լավ, թե վատ, ուզում եմ ես խնամել: Անահիտը շատ խելոք երեխա է, եթե չխախտենք քնելու ժամերը, ոչ մի խնդիր չենք ունենա:

Նելլիի եւ Րաֆֆիի ընտանիքը


Ընտանիքում ավելի շատ վաստակում է Րաֆֆին

Նելլի. Ինձ համար ընտանիքս ամեն ինչից առավել է, սիրում եմ նաեւ աշխատանքս, բայց երգը միայն լրացնում է իմ երջանկությունը: Կարծում եմ` Հայաստանում երգչուհի լինելով` շատ փող չես կարող աշխատել: Ի ուրախություն մեզ, ամուսինս այսօր ֆուտբոլով վաստակում է այնքան, որ առանց խնդրի կարողանում ենք ապրել:

Կարող եմ նշել, որ Լեհաստանում բնակվելը ֆինանսական առումով ավելի մատչելի է, երեխային մեծացնելու համար ամեն տեսակի լավ պայման ստեղծված է, բայց երբ քո հարազատ երկրում չես, լեզվին լավ չես տիրապետում, արդեն խնդիր է: Իսկ Հայաստանում ինձ համար ավելի հեշտ է, մայրս օգնում է, բայց ֆինանսապես ավելի դժվար է:

Նելլին եւ փոքրիկ Անահիտ Ստեֆանին


Էմմիի հետ շփում չունի

Նելլի. Այժմ աշխատանքային պասիվ շրջանում եմ, բայց իմ ընկերներից Լեւոն Աթայանի հետ ակուբային ոճի երգերի ձայնագրություններ ենք անում, որոնք հնչում են Ուկրաինայի, Գերմանիայի ակումբներում: Այնտեղ ներկայանում եմ Nelly Ra բեմական անվամբ: Արտերկրում Նելիիի անվամբ մարդիկ շատ են, տարբերելու համար որպես ազգանուն ընտրեցի Րաֆֆիի անվան առաջին երկու տառը:

Ինձ դեռ հիշում են նախկին “Հայեր” խմբի կազմից, ժամանակին ակտիվ աշխատում էինք: Ժակլինն ամուսնացել է, Արշալույսը շուտով կամուսնանա, հիմա չեն երգում, զբաղվում են իրենց մասնագիտությամբ, այլեւս չեն ուզում լինել երգի ասպարեզում: Էմմիի հետ շփում չունենք, բայց վատ ոչ մի զգացողություն իր հանդեպ չկա. տարիներ շարունակ մի մահճակալի մեջ ենք քնել: Այժմ ամեն մեկս մեր ճանապարհն ունենք եւ իրար հանդեպ վատ տրամադրված չենք:

Նելլին եւ փոքրիկ Անահիտ Ստեֆանին


Րաֆֆին կրկին արտերկրյա ակումբում աշխատելու նպատակ ունի

Նելլի. Վերդառնալուց հետո ամուսինս նորից խաղում է “Արարատ” ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլային պայմանագրերի նոր առաջարկներ կան, հնարավոր է` նորից տեղափոխվենք:

Րաֆֆի. “Կալիսիա” ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիրս մեկ տարով էր, բայց որոշ խնդիրներ եղան ակումբի ղեկավարների հետ, այլ պայմաններ էին առաջարկում, պայմանագիրը երկկողմանի չեղյալ արեցինք, եւ ընտանիքով վերադարձանք: Փառք Աստծո, “Արարատ”-ը համեմատած նախորդ տարիների, հիմա շատ լավ վիճակում է: Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հնարավորություն կա, եթե լավ խաղամ, ինձ կնկատեն, բայց հիմա արտասահմանյան լավ ակումբներում խաղալու նպատակ ունեմ, օրինակ` իմ սիրելի անգլիական “Չելսի” ակումբում: Եթե լավ հանդես գամ, հավաքականից էլ հրավեր կլինի:

Նելլին եւ փոքրիկ Անահիտ Ստեֆանին


Նելլի. Մեր հավաքականը լավ ֆուտբոլիստների կարիք ունի, եւ Րաֆֆին այդ ֆուտբոլիստներից մեկն է: Դրսում խաղալով փորձ է ձեռք բերում եւ կարող է հավաքականին օգուտ տալ: Հիմա որոշ առաջարկներ կան, ուղղակի դեռ հաստատված չեն: Արդեն լավ գլուխ եմ հանում ֆուտբոլից, ի դեպ, աղջկաս հետ պատրաստվում ենք գնալ ամուսնուս խաղը նայելու եւ հագնելու ենք “I Love Football” գրությամբ շապիկներ:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW