×


Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Օպերային թատրոնում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը

Դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես կգան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նվագախումբը: Համերգը կղեկավարի մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։

Կհնչի համաշխարհային երաժշտության հզոր եւ հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։

«Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին՝ Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս գլուխգործոցը կենդանի կատարմամբ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:


Ստեղծագործության պատմությունը սկսվում է 1837 թվականին, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ադրիեն դը Գասպարենը հանձնարարում է երիտասարդ կոմպոզիտոր Բեռլիոզին գրել հոգեւոր ստեղծագործություն՝ նվիրված Հուլիսյան հեղափոխության զոհերի հիշատակին։ Բեռլիոզը ոգեւորվում է՝ իր մտքում վաղուց կրելով հսկայական պատարագի գաղափարը, որը նախատեսված էր ավելի քան չորս հարյուր կատարողի համար։

Չնայած պաշտոնական խոչընդոտներին ու միջոցառման չեղարկմանը՝ ստեղծագործությունը առաջին անգամ հնչում է 1837 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Փարիզի Les Invalides դահլիճում, նահատակված զինվորների հուղարկավորման արարողության ընթացքում։ Ռեքվիեմի պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով փառաբանության թե՛ հանրության, թե՛ քննադատների կողմից։ Հետագայում Բեռլիոզը այս գործը կոչեց իր կյանքի ամենակարեւոր ստեղծագործությունը՝ ասելով. «Եթե ստիպված լինեի տեսնել իմ բոլոր ստեղծագործությունների վախճանը, միայն մեկի համար փրկություն կխնդրեի»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW