“Դու մենակ չես, տես, կան կողքիդ մարդիկ օգնող քեզ, դու ունես ընկեր, քո ընկերը քո հավատն է”. այս տողերը երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանի երգից են` նվիրված 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանին: “Դու հաստատ կապրես” երգի տեսահոլովակը եւս պատրաստ է:
ԴերՀովան, Նարեկ Մարտիրոսյանը եւ Էլիզաբեթ Ադիկյանը
Արդեն պատմել ենք, որ Նարեկը հիվանդ է արյան քաղցկեղով: Մոսկվայում բժշկական զննությունից հետո ռուս մասնագետները նշանակել են ոսկրածուծի փոխպատվաստում: Վիրահատությունն արժի 120-130 հազար եվրո:
Գումար գտնելու ու փոքրիկին օգնելու գաղափարն է համախմբել երաժիշտ ԴերՀովային, Էլիզաբեթ Ադիկյանին, “Դու հաստատ կապրես” կարգախոսով բարեգործական նախագծի ղեկավար Հռիփսիմե Հովհաննիսյանին ու նրանց ընկերներին:
ԴերՀովան եւ Նարեկ Մարտիրոսյանը
Հռիփսիմե Հովհաննիսյանը նշում է, որ երաժշտությունն ինֆորմացիա տարածելու ամենաազդեցիկ միջոցն է, եւ իրենք հուսով են` տեսահոլովակի միջոցով էլ ավելի շատ մարդիկ կտեղեկանան խնդրին եւ կցանկանան օգնել Նարեկին: Երգը ստեղծել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա, որն էլ գործիքավորել է ԴերՀովան: Իսկ խոսքերի հեղինակը Տարոն Կոխլիկյանն է:
“Ես սիրով համաձայնեցի օգնել ու աջակցել փոքրիկին: Նարեկը փայլուն երեխա է, ցանկանում եմ նրան առողջություն եւ հուսով եմ` կգտնվի մեկը, ով կկարողանա օգնել ու գումար հատկացնել Նարեկի վիրահատության համար”,-ասել է ԴերՀովան:
BRAVO.am-ը զրուցել է նաեւ Նարեկի մայրիկի` Նաիրա Գրիգորյանի հետ, որը հուզմունքով նշել է հետեւյալը. “Հենց հիմա դեղ է պահանջվում, որի համար բավարար գումար չունենք: Բժիշկը դիմել է հիվանդանոցի հիմնադրամի ֆոնդին, հուսանք` կկարողանանք ստանալ դեղը: Հաշվեհամարի վրա այժմ բավարար գումար չկա”:
ԴերՀովան եւ Նարեկ Մարտիրոսյանը
“Այժմ բոլորն Ամանորից են խոսում: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան` իրենց ամենամեծ նվերը դիմացինին կյանք պարգեւելը կլինի: 100 դրամն էլ կարող է պետքական լինել”,- նշել է Հռիփսիմե Հովհաննիսյանը:
Ի դեպ, ինչպես երեխայի մայրն է նշել, BRAVO.am-ում տեղադրված նախորդ նյութից հետո Նարեկի հաշվեհամարին որոշ քանակությամբ գումար է փոխանցվել: Կոչ ենք անում մեր ընթերցողներին ցանկության ու հնարավորության դեպքում կրկին աջակցել փոքրիկին:
6-ամյա Նարեկի կյանքը կարող է փոխվել մեկ ակնթարթում: Մեր ընթերցողների շրջանում Նարեկին աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին`ՎՏԲ Հայաստան Բանկ, 16 07 60 08 83 79 04/ARM, 16 07 60 08 83 79 05/ USD, 16 07 60 08 83 79 06/EUR եւ 16 07 60 08 83 79 07/RUS: Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Գրիգորյան(Նարեկի մայրը 093674778):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: