×


Նոր «Սինեմա Սթար»-ի բացումն ուղեկցվել է «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի փակ նախադիտմամբ

«Սինեմա Սթար» կինոթատրոնն ընդլայնում է իր ցանցը Երեւանում: «Մեգամոլ Արմենիա» առեւտրաժամանցային կենտրոնում երեկ պաշտոնապես բացվեց կինոթատրոնի նոր՝ թվով երրորդ մասնաճյուղը, ինչի առիթով կազմակերպվել էր նաեւ «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի բացառիկ նախադիտումը: Փակ միջոցառմանը հրավիրված էին կինոթատրոնի հավատարիմ հաճախորդներն ու հատուկ հյուրեր, որոնց թվում էին հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ իրենց բալիկների հետ: BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի ընթացքն ու պարզել, թե ինչ առավելություններ եւ հնարավորություններ ունի նորաբաց կինոթատրոնը:

«Սինեմա Սթար» կինոթատրոնը՝ «Մեգամոլ Արմենիա»-ում


Նշենք, որ «Սինեմա Սթար»-ի նոր մասնաճյուղն ունի չորս մեծ կինոդահլիճ, որոնցից մեկը լյուքս դասի VIP սրահն է: Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն, միջազգային ստանդարտներին համապատասխան հարմարավետ աթոռներ: Կինոթատրոնների ցանցը համագործակցում է «Fox», «Disney», «Paramount Pictures» եւ կինոարտադրող համաշխարհային այլ ընկերությունների հետ, ինչի շնորհիվ էլ կարողանում է հայաստանյան հանդիսատեսին ներկայացնել ամենապահանջված ֆիլմերը: Ցուցադրությունների ժամանակագրումը կատարվում է` հաշվի առնելով տարիքային տարբեր խմբերի այցելուների նախասիրությունները: Ֆիլմերը ցուցադրվում են ինչպես հայերեն եւ ռուսերեն, այնպես էլ՝ ֆիլմի բնօրինակ լեզուներով:

Այդպես է նաեւ «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի դեպքում. ցանկացողներն այն կկարողանան դիտել նաեւ անգլերենով: Ցուցադրությունների մեկնարկը նախատեսված է այսօրվանից՝ նոյեմբերի 28-ից, այսինքն՝ սպասված ֆիլմն արդեն «Սինեմա Սթար» կինոթատրոնների էկրաններին է: Ինչպես հայտնի է, այն «Walt Disney» ընկերության նկարահանած «Սառցե սիրտը» մուլտֆիլմի շարունակությունն է, որը համաշխարհային պրեմիերայի շրջանակում արդեն հասցրել է գերազանցել բոլոր ռեկորդները՝ կինովարձույթում հավաքելով ավելի քան 358 միլիոն դոլար:

«Սինեմա Սթար» կինոթատրոնը՝ «Մեգամոլ Արմենիա»-ում


Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հրաշքների աշխարհում, որի բնակիչներն են չքնաղ արքայադուստրերը, անվախ արքայազնները, չար թագուհիները եւ հետաքրքիր այլ հերոսներ: Ըստ երկրորդ մասի սյուժեի՝ Աննան, Էլզան, Քրիստոֆը, իր հավատարիմ եղջերու Սվենն ու երբեք չհուսահատվող ձնեմարդ Օլաֆը պետք է թողնեն հարմարավետ Էրենդել թագավորությունը եւ ուղեւորվեն հյուսիս: Ճամփորդությունը խոստանում է նրանց առջեւ բացել հնագույն լեգենդներից մեկի գաղտնիքը:

Լուսինե Թովմասյանը եւ փոքրիկ Արիանան


Իհարկե, ֆիլմն այդպիսի մեծ հաջողություն չէր ունենա, եթե չհետաքրքրեր ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծերին: Լուսինե Թովմասյանը, օրինակ, ով նույնպես փակ նախադիտման հյուրերի թվում էր եւ դստեր հետ եկել էր ֆիլմի երկրորդ մասը դիտելու, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ հասցրել են արդեն ավելի քան երեսուն անգամ միասին դիտել առաջին «Սառցե սիրտը»: Նրա դուստրը՝ Արիանան, էլ ասաց, որ իր սիրելի հերոսուհին Էլզան է: Դիզայներ, մոդելավորող Դիանա Շատվերյանի դուստրը նույնպես անկեղծացավ, որ մուլտհերոսներից ամենասիրելին հենց Էլզան է: Նա նույնիսկ կինոդիտմանը եկել էր մի ինքնատիպ շապիկով, որի վրա պատկերված էր ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էլզան: Բայց ինչպես պարզվեց, մայրիկի նախընտրությունները տարբեր էին. Դիանայի ամենասիրելի հերոսն Օլաֆն է՝ ուրախ, բարի ու զվարճասեր ձնեմարդը:

Դիանա Շատվերյանը՝ դստեր հետ


Եթե դուք նույնպես սպասել եք հեքիաթային այս գեղեցիկ պատմությանը եւ ուզում եք իմանալ, թե ինչ նոր արկածների միջով պիտի անցնեն ձեր սիրելի մուլտհերոսները, ապա շտապեք կինոթատրոններ, քանի դեռ ֆիլմը մեծ էկրաններին է: Դե, իսկ «Սինեմա Սթար»-ի ղեկավարները վստահեցնում են, որ սա երրորդ, բայց ոչ վերջին մասնաճյուղն է: Առաջիկա տարիներին կինոթատրոնների ցանցը կշարունակի ընդլայնվել՝ նոր կետեր ունենալով քաղաքի տարբեր հատվածներում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport