Լուսինե Երնջակյանի բեմադրած «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումն արդեն 9 տարի է` Կամերային թատրոնում լեփ-լեցուն դահլիճներով է անցնում:
Մարդիկ մեկ անգամ չէ, որ գալիս են դիտելու սիրված այս ներկայացումը, շատերն էլ դեռ նոր են բացահայտում այն: Ներկայացման հաջողության գաղտնիքը, իհարկե, ոչ միայն դերասանների ճիշտ ընտրությունն է, այլեւ պիեսի թեման, որն արդիական է բոլոր ժամանակներում: Այն բեմադրված է Լեոնարդ Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի հիման վրա, իսկ դերերում հանդես են գալիս Արշալույս Հարությունյանը, Լիլի Էլբակյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լուիզա Ներսիսյանը եւ Արսեն Գրիգորյանը:
«Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացմանը
Բեմում ներկայացվում է սիրո պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի եւ դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջկա մասին: «The Beautified Project»-ի «Help me» երգի հնչյունների ներքո կիթառը ձեռքին` բեմում է հայտնվում գլխավոր հերոսը` Դոնը, որին այնուհետեւ միանում է հարեւանուհին` Ջիլը: Սկսվում է ակտիվ ու կրքոտ երկխոսոթյունը, որից հետո գործողությանը միանում են նաեւ Դոնի մայրն ու Ջիլի պրոդյուսերը: Ի դեպ, նշենք, որ Ջիլի կերպարում զուգահեռ հանդես են գալիս թե՛ Լիլի Էլբակյանը եւ թե՛ Նազենի Հովհաննիսյանը: Ի սկզբանե ներկայացումը բեմադրվել է Լիլի Էլբակյանի մասնակցությամբ, բայց քանի որ դերասանուհու ընտանիքում համալրում է սպասվել, ռեժիսորը ստիպված է եղել նոր դերակատար փնտրել Ջիլի կերպարի համար: Հենց այդ ժամանակ էլ հրավիրել են Նազենի Հովհաննիսյանին, ու նրանք մինչ օրս խաղում են նույն կերպարում:
«Նրանք երկուսն էլ զուգահեռ հանդես են գալիս ներկայացման մեջ, պարզապես Նազենին գուցե մի փոքր ավելի քիչ է խաղում զուտ այն պատճառով, որ երկրից ավելի շատ է բացակայում: Մենք էլ, իհարկե, փորձում ենք հարմարվել նրա աշխատանքային գրաֆիկին: Բայց հիմնականում մի ներկայացում խաղում է Նազենին, մի ներկայացում` Լիլին: Այսինքն՝ այնպես չէ, որ երկար ընդմիջումից հետո է Նազենին այսօր կրկին թատրոնում»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Երնջակյանը:
«Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացմանը
Ռեժիսորը պատմում է, որ այս տարիների ընթացքում նույնիսկ զույգեր են եղել, որ հենց ներկայացման ժամանակ են հանդիպել, ծանոթացել ու այնուհետեւ ամուսնացել. «Մի աղջիկ կար, որ ներկայացումը դիտելուց հետո փողոցում կույր տղայի էր հանդիպել ու առաջարկել էր ծանոթանալ: Հետո նրանք ընկերացել էին, իսկ այսօր արդեն ընտանիք են կազմել ու երջանիկ ապրում են: Այսինքն՝ ներկայացումը ստիպում է վերագնահատել շատ արժեքներ, եւ սա ես հաղթանակ եմ համարում մեզ համար»,- ընդգծեց Լուսինեն:
Այս տարիների ընթացքում ներկայացումը լուրջ փոփոխություններ չի կրել, թեեւ դերասաններն ամեն անգամ մի նոր իմպրովիզ են անում իրենց խաղում: Ռեժիսորի խոսքով՝ բեմադրելիս իրենք զգալիորեն թարմացրել ու փոփոխությունների են ենթարկել ներկայացումը, բայց այսօրվա դրությամբ այն արդեն իր կյանքով է ապրում. «Դերասաններն այնքան ներդաշնակ են դարձել իրենց կերպարների հետ, որ հիմա արդեն շատ դժվար կլինի առանձնացնել նրանցից այդ դերը: Այն դարձել է նրանց մի մասը: Եվ կատարվող փոփոխություններն արդյունք են նրա, որ դերակատարներն արդեն ավելի մոտիկից են ճանաչում իրենց հերոսին: Նրանց իմպրովիզներն էլ այնքան համահունչ են ներկայացմանը, որ նույնիսկ չեն խանգարում, այլ ընդհակառակը՝ ավելի են գունավորում ու հետաքրքիր դարձնում»:
Լուիզա Ներսիսյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Արշալույս Հարությունյանը
Նազենին, ում մարդիկ ավելի սովոր են տեսնել հեռուստաէկրանին, ներկայացման սկզբում միշտ ստիպված է լինում կոտրել այն կարծրատիպը, որ ինքը հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն է: Հանդիսատեսը նրան ավելի հաճախ տեսնում է հեռուստատեսային լուրջ եւ խիստ կերպարում, իսկ Ջիլի դերում նա հանդես է գալիս 19-ամյա համարձակ աղջկա կերպարում, ով պատրաստ է ծանոթանալ առաջին իսկ հանդիպած հարեւանի հետ, նույն օրն ընկերանալ եւ նույնիսկ մտերմանալ նրա հետ: Արդյո՞ք նմանություններ տեսնում է իր եւ Ջիլի կերպարի միջեւ՝ դերասանուհին դժվարանում է պատասխանել: Ասում է՝ դեռ հարց է, թե ով է ում ավելի նման՝ ի՞նքը կերպարին, թե՞ կերպարն իրեն.
«Արշոն լավագույն գործընկերն ու խաղընկերն է, որին երբեւէ կարելի է պատկերացնել: Ներկայացման ընթացքում այնքան իմպրովիզներ են արվում, որ արդեն բարդ է ասել՝ ես եմ այդ կերպարը ստեղծում, թե այդ կերպարն է անդրադառնում իմ կյանքի ու իմ անձի վրա: Սուտ է, որ ասում են՝ կերպարը չի ներազդում: Իհարկե, ազդում է, անշուշտ, ես կյանքում օգտագործում եմ իմ այս կերպարին բնորոշ խոսքեր, ժեստեր. ինձ ճանաչող մարդիկ գիտեն իմ գժությունների մասին: Բայց եթե անկեղծ ասեմ, Ջիլն ունի հատկություններ, որոնք իմ անձի հետ կապ չունեն: Իհարկե, ես այդպիսին չեմ, ես ինձ այդպես չեմ պահի, կամ այդպես ծամոն չեմ ծամի, իհարկե, ես այդպես չեմ գռեհկանա, ինչպես նա կարող է իրեն թույլ տալ: Սրանք մշակութային ու անձնային տարբերություններ են, որոնք չէին կարող չլինել: Ի վերջո, Ջիլը հիմա 19 տարեկան է, իսկ ես իմ փաստացի կյանքում՝ շուտով 36»,- նկատեց Նազենին:
«Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացմանը
Իհարկե, նրանք, ովքեր ներկայացումը դիտել են Լիլի Էլբակյանի մասնակցությամբ, կարող են պնդել, որ ավելի լավ դերակատար չի կարող լինել այդ կերպարի համար: Շատերն էլ միանշանակ հավանած կլինեն Նազենիի խաղը Ջիլի կերպարում: Բայց սա խոսում է այն մասին, որ ներկայացումը հաջողված է, ավարտուն եւ դեռ երկար ժամանակ կմնա Երեւանի պետական կամերային թատրոնի բեմում:
Տեքստը`Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: