Այսօր կայանալիք Բըրնսի ընթրիքի համար Շոտլանդիայից Հայաստան է բերվել “հագիսը”: Շոտլանդական այս ուտեստն երեկ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Խանջյան” դահլիճում հանդիսավոր կերպով հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին, որն էլ խոստովանեց` շոտլանդական արմատներ ունի:):
Շոտլանդական "հագիսը" հանդիսավոր կերպով հանձնվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին
Արարողությունը ընթացավ “Jedburgh Royal British Legion” պարկապզուկահարների անսամբլի գլխավոր պարկապզուկահար Իան Մակդոնալդի հնչեցրած շոտլանդական երաժշտության ներքո:
“Ինձ համար մեծ պատիվ է այսօր, որպես Մեծ Բրիտանիայի դեսպան, Հայաստանում ներկայացնել հագիսը, որ ժամանել է մեր հատուկ տոնակատարության` Բըրնսի երեկոյի համար”,-ասել է Քեթրին Լիչը` պատմելով շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի մասին, որին էլ նվիրված է բարեգործական ընթրիքը:
Շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունեցող Բըրնսի ընթրիքը ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում, արդեն 14 տարի է` նաեւ Հայաստանում:
“Jedburgh Royal British Legion” պարկապզուկահարների անսամբլի գլխավոր պարկապզուկահար Իան Մակդոնալդը
Ընթրիքի առանցք հանդիսացող “հագիսը”, որը պատրաստվում է ոչխարի ներքին օրգաններից եւ լցոնվում ստամոքսի մեջ, այս տարի Հայաստան է բերել “The Scottish Borders”-ի ղեկավար Ջեյմս Լեոնարդ Ուիզը: Հենց նա էլ այսօրվա երեկույթի ժամանակ իրականացնելու է հագիսի կտրման արարողությունը` շոտլանդերենով հատուկ ելույթի ներքո:
Բըրնսի երեկույթն, ինչպես արդեն նշեցինք, բարեգործական է: Նախորդ տարի Հայաստանում կազմակերպված ընթրիքի ընթացքում հավաքագրվել է 27 000 դոլարին համարժեք հանգանակություն, որ ուղղվել է բարեգործական տարբեր ծրագրերին` ապահովվել է լեյկեմիայով հիվանդ երեխայի մեկ տարվա բուժումը, դիաբետով տառապող երեխաների համար գնվել են գլյուկոմետրեր, ձեռք է բերվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար զարգացնող սարքավորում, նորածինների համար հատուկ սարքավորում, աջակցություն է տրամադրվել սահմանային գյուղերում ապրողներին, “Զատիկ” մանկատան սաները մեկ տարի ուսանել են անգլերեն լեզու և համակարգիչ:
Շոտլանդական "հագիսը" հանդիսավոր կերպով հանձնվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին
Հայաստանում Բըրնսի ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Միջոցառման հովանավոր “bmi ավիաուղիներ”-ն է իր ինքնաթիռով Հայաստան բերել շոտլանդացի երկու հատուկ հյուրին:
Պատրաստեց` Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: