×


Ովքե՞ր են մասնակցելու 10-րդ “Հայ ֆեստ”-ին

Առաջին “Հայ ֆեստ”-ի մեկնարկը տրվել է 2003 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավանդույթը պահպանելով` թատերական փառատոնն այս տարի կրկին կբացվի հոկտեմբերի 2-ին:

Տասներորդ “Հայ ֆեստ”-ի կարգախոսն է “Never Miss”

Տասներորդ “Հայ ֆեստ”-ի կարգախոսն է “Never Miss”: “Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մշակվել է նոր լոգո եւ կարգախոս, որը նշանակում է մի՛ վրիպեք, բաց մի՛ թողեք”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

“Փառատոնը կբացվի ճապոնացի թմբկահարների ելույթով: Ծրագիրը հետաքրքրիր է, ներառում է վարպետության դասեր, այդ թվում` դերասանի վարպետություն, բեմական խոսք, վոկալ, ինչպես նաեւ` Վրաստանի հետ համատեղ կազմակերպված մշակութային պլատֆորմ”, - տեղեկացրել է փառատոնի նախագահը:

“Հայ Ֆեստ”-ի ընթացքում հանդես է գալու թատերական ու պարային 25 խումբ եվրոպական երկրներից, Ճապոնիայից, Իրանից, Վրաստանից: Ինչպես նշել է Արթուր Ղուկասյանը, այս տարի մեծ ուշադրություն է հատկացվելու բացօթյա ներկայացումներին. նախատեսված է 5-ից 8 բացօթյա ներկայացում Շառլ Ազնավուրի հրապարակում ու Հյուսիսային պողոտայում:

Արթուր Ղուկասյան. \"Փառատոնի հյուրերի համար նախատեսված բաժակներն այս օրերին նկարազարդում են մանկատների երեխաները\"

Փառատոնի օրերին ցանկության դեպքում կարող եք դիտել արտերկրում հայտնի թատրոնների ներկայացումներ. Երեւան են ժամանելու Դադադադան Տենկոն Ճապոնիայից, Լա Գոլուզ թատրոնը Ֆրանսիայից, Թումանիշվիլու կինոյի դերասանի թատրոնը Վրաստանից:

Հայկական թատրոններից փառատոնին մասնակցելու են “Միհր”, Տիկնիկային, ԳԱԿ փոքր ու Պատանի հանդիսատեսի թատրոնները: Փառատոնի նախագահը հետեւյալ կերպ է բացատրել հայաստանյան թատրոնների պասիվությունը միջազգային փառատոնին մասնակցելու հարցում. “Միգուցե մենք անհետաքրքիր ենք նրանց համար որպես հարթակ կամ միգուցե ներկայացումը համապատասխան չէ մեր փառատոնին: Ովքեր մեզ դիմում են, ընդունում ենք, այս տասը տարվա մեջ մեկ-երկու դեպք է եղել, որ մերժել ենք. օրինակ` մարզային թատրոններից մեկն ուզում էր, որ հոգանք ե՛ւ ճանապարհածախսը, ե՛ւ Երեւանում մնալու հարցը, նաեւ հոնորար էին ուզում ստանալ”:

Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ չեն ժամանելու ռուսական թատերախմբեր. “Խմբերի մասնակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու կողմն էլ ջանք են գործադրում: Մենք ուզում էինք, որ ռուսները գան, բայց ֆինանսական խնդիրների պատճառով նրանք չեն մասնակցի: Քաղաքական ենթատեքստ չկա, պարզապես այս տարի ռուսների այցը չստացվեց”:

“Կապույտ մարդիկ” ներկայացմանը (\"Հայ ֆեստ\" 2011)

“Հայ Ֆեստ”-ն այս տարի գործակցում է սոցիալապես խոցելի խավերի երեխաների հետ: “Փառատոնի հյուրերի համար նախատեսված բաժակներն այս օրերին նկարազարդում են մանկատների երեխաները, այսինքն` թատրոնի մասին իրենց պատկերացումները լինելու են բաժակների վրա: Նրանց համար կանցկացվեն արտ-թերապիայի դասեր, նաեւ անվճար կդիտեն մանկական ներկայացումները”,-նշել է Արթուր Ղուկասյանը:

Փառատոնի բեմադրությունները կընդգրկվեն հիմնական եւ ֆրինջ (ոչ հիմնական), “Արմս ֆեստ” ուսանողական բեմադրությունների, տիկնիկային ու մանկական ներկայացումների ծրագրերում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ մինչեւ հոկտեմբերի 9-ը:

BRAVO.am-ը “Հայ ֆեստ”-ի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/

Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Հայ ֆեստ”-ի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW