«Բացիր աչքերդ» սերիալում Գալայի դերակատար Արուսիկ Գրիգորյանը Թատերական ինստիտուտի ուսանողուհի է, այժմ սովորում է դերասանական արվեստ բաժնի մագիստրատուրայում: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցի ընթացքում երիտասարդ դերասանուհին խոսել է իր առաջին գլխավոր դերի եւ Գալայի հետ ունեցած նմանությունների մասին:
«Նախկինում չեմ մասնակցել»
Սերիալում հայտնվել եմ քասթինգի միջոցով, որոնց նախկինում հիմնականում չեմ մասնակցել: Մինչ այս առանձնապես ցանկությունս մեծ չէր նկարահանվելու, քանի որ դասերը բավական երկար ժամանակ են խլում, բացի դա, այժմ խաղում եմ Մալյանի անվան թատրոնում: Մտածում էի` սովորեմ, ավարտեմ, հետո նոր միայն աշխատանքի կանցնեմ, կխաղամ սերիալներում, ֆիլմերում:
«Գալան չոր աղջիկ է, իսկ ես ավելի հեղհեղուկ եմ»
Գալայի կերպարն առաջին գլխավոր սերիալային դերս է: Ի տարբերություն ինձ` նա շատ չոր աղջիկ է, ես ավելի հեղհեղուկ եմ, ակտիվ, շատ եմ խոսում, խոսելիս էլ անընդհատ ժեստեր եմ օգտագործում: Գերակտիվ եմ, կարելի է ասել` ոտքով, ձեռքով, գլխով շարժվում եմ խոսելիս, իսկ Գալան ավելի կազմակերպված է: Նա նաեւ անկեղծ է, խոսում է իր սիրո մասին, իսկ ես եթե սիրեմ, առանձնապես ցույց չեմ տա:
Արուսիկ Գրիգորյանը
«Նման ենք…»
Ինչ-որ առումով ես էլ Գալայի ճանապարհն եմ անցել: Նման ենք նրանով, որ երկուսս էլ սիրում ենք սովորել, այն էլ` անվճար: Երբ 2-րդ կուրսում էի սովորում, կուրսընկերուհիներիցս մեկի հետ աշխատում էի դասերից հետո, իսկ գիշերներն էլ նստում ու դասերս էի անում: Եթե մարդ ունի ձգտում, ցանկություն, ամեն ինչի էլ կարող է հասնել:
«Խանութներում այլեւս հերթ չեմ կանգնում:)»
Գալային շատ սիրեցի, այն ինձ վստահություն տվեց, որ կարող եմ խաղալ զուսպ կերպար: Ինձ միշտ թվում էր, թե չեմ կարողանա հրաժարվել իմ ժեստերից, խոսելիս անընդհատ շարժվելիս, բայց փաստորեն ստացվեց: Հնարավորություն ունեցա տեսախցիկի հետ աշխատել, իհարկե, նաեւ հայտնիություն տվեց. խանութներում այլեւս հերթ չեմ կանգնում:):
«Ամենածիծաղելի ֆիլմը դիտելիս էլ լացում եմ»
Փոքրուց չէի կողմնորոշվում` բժիշկ դառնալ, քիլեր, թե մեկ այլ մասնագիտություն ընտրել: Բայց շատ էի սիրում ֆիլմեր դիտել. կինոման եմ: Աշխարհի ամենածիծաղելի ֆիլմը դիտելիս էլ լացում եմ: Կինոյի հանդեպ սերն է ինձ ինստիտուտ տարել, որտեղ էլ ծանոթացա եւ սիրահարվեցի թատրոնին: Հետո դերասանի մասնագիտության նյութը մարդն է, ուսումնասիրում ես մարդուն, նրա ներաշխարհը: Հետաքրքիր աշխարհ է, որտեղ ապրում ես տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կյանքով:
«Քչերը գիտեն…»
Շատ քչերը գիտեն, որ իմ կյանքում մեծ տեղ ունի նաեւ լողը: Միշտ կատակում եմ, որ երկրորդ մասնագիտությամբ լողորդ եմ: Նաեւ սիրում եմ հաճախ ներկայացումներ դիտել, որն արդեն մասնագիտականի հետ է կապված:
«Գոնե չկորցնեմ»
Շատ-շատ երազանքներ ու ցանկություններ ունեմ, բայց ինձ չեմ կարող կարիերիստ համարել: Կուզեմ, որ իմ կյանքում միշտ կարողանամ համատեղել ընտանիքս ու կարիերաս, լինեմ բերմում եւ գոնե թատրոնը չկորցնեմ:
«Բացիր աչքերդ» սերիալի կազմը
«Ավելի չարաճճի եմ, քան փոքր քույրս»
Իմ ընտանիքում դերասաններ չկան. այս գիծը ես եմ սկսել: Մայրս թատերասեր է, միշտ թատրոն է հաճախում, իսկ հայրս կինոման է: Թեեւ տան մեծը ես եմ, բայց ավելի չարաճճի եմ, քան փոքր քույրս: Երեխայական հատկանիշները դեռ չեն կորել իմ մեջ, հուսամ` չեն էլ կորի:):
«Նա, ում կսիրեմ…»
Ի տարբերություն Գալայի` իմ կյանքում դեռ չկա սիրելի անձնավորություն. շատ լուրջ եմ մոտենում անձնական հարցերին: Հուսամ` նա, ում կսիրեմ, կլինի հումորով, ինքնահաստատված եւ համարձակ: Իսկ Արմենի դերակատարի հետ շատ լավ, ընկերական եւ ջերմ հարաբերություններ ունենք: Առհասարակ, մեր ֆիլմի անձնակազմը շատ լավն է, ուրախ եմ, որ աշխատել ենք միասին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արուսիկ Գրիգորյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: