×


Որո՞նք են Սերգեյ Սմբատյանի մրցանակներն ու խնդիրները

BRAVO.am-ը վերջերս հանդիպել ու զրուցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որն էլ պատմել է “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի շրջանակում ստացած մրցանակի, արվեստում առկա խնդիրների, նվագախմբի նոր նվաճումների, կայանալիք համերգների եւ իրականացված միջոցառումների մասին:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Երկար սպասված ուղեւորությունը Վաշինգտոն

Ուզում եմ պատմել մի իրադարձության մասին, որն այժմ շատ կարեւոր է մեզ համար: Նվագախումբը մեկամսյա շրջագայություն կունենա ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում: Մենք կմասնակցենք աշխարհի ամենահայտնի մաեստրոներից Լորին Մաազելի փառատոնին: Կարծում եմ՝ սա մեծ հաղթանակ է մեզ համար, որովհետեւ ոչ խորհրդային, ոչ անկախ Հայաստանի պատմության մեջ նման բան չի գրանցվել` Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կվերածվի ռեզիդենտ նվագախմբի:

2007 թվականից սկսած՝ Միացյալ Նահանգներից ունեցել ենք տարեկան երկու հրավեր: Ես շատ սիրում ու գնահատում եմ մեր սփյուռքի ներկայացուցիչներին, բայց չեմ հասկանում, երբ մեր երկրի արվեստը նրանց կողմից ընդունվում է որպես ժամանցային երեւույթ: Մերժում էի այդ հրավերները, որովհետեւ չէի ուզում մեկնել ու ներկայանալ միմիայն հայ համայնքի առջեւ: Որոշվեց, որ կամ կմեկնենք Վաշինգտոն, կամ էլ ելույթ կունենանք Նյու Յորքում: Մեզ շատ հաջողակ եմ համարում, որովհետեւ վերջապես ստացանք այդ հրավերը:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Մեծ մի խնդիր ունենք …

Արվեստում այսօր շատ մեծ խնդիր կա` ճիշտ մենեջմենթ չունենք: Վերջերս դասախոսություն ունեցա Սլավոնական համալսարանում` արտ-մենեջմենթ թեմայով, ուսումնասիրել ու նկատել եմ, որ իսկապես մեծ խնդրի առջեւ ենք կանգնած: Մենք ունենք մշակույթային լավ ռազմավարություն, գաղափար, բայց ճիշտ մենեջմենթը բացակայում է:

Արդյունքը պահանջարկն է

Դասական արվեստը պետք չէ մասսայականացնել, որ այն արժեզրկվի: Բայց եթե ճիշտ ներկայացնել հասարակության տարբեր շերտերին, ապա արդյունք կունենանք: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է գոնե մեկ անգամ նոր որեւէ բան համտեսել: Այդ մարդուն պարզապես պետք է առաջարկել, հետո արդեն եզրակացություններ կանի` սիրում է, թե ոչ: “Արամ Խաչատրյան” համերգասրահը 1300 հանդիսատեսի համար է նախատեսված, մեր առաջիկա համերգներին ցանկություն է հայտնել մասնակցել եւս 1000 երիտասարդ: Այսպիսով, տեսնում ենք, որ ունենք արդյունք` պահանջարկ:

Երիտասարդական նվագախումբը թողարկել է “Music is the Answer’’ ձայնասկավառակը


“Վարդագույն ակնոցներն” ու նվագախմբի ձայնասկավառակը

Ձայնասկավառակի առիթով դրական բազմաթիվ արձագանքներ ենք ստացել: Նվագախումբը հասցրել է նոր ձայնասկավառակ ձայնագրելու առաջարկներ ստանալ: Չեմ ուզում, որ շատ մարդիկ Երեւանում գնեն CD-ն, որովհետեւ չեմ ուզում, որ հաճախորդը գնա խանութ՝ որեւէ ձայնասկավառակ գնելու, պատահաբար տեսնեի մերն ու գնի: Ձայնասկավառակը պրոֆեսիոնալության չափանիշ է:

Ցավոք սրտի, Հայաստանում դեռեւս չունենք այդ մասսայականությունը, պետք էլ չէ, որ ունենանք. այդքան էլ դրական երեւույթ չէ: Բայց փոխարենն ունենք այն, ինչ ունենք: Եթե մշտապես վարկաբեկենք մեր ունեցածն ու նոր, լավ բան չստեղծենք, ուրեմն նույնպես վարկաբեկված կլինենք: Չեմ ուզում՝ վարդագույն ակնոց կրենք ու ասենք, որ ամեն ինչ լավ է: Այո, վատ է, բայց մերն է, ուրեմն կփոխենք: Առողջ քննադատությունը խթանում է հետագա զարգացմանը:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն ու Խաչատուր Աբովյանի անվան մեդալը

Մարտի 26-ին “Hollywood Non-Stop’’ համերգաշարի շրջանակներում տեղի ունեցած համերգին Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հանձնարարությամբ՝  Սերգեյ Սմբատյանը Խաչատուր Աբովյանի անվան մեդալի արժանացավ: Մեկ ամիս անց` “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012’’-ի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  ղեկավարությամբ, հայկական  մշակույթը Եվրոպայում ներկայացնելու համար  հատուկ մրցանակի արժանացավ:

Մանկավարժական համալսարանից նման մեդալ ստանալը շատ հաճելի էր ամբողջ կոլեկտիվի համար: Մրցանակն անսպասելի էր, բայց շատ պարտավորեցնող: Այս մեդալը չի փոխում վերաբերմունքը, մոտեցումն այն ամենին, ինչով զբաղվում ենք, պարզապես հաճելի է, որ գնահատում են աշխատանքդ: Մրցանակներն ավելացնում են ինքնավստահությունդ. փաստորեն ճիշտ ճանապարհի վրա ենք:

Ուզում եմ միշտ դրականը տեսնել, շատ լավ է, որ բոլորը միասին հավաքվում են Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: “Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն” էլ որպես երեւույթ միանշանակ լավն էր, իսկ ամենից ուրախ կետն ինձ համար “Կատուներ’’ խմբի ու Վահագն Հայրապետյանի մրցանակն էր: 2007 թվականին եւս երկու մրցանակի ենք արժանացել:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Մտածում ենք համագործակցել Վահագն Հայրապետյանի հետ

Ասել, որ Վահագն Հայրապետյանը լավ երաժիշտ է, նշանակում է ոչինչ չասել իր մասին: Նա փայլուն է, ու ես հպարտ եմ դրա համար: Շատ լավ զարգանում է ռոքը. ինձ համար առանձին անուն է “Դորիանս’’-ը: Դեռեւս գաղափար է, բայց մտածում ենք համագործակցել Վահագն Հայրապետյանի հետ: Նման մտքեր շատ ունենք. գենետիկորեն պահպանված կնիք չկա նվագախմբի վրա:

Ի՞նչ պատահեց ու ի՞նչ է սպասվում

Եթե էքսկուրս կատարենք տարվա սկզբից, ելույթ ունեցանք աշխարհի լավագույն ջութակահարներից մեկի` Ռոման Սիմովիչի հետ: Բուհերում անցկացված  ‘Hollywood Non-Stop’’ համերգների շարքը եւս հաջողությամբ պսակվեց: Առջեւում էլ շատ միջոցառումներ կան: Մենք սեփական PR-ի վրա աշխատելու փոխարեն, պարզապես մեր գործն ենք անում:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Սերգեյ Սմբատյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW