×


Ուխտագնացություն դեպի Ազնավուրի շիրիմ

Մեկ տարի առաջ այս օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան եւ բարերար Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որին տեղում եւ հեռակա հետեւում էին բազմահազար մարդիկ։ Մաեստրոն սակայն, որպես վերջին հանգրվան չէր ընտրել հայտնի մարդկանց գերեզմանատունը, նա ցանկացել էր թաղվել ընտանեկան գերեզմանատանը, որը գտնվում է Մոնֆոր Լամորի համայնքում` Փարիզից մեկ ժամ հեռավորությամբ։ Նա գերեզմանատուն էր կառուցել  ծնողների եւ վաղաժամ կորցրած որդու համար, որոնց էլ միացավ` առհավետ։ 

Մենք այցելեցինք մեծանուն հայի շիրիմին եւ շրջեցինք այս քաղաքում, որը զբոսաշրջության ոլորտում մեծ հետաքրքրություն է առաջացրել` Ազնավուրի երկրպագուների շնորհիվ։


Ֆրանսիայում գերեզմանները տարբերվում են հայկականներից` այստեղ դրանք «հարկերով» են դասավորվում` մեկ տեղը` մի ընտանիքի համար։ Այսինքն` մեկ տեղը փորվում է խորությամբ եւ քարե բաժանումներով առանձնացվում։ 

Շառլ Ազնավուրն ինքն էր պատրաստել այս շիրիմը, որի շիրմաքարը փակ է դռնով, վերեւում խաչ կրող կոթող է, վրան գրված` Ազնավուրյան ընտանիք, Կառվարենց։ Այստեղ է թաղված նաեւ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը, ով Շառլ Ազնավուրի մտերիմ ընկերն էր եւ նրա քրոջ ամուսինը։

Կոթողի ճաղերին մշտապես ծաղիկներ են ամրացված, առջեւում` մոմեր, նկարներ, խաչեր. երկրպագուներն իրենց սերն են բերում այստեղ։ 


Ծաղիկներ գնելիս զրուցեցինք մոտակա ծաղկի խանութի տիրուհու հետ։ Կառոլը մեզ հետ զրույցում պատմեց, որ Ազնավուրն ամեն օր այստեղ է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների։ Տեղացիներից եւ հեղինակավոր այս քաղաքում ամառանոցներ ունեցող ֆրանսիացիներից բացի, այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ օտարերկրացիների եւ, իհարկե, նաեւ հայերի։ 

«Մեր քաղաքի գերեզմանոցում արդեն իսկ կային հայտնի մարդկանց շիրիմներ, սակայն Պարոն Ազնավուրի հեղինակությունը մեզ մոտ է բերում հազարավոր մարդկանց։ Չկա մի օր, որ մեզնից նրա գերեզմանի տեղը չհարցնեն եւ ծաղիկ չտանեն։ Ցավոք, ես անձամբ չեմ ճանաչում նրան, բայց տեսել եմ մեր քաղաքում, նա շատերի հետ էր շփվում, տարբեր տեղեր էր այցելում, կյանքով լեցուն մարդ էր»,-նշեց ծաղկավաճառը։ 

Ընտրելով այս քաղաքի գերեզմանոցը` մաեստրոն իր սիրելի քաղաքը հանրահայտ դարձրեց։

Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport