×


Ուրիշ Հայաստանից մինչեւ ժպտացող Կոմիտաս. ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 90-ամյակին

Միայն մեր բնապատկերներին հատուկ անուշ ու վառ գույներ, ժպտացող Կոմիտաս, ժայռեր, դիմանկարներ ու էլի գույներ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի առաջին եւ չորրորդ հարկերի պատկերասրահներում կարող ենք տեսնել բոլորովին այլ բնապատկերներ, բոլորովին այլ Կոմիտաս, բոլորովին այլ ժայռեր ու դիմապատկերներ. կարճ ասած՝ բոլորովին այլ Հայաստան, Հայաստան՝ 20-րդ դարի մեր լավագույն նկարիչներից մեկի՝ Հենրիկ Սիրավյանի աչքերով:

Հենց առաջին հարկի պատկերասրահի ձախակողմյան պատին ցուցադրված առաջին նկարից, կարող ենք ասել, սկսվել է պատմությունը, պատմություն, որը սկիզբ առնելով այդ նկարից՝ ունեցավ հետաքրքիր ու հագեցած շարունակություն:

Հենրիկ Սիրավյանի հոբելյանական ցուցահանդեսին


«Բջնի, վաղ առավոտ». այս նկարը ցուցադրվել է 1957 թվականին՝ Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսում: Այնտեղ էր եւ Մարտիրոս Սարյանը, ով տեսնելով պատկերվածը, միանգամից ցանկանում է ծանոթանալ հեղինակի հետ: Ավելի ուշ նրանց ծանոթությունը տեղի է ունենում, ինչին հաջորդում է Սարյանի առաջարկը՝ աշխատանք իր արվեստանոցում: «Ես ամբողջ կյանքում երազել էի ունենալ Մեծ Վարպետ»՝ առաջարկին արձագանքել է երիտասարդ Հենրիկ Սիրավյանը:

«Հայրիկը 1958-1966 թվականներին եղել է Մարտիրոս Սարյանի աշակերտը եւ այդ ութ տարիներին աշխատել է Սարյանի արվեստանում, որից չորս տարին ապրել է մեծ վարպետի տանը, շրջագայել են միասին՝ զավակի պես սիրել եւ օգնել է նրան: Հայրիկիս մուտքն այս պատկերասրահ եղել է 1958 թվականին: Բացի նրա հոբելյանը, այս տարի լրանում է նաեւ հայրիկիս եւ Սարյանի պատմական հանդիպման 60 տարին: Մեծ խորհուրդ եմ տեսնում այս ցուցահանդեսի մեջ, որը կայացավ հենց Սարյանի տուն-թանգարանում. ստացվում է՝ 60 տարի անց հայրիկս նորից վերադարձավ իր վարպետի մոտ՝ արդեն ցուցահանդեսով: Այստեղ կան նկարներ, որոնք առհասարակ առաջին անգամ են շրջանակավորվում, եւ ոչ ոք չի տեսել, կան համեմատաբար հին, բայց սիրված նկարներ: Նկարների համար սա մեծ տոն է»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Սիրավյանի որդին՝ Գագիկ Սիրավյանը:

Գագիկ Սիրավյանը


Ցուցադրված են բոլոր այն նկարները, որոնք գտնվում են նկարչի ընտանիքի տրամադրության տակ: Հնարավորություն ունենք տեսնելու բավական հայտնի բնապատկերներ եւ 20-րդ դարի կարկառուն մի շարք մտավորականների դիմանկարներ:

«Այս նկարչին կարող ենք արդեն դասական համարել՝ նա մեր արժեքավոր եւ հետաքրքիր հեղինակներից է: Նրա արվեստի սիրահարները կարող են գալ, կարող են գալ բոլոր նրանք, ովքեր ծանոթ չեն եւ հենց ցուցասրահում միանգամից կսիրեն, որովհետև շատ էսթետ է, աբստրակցիաների եւ սյուրռեալիստական նկարների կողքին նա շատ դյուրըմբռնելի է եւ օժտված է շատ բարձր գեղագիտությամբ»,- ասաց արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը:

Հենրիկ Սիրավյանի հոբելյանական ցուցահանդեսին


Ըստ արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի՝ շատ դժվար է տեսնել մի նոր Հայաստան Մարտիրոս Սարյանի բնապատկերներից հետո, Հակոբ Հակոբյանի ստեղծած բնապատկերներից հետո, բայց Հենրիկ Սիրավյանը կարողացավ տեսնել այդ նոր Հայաստանը եւ հասցնել մեզ, որ մենք էլ սիրենք այդ ժայռերն ու բնապատկերները՝ այնպես, ինչպես ինքն է սիրել եւ ինչպես ինքն է տեսել.«Այս նկարները նրա աշխարհն են, որոնք ցույց են տալիս, թե նա ինչպես էր տեսնում Հայաստանը, ինչպես էր տեսնում կյանքն ու ինչպիսի Հայաստան էր բացահայտում մեզ համար: Երբ մենք որեւէ նկարչի կարեւորում ենք, մենք կարեւորում ենք, թե նա որքանով է յուրահատուկ, ինքնատիպ, տարբերվող»:

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Հենրիկ Սիրավյանը (Սիրավ) կդառնար 90 տարեկան: Հետմահու ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի հոբելյանին, կարող եք տեսնել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում՝ մինչեւ փետրվարի 3-ը:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին