Ժամանակի մեջ ճանապարհորդելու համար շատ քիչ բան է պետք. մեկին կարող է դարչնի ու մեխակի անուշ համաձուլվածքը շեղել կամ ցուրտ ձմեռներ հիշեցնել, մյուսին՝ երաժշտությունը, հաջորդին՝ որեւէ կտավ կամ հագուստին մնացած հարազատի օծանելիքը:
Հաճախ սրանց միախառնումը քեզ մտորումների մեջ է գցում․ իսկ ի՞նչ, եթե: Այդ եթեներից մեկի պատասխանի հետքերով Նկարիչների միությունում տեղի ունեցավ լուսահոգի գեղանկարիչ Հենրի Գարուկյանի 75-ամյակի առթիվ նախաձեռնված միջոցառումների շարքի բացումը: Հավաքվել էին հարազատները՝ հիշելու արվեստագետին, վերհիշելու իրենց մտերմությունը եւ վայելելու նկարչին հոգեհարազատ երաժշտությունը:
«Ծաղիկով աղջիկ» կտավն էր ընտրվել որպես միջոցառման գլխավոր աշխատանք եւ ներկայացվեց եւս երկու կտավի հետ: Հենրի Գարուկյանն այն ստեղծել է 2008 թվականին եւ նվիրել դստերը՝ Մանանին: Ինչո՞վ են այս կտավները խորհրդանշական: Դրանք երեք ժամանակների մասին է: Երեք կտավում էլ աղջիկ է, բայց ամենատարբեր դրսեւորումներով: Ամեն հաջորդ կտավ ավելի ջերմ գույներ ունի, եւ աղջկա ձեռքի ծաղիկն ավելի վառ է արտահայտված: Այս աստիճանական աճն արվեստաբան Արմեն Առուստամյանը բացատրեց նկարչի երեխաների գործոնով:
Միջոցառմանը ելույթ ունեցան նախագծի հեղինակ, ջութակահար Մանան Գարուկյանը եւ դաշնակահար Աննա Իշխանյանը: Նրանք կատարեցին Հենրի Գարուկյանի սիրելի ստեղծագործությունները, որոնցից Էդիթ Պիաֆի «Վարդագույն կյանք»-ը, Արամ Խաչատրյանի «Վարդագույն աղջիկների պարը»՝ «Գայանե» բալետից, եւ Ռոմանոս Մելիքյանի «Վարդ»-ն ավելի ընդգծում էին ծրագրի խորհրդանիշ դարձած վարդը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: