Հունիսի 15-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Երեւան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեեւի ղեկավարությամբ:
Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ այլ ստեղծագործություններ: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:
Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուեւի, Բորիս Բերեզովսկու եւ այլոց հետ:
1974թ.-ն պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր է նշանակվել Վլադիմիր Ֆեդոսեեւը: Այս նվագախմբի հետ մաեստրոն բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին եւ Վադիմ Րեպինին:
Մաեստրո Ֆեդոսեեւը 1995-2004թթ. հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր եւ շուրջ տասը տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:
Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն եւ խորաթափանց կատարումների համար: Հայտնի են նրանց՝ Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են «Սոնի», «Վարներ Քլասսիքս ենդ Զազզ», «Ֆիլիպս», «Մելոդիա» եւ այլ հեղինակավոր ընկերությունների կողմից:
Նվագախումբը ելույթներ է ունեցել աշխարհի բոլոր ծայրերում: Հայտնի են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ տեղի ունեցավ նաեւ Չայկովսկու «Ունդինա» օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ.-ի ելույթների կիզակետում են Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:
Տեղեկատվությունը՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: