×


Չբացահայտված դրվագներ Ազնավուրի կյանքից :)

Բեռլինում այսօր կայանալիք համերգով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կնշանավորի ոչ միայն իր ծննդյան 90-ամյակը, այլեւ` ստեղծագործական գործունեության 80-ամյակը։ Տասը տարեկանից արվեստի մեջ ընկղմված եւ իր ձայնով աշխարհը նվաճած աստղի մասին մշտապես է խոսվում, իսկ այս տարվա սկզբից նա լրատվամիջոցների սպասված հյուրն է, պատմում է նոր գրքի, տարեդարձի եւ իր մասին նկարահանվող առաջին ֆիլմի մասին, որից էլ մի քանի դրվագ ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Հրապարակման վերջում անդրադարձել ենք նաեւ մեր մեծ հայրենակցի յուրահատուկ նախասիրությանը:):

Շառլ Ազնավուրը


Ազնավուրին բացահայտելու համար անհամար հաղորդումներ են նկարահանվել, հոդվածներ են գրվել, սակայն ոչ մի անգամ նրա կերպարը լիովին նկարագրել չի ստացվել` ե'ւ ժամանակը չի բավականացնում, ե'ւ անբացատրելին է իշխում։ Չնայած` մաեստրոյի մի շարք երգեր դարձել են համաշխարհային ժառանգություն, նա հաճախ կրկնում է, որ ամբողջովին չի բացվում հանրության առջեւ, եւ այս պատկառելի տարիքում միայն համաձայնել է “բացել իր արխիվի դռները”։

Մեր տաղանդաշատ հայրենակցի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու բախտը վիճակվել է ֆրանսուհի լրագրող Մարի Դրյուկերին։ Այն ցուցադրվեց “France 2” ֆրանսիական հեռուստաալիքով եւ անմիջապես դիտումների ռեկորդ սահմանեց` 3,7 միլիոն հեռուստադիտող, որը գերազանցում է ամենասիրված հաղորդաշարերի դիտումների քանակը։ Իսկ թե ինչու է Ազնավուրի անունը տարիներ շարունակ բազմամիլիոնանոց հանդիսատես ապահովում, որն է այս արվեստագետի հաջողության գաղտնիքը եւ նման այլ հարցերի պատասխաններ փորձել է գտնել հենց ֆիլմի հեղինակը։

Շառլ Ազնավուրը, ով երգարվեստում առաջին քայլերն արել է դեռ 9 տարեկանում, վերադառնում է 80 տարի անց` իր անհավատալի ճանապարհորդության մասին պատմելու. նա խոսում է մանկության, պատերազմում ծնողների ունեցած դերի մասին... Նա մեկն է, ով իր կյանքը նվիրել է երաժշտությանը եւ պատմում է դժոխային դեբյուտը, երբ ոչ ոք չի հավատացել իրեն։ Բոլորը խոսում են Ազնավուրի հայտնիության եւ հարստության մասին, սակայն քչերը գիտեն, թե ժամանակին ինչպես են նրան քարկոծել լրատվամիջոցները, ինչպես է փոքրամարմին Շառլը դիմակայել տգեղ, անտաղանդ եւ ոչ ֆրանսիացի լինելու պիտակներով քննադատություններին։ Երգչի ընկերները դեռ հիշում են, թե ինչպիսի դաժան հրապարակումներ են եղել նրա հասցեին, ինքն էլ է ազատորեն խոսում դրանց մասին եւ հպարտորեն ասում, որ հենց այդ նյութերի հեղինակներն են իրեն ուժ տվել դառնալ այն մարդը, ով այսօր կա։

Շառլ Ազնավուրը


Եվ չնայած այդ մեծ ուժին, նա փխրուն կողմեր էլ ունի` ծնողներն են, արմատները... Մարի Դրյուկերը փորձել է դիպչել երգչի հոգու նուրբ թելերին` հարցնելով, թե արդյոք արտասվում է ծնողներին հիշելիս.“Չէ, չեմ լացում, բայց աչքերս մի քիչ թրջվում են, բարձս էլ է երեկոները թաց լինում։ Չեմ պատկերացնում, որ կա մեկը, ով կկարողանա մոռանալ  իր ծնողներին”։

Նա ինչպես միշտ խոսում է հայերի եւ Հայաստանի մասին, որոնք համարում է իր կյանքի անբաժան մասնիկը։ Ֆիլմում կադրեր են 1988 թվականի երկրաշարժից, Ազնավուրի հուզմունքն անսահման է, օգնելու ցանկությունն` անսպառ...

Մարի Դրյուկերը ներկայացնում է Շառլին նաեւ որպես փառքին եւ հաջողությանը ձգտող հարուստ աստղ, ով, իրեն շքեղ ավտոմեքենաներ գնելով, կարող է շատերին նյարդայնացնել։ Նրա հին ավտոմեքենաներից մեկը հենց այս տարի աճուրդում վաճառվեց  286 000 եվրոյով։ Շառլն ասում է, որ չպետք է ներողություն խնդրել շատ գումար աշխատելու համար.“Գնում էի շքեղ մեքենա եւ հետո միայն հասկանում, որ այն ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Միացյալ Նահանգներում, երբ շքեղ մեքենա են տեսնում, ասում են` մի օր էլ իրենք դրանից կունենան, իսկ Ֆրանսիայում նախանձից կարող են վառել այդ ավտոմեքենան”։

Չնայած, որ լրատվամիջոցները Ազնավուրին տգեղ են համարել, երբեք կանանց աչքից չի վրիպել եւ կարողացել է գերել իր հմայքով։ Նա նաեւ սրտեր գերողի համբավ ունի:):  Տարբեր ամուսնություններից իր երեխաների դաստիարակությամբ այդքան էլ չի զբաղվել։ Նրա տղաներից մեկը խոստովանում է, որ շատ ազատ է մեծացել.“Հայրս երբեք չի ստիպել ո'չ ուսում ստանալ, ո'չ էլ իր ճանապարհը շարունակել”։

Շառլ Ազնավուրը


Մաեստրոյի յուրօրինակ եւ օգտակար նախասիրությունը


Շուրջ 20 տարի է` Շառլ Ազնավուրը տեղափոխվել է Ֆրանսիայի Պրովանս շրջան, որտեղ աճեցնում եւ մշակում է ձիթապտղի ծառեր: Իր ձեռքով մշակած ձիթապտղի յուղն արդեն մեծ համբավ ունի։ Առաջին արտադրության արդյունքը 100 լիտր է եղել, եւ Ազնավուրն այն բաժանել է ընկերներին: Գյուղատնտես-երգիչն այժմ մեծացրել է արտադրության չափը եւ ավանդական միջոցներով աճեցվող ձիթապտղին հատկացրել 6 հեկտար հողատարածք։ Նա շոյում է ծառերն ու դրանցից ստացված յուղն անվանում նեկտար։ Շառլ Ազնավուրի անունը կրող այս ձեթը հասանելի է միայն բարձրակարգ մասնագետներին, այն խանութներում չի վաճառվում։

Որեւէ րոպե բեմից չհեռացած, անվերջանալի անակնկալներով լեցուն մեր հայրենակցի մասին կարելի է անվերջ խոսել, առիթներ դեռ շատ կլինեն, իսկ այժմ մեր բարեմաղթանքն է` ուղղված ոչ միայն մեծագույն երգչին, այլեւ մեզ. ցանկանում ենք երկար եւ առողջ տարիներ Շառլ Ազնավուրին, ինչը հայ ազգի չորբանալու երաշխիքն է։

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին