×


Չհրապարակված կադրեր՝ հայկական աստղաբույլի մասնակցությամբ «Անհայտ բաժանորդ» նոր ֆիլմից

Իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմը, որ տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում եւ Ռուսաստանում, շուտով կունենա նաեւ հայկական տարբերակը: «Անհայտ բաժանորդ»`այսպես է կոչվում Արշո Հարությունյանի ֆիլմը, որը մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերին: Այժմ շարունակվում են նկարահանման աշխատանքները: BRAVO.am-ը զրուցել է ռեժիսորի հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել դերասանական կազմի եւ սցենարական լուծումների մասին:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանումներին


Երբեւէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսի իրավիճակում կհայտնվեք, եթե ձեր ընկերներն ու հարազատները բարձրաձայն կարդան ձեր բջջայինի բոլոր նամակները, կամ էլ նրանց ներկայությամբ պատասխանեք բոլոր զանգերին՝ բարձրախոսը միացված: Այդ ժամանակ անհայտ բաժանորդը չի ուշանա, եւ դուք ձեր ընկերների հետ կհայտնվեք ծիծաղելի եւ փոքր-ինչ դրամատիկ իրավիճակում: Հենց այսպիսի մի խաղ էլ ֆիլմի հերոսներն են որոշում խաղալ՝ առանց ենթադրելու, թե ինչ զարմանալի բացահայտումներ են իրենց սպասում:

Նախորդ տարի Արշո Հարությունյանն այս սյուժեի հիման վրա ներկայացում բեմադրեց Երեւանի կամերային թատրոնում, որը մինչեւ հիմա էլ խաղացանկում է եւ մշտապես անցնում է լեփ-լեցուն դահլիճներում: Այժմ առաջարկ է ստացել այդպիսի սցենարով ֆիլմ նկարահանել.«Երբ դիտեցի ֆիլմի իտալական տարբերակը, միտք առաջացավ նկարահանել նաեւ հայկականը: Սկսեցի դռնեդուռ ընկնել, ներկայացնել նախագիծը, բայց, ինչպես սովորաբար լինում է, չստացվեց գումար գտնել նկարահանումների համար, եւ ես որոշեցի ներկայացում բեմադրել թատրոնում: Անցավ որոշ ժամանակ, ինձ զանգահարեց պրոդյուսեր Արման Միտոյանն ու ասաց՝ գնել են ֆիլմի հեղինակային իրավունքները եւ ինձ առաջարկում են նկարահանել հայկական տարբերակը: Ես, իհարկե, մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ ընդունեցի առաջարկը»,- պատմեց ռեժիսորը:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը եւ Արթուր Մանուկյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանը եւ Արմեն Հայրապետյանը: Ռեժիսորի՝ Արշո Հարությունյանի կարծիքով՝ հրաշալի դերասանական կազմ է ընտրվել, ինչը ստիպելու է է՛լ ավելի մեծ հետաքրքրությամբ սպասել ֆիլմին.«Ճիշտ է՝ չեմ սիրում իմ գործերի մասին խոսելիս ասել, որ դրանք լավն են, բայց այս դեպքում կարող եմ ասել, որ իսկապես շատ լավ դերասանական կազմ է հավաքվել: Կարծում եմ՝ հանդիսատեսը գալու եւ տեսնելու է երեւանյան պատմություն, հայկական թեմաներ, որտեղ ընկերները շատ ծիծաղելի ու անսպասելի իրավիճակում են հայտնվում»:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսորի խոսքով՝ փորձել են իրենց սցենարական լուծումներով ու մեկնաբանությամբ տարբերվել արդեն եղած ֆիլմերից եւ ստանալ իրավիճակի տիպիկ հայկական տարբերակը.«Եթե փորձեք համեմատել, ապա կտեսնեք, որ մի շարք առանձնահատկություններով ֆիլմը տարբերվում է մյուս երկրների նախագծերից: Այսինքն՝ կարելի է ասել, որ մրցակցության մեջ ենք մտնում ուրիշ երկրներում ստեղծված տարբերակների հետ, եւ գիտենք, որ մերն ավելի լավն է լինելու»,- կեսկատակ ասաց Արշոն:

Նա պատմեց, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ին, եւ մեծ մասն արդեն նկարահանել են: Սեպտեմբերին տեղի կունենա պրեմիերան, եւ «Անհայտ բաժանորդը» կցուցադրվի հայաստանյան բոլոր կինոթատրոններում: Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ մեծ թվով մարդիկ են դիտելու ֆիլմը, քանի որ էկրաններին տեսնելու են իրենց սիրելի դերասաններին բոլորովին նոր կերպարներում՝ հետաքրքիր ու անսպասելի դերասանական խաղով, նոր գույներով ու տրամադրություններով: Արշո Հարությունյանը նույնիսկ նկատեց, որ ֆիլմի նոր ժանր է հորինել իր այս աշխատանքով՝ հարաբերությունների կատակերգություն. «Լինում են, չէ՞, իրավիճակների կատակերգություններ, բայց սա ես այդպես եմ անվանել, քանի որ մարդկային հարաբերությունների մասին է»:

Արշո Հարությունյանը


Արշո Հարությունյանը նաեւ նշեց, որ նկարահանումները լավ են ընթանում, թեեւ փոքր-ինչ խանգարում են եղանակային պայմանները՝ անձրեւը.«Հիմա կզարմանաք՝ բայց պիտի մեկ տան մեջ լինեին, ի՞նչ անձրեւ: Այ, դա էլ կլինի տարբերություններից մեկը, որ հանդիսատեսը կտեսնի ֆիլմում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր արդեն դիտել են իտալական տարբերակը, միեւնույն է՝ հաճույքով կնայեն նաեւ հայկականը՝ տեսնելու համար նմանատիպ իրավիճակներն ու էմոցիաները հայի ներաշխարհով, հայկական մեկնաբանությամբ: Օրինակ, ես կնայեի, եթե նույնիսկ չլինեի ֆիլմի ռեժիսորը»,- հավելեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արշո Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport