Լիլիթ Բլեյանին իր երգերի միջոցով մշտապես հաջողվում է միավորել նույնիսկ անծանոթ մարդկանց, նոյեմբերի 19-ն էլ բացառություն չէր. ծանոթներն ու անծանոթները հավաքվել էին “Mezzo’’ ակումբում` մասնակցելու նրա երկրորդ ալբոմի շնորհանդեսին:
Լիլիթ Բլեյանը եւ Սոֆի Մխեյանը
“Շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ երգերիս շնորհիվ կարող եք շփվել: Ամեն նոր մարդ մի առանձին աշխարհ է: Այս ձայնասկավառակի ձայնագրության ընթացքում բազմաթիվ նոր մարդկանց հետ եմ ծանոթացել ու ընկերներ ձեռք բերել` չկորցնելով հին ու հավատարիմ հարազատներիս’’,-այս խոսքերով է երաժիշտը բացել գեղեցիկ միջոցառումը:
“Paciencia’’/“Համբերություն”/ կոչվող ձայնասկավառակը ներառում է իսպաներեն եւ անգլերեն 13 երգ, նաեւ գործերից մեկի հայերեն տարբերակը: Լրագրող-երաժիշտը CD-ի վրա աշխատել է մոտ մեկուկես տարի, երգերի ընտրության հարցում կրկին հավատարիմ է մնացել ինքն իրեն եւ ներկայացնում է միայն հեղինակային ստեղծագործություններ, որոնց գործիքավորումն արել է Նարինե Զարիֆյանը:
Լիլիթ Բլեյանը մակագրել է իր նոր ձայնասկավառակի առաջին օրինակները
“Բացի այն, որ “Paciencia’’-ն երգերից մեկի անունն է, նաեւ որոշ չափով ինձ է բնութագրում: Անհամբեր մարդ եմ, բայց զգացել եմ, որ այս ձայնասկավառակի երգերը գրելու ընթացքում շատ եմ փոխվել, գուցե ավելի համբերատար եմ դարձել: Ի դեպ, նկատել եմ, որ մի քանի անգամ տարբեր երգերում օգտագործում եմ այդ բառը”,-մեզ հետ զրույցում նշել է Լիլիթ Բլեյանը:
Ինքնատիպ ձեւաչափ ունեցող շնորհանդեսի ընթացքում հեղինակ-կատարողը դաշնամուրի եւ ակորդեոնի նվագակցությամբ մեկ երգ է ներկայացրել, այնուհետեւ մակագրել է ձայնասկավառակի առաջին օրինակներն ու շարունակել շփումը երկրպագուների եւ հարազատների հետ:
Լիլիթ Բլեյանը եւ Պլասիդո Դոմինգո կրտսերը
“Paciencia’’-ի շնորհանդեսին ներկա էր նաեւ աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին` երգիչ, կոմպոզիտոր Պլասիդո Դոմինգո կրտսերը: “Մենք շատ լավ ընկերներ ենք. շփման համար բաց մարդ է: Ուրախ եմ, որ այստեղ է: Համագործակցելու մեծ ցանկություն ունենք, բայց ժամանակի խնդիր ունենք, հուսով եմ` ամենը դեռ ապագայում է’’,-նշել է Լիլիթ Բլեյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ նոր բազմաթիվ երգեր ունի, որոնք չեն ներառվել երկրորդ ձայնասկավառակում.“Կարծում եմ` հաջորդ քայլը համերգն է, որի ընթացքում կկարողանամ ներկայացնել նաեւ այդ ստեղծագործությունները”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: