×


“Ջազի սրբազան հրեշ” Ռիշար Գալիանոն նվագել է հայերի համար

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա համերգը տեղի է ունեցել ձմռան առաջին օրը` “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ` նվագախումբը երեկոյի ընթացքում կատարել է գեղեցիկ մի շարք ստեղծագործություններ, իսկ երեկոյի վերջում տաղանդավոր երաժիշտներին է միացել ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն:

Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն


“Ռիշար  Գալիանոյի այցն ամենակարեւոր անակնկալներից է հայ հանդիսատեսին: Նա իմ մտերիմ ընկերներից է, բազմիցս համագործակցել ու ելույթ ենք ունեցել միասին: Ուրախ ենք այսօր հյուրընկալել նրան այստեղ: Համերգի ծրագիրն էլ բազմազան է ` բարոկո, դասական, ռոմանտիկ  երաժշտություն: Ուզում եմ` մարդիկ մոռանան դասական համերգի պատկերը”,- նշել է Վահան Մարտիրոսյանը: 

Սա Ռիշար Գալիանոյի երկրորդ այցն էր Երեւան, սակայն` առաջին ելույթը կամերային նվագախմբի հետ: Աշխարհում նրան ճանաչում են “Ջազի սրբազան հրեշ” մականունով: Նա հայտնի ակորդեոնահար Լուսիեն Գալիանոյի որդին է եւ սկսել է նվագել 4 տարեկանից: Գալիանոն մի շարք ձայնասկավառակներ է թողարկել ֆրանսիացի երաժիշտներ Բարբարայի, Սերժ Ռեգիանի, մեր հայրենակից լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի եւ այլ հայտնիների հետ:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտները


“Երաժշտությունը հենց ամբողջականության մեջ եմ սիրում, անկախ նրանից դասական է, թե` ջազ: Շատ եմ կարեւորում համերգից առաջ կայացող փորձը եւ հնարավորությունը շփվել երաժիշտների հետ, որպեսզի արդյունքը ներկայացնենք հանդիսատեսին: Մենակատար լինելով` երբեք ոչինչ չեմ պարտադրում երաժիշտներին: Յուրաքանչյուր հարցում փոխըմբռնում է լինում: Հենց դա է ներդաշնակությունը”,-ասել է Ռիշար Գալիանոն:

“Ջազի սրբազան հրեշ” Ռիշար Գալիանոն նվագել է հայերի համար


Նա համատեղ ելույթներով է հանդես եկել աշխարհահռչակ Չեթ Բեյքերի, Սթիվ Փոթսի, Ջիմմի Գորլիի եւ ուրիշների հետ: Իսկ 1983 թվականին Ռիշարը հանդիպել է  Աստոր Պիացոլային.“Ինչպես Պիացոլան էր նշում, երաժիշտը պետք է իր հայրենիքի  երաժշտությունը նվագի: Կաննում եմ ծնվել ու ծովի ռիթմը ինձ ոգեշնչում է: Իմ տանգոն ավելի  միջերկրական ռիթմ  ունի, քան` լատինաամերիկյան: Պիացոլայի հետ հանդիպումը շատ կարեւոր էր ինձ համար: Նա ինձ վստահություն տվեց կյանքիս այն հատվածում, երբ կասկածներ շատ ունեի: Ամբողջ կյանքս երախտապարտ կլինեմ նրան”,-պատմել է Ռիշար Գալիանոն:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը


Հիշեցնենք, այս տարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է իր բեղմնավոր գործունեության 50 տարին: 2011 թվականից Վահան Մարտիրոսյանը հանդիսանում է նվագախմբի 7-րդ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW