×


Ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո) հոգեհանգիստը՝ վաղը

Երեկ՝ հունիսի 8-ին, 73 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ջազմեն, թմբկահար Արմեն Թութունջյանը, ում բոլորը ճանաչում եւ սիրում են որպես Չիկո: Հայկական ջազի ակունքներում կանգնած երաժշտի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հունիսի 11-ին, ժամը 12:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ջազ երաժիշտ Մարտին Վարդազարյանը:

Արմեն Թութունջյանը՝ Չիկոն


«Նախ եւ առաջ Չիկոն մեծ նվիրյալ էր, հետեւողական եւ ազնիվ, ով մեծ աշխատանք է կատարել երաժշտության ասպարեզում: Նոր նախագծեր էլ ուներ, որոնք, ցավոք, չհասցրեց: Նա մեծ էր նաեւ որպես մանկավարժ, կազմակերպիչ, եւ ոչ միայն»,-մեզ հետ զրույցում ասել է Մարտին Վարդազարյանը:

Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, եւ Մարտին Վարդազարյանը


BRAVO.am-ը ժամանակին հետաքրքիր զրույց է ունեցել Արմեն Թութունջյանի հետ, որը կարող եք կարդալ այստեղ:  

Արմեն Թութունջյանը ծնվել է Երեւանում: 1963թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Սովորելու տարիներին նվագել է այդ տարիների լավագույն ինքնագործ խմբերում` «Յունոստ», «Կռունկ»: 1968թ. նրա, Արթուր Աբրահամյանի եւ Լեւոն Մալխասյանի եռյակը առաջին Հայկական ջազ փառատոնին ճանաչվել է որպես լավագույն խումբ, իսկ Թութունջյանը` «Լավագույն թմբկահար»: 1969թ. ստեղծվել է Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լեւոն Մալխասյան (դաշնամուր), Երվանդ Երզնկյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ) կազմով ջազ-քառյակը, որը հայկական ջազին բերել է առաջին լուրջ հաջողությունը` 1970թ. դառնալով  Կույբիշեւյան ջազ-փառատոնի դափնեկիր եւ նվաճելով բոլոր մրցանակները տարբեր անվանակարգերում: Հաջորդ տարի քառյակը (կոնտրաբասիստ Դավիթ Գասպարյանի հետ) ճանաչվել է լավագույնը Վորոնեժի ջազ-փառատոնում, իսկ Թութունջյանը կրկին արժանացել է «Լավագույն թմբկահար» մրցանակին: 1978-82թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում: 1982թ-ից դասավանդել է հարվածային գործիքներ` Երեւանի արվեստի թիվ 1 դպրոցում, Հայաստանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում ու Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 1986-92թթ. նվագել է Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում եւ մասնակցել է մաեստրոյի հրաժեշտի համերգներին: 1992թ. համախմբելով տաղանդավոր երիտասարդ երաժիշտների՝ ստեղծել է «Chicko & Friends» ջազ խումբը: 1994թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող: 1996թ.-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» եւ «Ջազ» հաղորդումները: 1998թ.-ից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ` «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011թ-ից` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: 2008թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի` «Ջազի ժամ» հաղորդաշարի համար: 2009թ.-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի եւ քառյակի թմբկահարը: Դասավանդել է գրեթե բոլոր հայ թմբկահարներին: 2011թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ եւ շարժում» ձեռնարկը: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW