×


Ջիվան Գասպարյան կրտսեր.“Կինս աշխատանքում ինձ շատ է ոգեւորում”

Ջիվան Գասպարյան կրտսերը թողարկել է իր առաջին` “Արմատներ”/“Roots”/ ձայնասկավառակը, որի հայաստանյան շնորհանդես-համերգն օրերս էր` “Yans” ակումբում: CD-ն ձայնագրվել է Երեւանում` շուրջ մեկ տարվա ընթացքում, երաժշտի խոսքով` 12 ստեղծագործությունն անդրադարձ են հայկական երաժշտության արմատներին` ժամանակակից մշակմամբ.“Ներառել ենք իմ եւ պապիկիս իմպրովիզացիան. հնչում են դուդուկի քառաձայն, հնգաձայն կատարումներ, գործիքավորումն արել են պապիկս եւ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Ի ուրախություն ինձ, առաջին լսողները հավանել են”:

Ջիվան Գասպարյան կրտսերը


Դուդուկահարի համար ալբոմ ունենալը կարեւոր է.“Համերգներն անցնում-գնում են, իսկ սկավառակը մնայուն է. աշխատանքդ տարիներ հետո էլ կլինի: Ես ավելի հեռուն եմ նայում: Այս ալբոմը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հանդիսատեսի համար, մանավանդ դրսում մարդիկ դուդուկն ավելի են գնահատում ու սիրում, իսկ այնտեղ ճանաչված դառնալուց հետո քո երկրում էլ ես գնահատվում”:

Ի դեպ, Ջիվանը նախորդ տարի ամուսնացել է: Նա BRAVO.am-ին պատմել է, որ Նվարդն իրեն ոգեւորում է ստեղծագործելու հարցում.“Կինս իմ ոլորտից չէ, շատ է սիրում նկարել, դիզայն ու նկարչություն է սովորում: Նա ինձ ոգեշնչում է, ես էլ իմ գործն եմ անում ու օրս այնպես բաշխում, որ կարողանամ ե՛ւ պարապել, ե՛ւ ընտանիքիս ու մտերիմներիս ժամանակ հատկացնել”:

Ջիվան Գասպարյանը` կնոջ հետ


31-ամյա երաժիշտը հայտնել է, որ շուտով կթողարկի իր երկրորդ ձայնասկավառակը, որի համար 8 ստեղծագործություն արդեն իսկ ձայնագրել է, մի քանիսն էլ նվագել ակումբային էթնո-ջազ համերգի ընթացքում: Նա նախատեսում է նաեւ տեսահոլովակ նկարահանել, առաջիկայում էլ մեկ շաբաթով կմեկնի ելույթ ունենալու Միացյալ Նահանգներում, այնուհետեւ Ռուսաստանում ու Ղազախստանում.“Արտերկրում համերգները բավական շատ են, արդեն գիտեմ, որ սեպտեմբերին Գերմանիայում փառատոնի պետք է մասնակցեմ”:

Ուիլ Սմիթը եւ Ջիվան Գասպարյանները


Ջիվան Գասպարյան կրտսերը նաեւ նվագում էր “VIZA” ամերիկյան ռոք-խմբի կազմում, սակայն վերջին երեք տարում, մշտական բնակություն հաստատելով Երեւանում, ռոքերների հետ չի շրջագայում.“Հիմա ավելի շատ իմ երաժշտությամբ ու գործերով եմ զբաղվում: Շուտով պետք է ռուսական նվագախմբերի հետ համագործակցեմ, ուզում եմ նույն համերգով ելույթ ունենանք նաեւ Երեւանում: Բացի այդ, նախատեսում եմ մենահամերգով հանդես գալ, բայց հաջորդ անգամ կնվագեմ մեծ համերգասրահում: Թեեւ ակումբային միջավայրը հաճելի է, բայց մեծ դահլիճում հանդիսատեսն ավելի կենտրոնացած է, եւ դուդուկի ձայնը հրաշալի է լսվում”:

BRAVO.am
Լուսանկարները` Ջիվան Գասպարյան կրտսերի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW