×


Ռաֆայել Քոթանջյանի կատակը, Տիգրան Մանսուրյանի հատուկ մրցանակն ու 2-րդ «Անահիտ»-ի հաղթողները

Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում իրականացվում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի նպատակը հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները վերաձեւակերպելն է, ինչպես նաեւ նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը նպաստելը: Հայկական ազգային կինոակադեմիան այս անգամ մրցանակներ հանձնեց տասնմեկ անվանակարգում, կար նաեւ մեկ հատուկ մրցանակ:

Ցանկացած ֆիլմ ինչ-որ մի օր վերածվում է վավերագրության, իսկ հենց վավերագրական ֆիլմ ստեղծելը բավական խրթին ու հետաքրքիր աշխատանք է: Այս տարի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Քամու հետ» ֆիլմը, ռեժիսոր՝ Արթուր Սահակյան:

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությանը


ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի մրցանակը հանձնելիս նշեց, որ ցանկացած ֆիլմ ունի ասելիքը հանդիսատեսին հասցնելու, ուղերձ հղելու նպատակ: Կարճամետրաժ ֆիլմի դեպքում այն մի փոքր դժվար է իրագործել՝ կարճ է ժամանակը, ուրեմն բովանդակությունը պետք է խիտ լինի, ուղերձը՝ շեշտադրված: Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «Իմ նոր տարին» ֆիլմը, ռեժիսոր՝ Արուսյակ Սիմոնյան:

Էդգար Բաղդասարյանի «Էրկեն գիշեր» ֆիլմը դարձավ 2-րդ «Անահիտ»-ի ֆավորիտը՝ հաղթելով «Լավագույն խաղարկային ֆիլմ» եւ եւս հինգ անվանակարգում:

«Լավագույն հնչունային ռեժիսոր» մրցանակն Արման Ավետիսյանինն ու Տիգրան Կուզիկյանինն է («Էրկեն գիշեր»):

«Լավագույն նկարիչներն են» Տիգրան Առաքելյանը եւ Սեդրակ Վելիկոդնին(«Էրկեն գիշեր»):

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությանը


Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը փաստում է՝ ըստ Ալֆրեդ Հիչքոքի՝ ֆիլմն ունի երեք կարեւոր բաղադրիչ՝ սցենարը, սցենարը եւ եւս մեկ անգամ սցենարը: Ըստ մեկ այլ ռեժիսորի՝ նա դարձավ այդ մասնագիտության կրողը, որպեսզի պաշտպանի սեփական սցենարները: Սրանք այն ամենն է, ինչ պետք է իմանալ սցենարիստի դյուրին եւ ոչ շատ դյուրին մասնագիտության մասին:

«Լավագույն սցենարիստ» անվանակարգում հաղթել է Էդգար Բաղդասարյանը («Էրկեն գիշեր»):

Էդգար Բաղդասարյանը վերոնշյալ մտքերին ավելացնում է.«Մենք՝ ռեժիսորներս, ինչո՞վ ենք զբաղված, հաջորդ սցենարն ենք փչացնում: Մենք սկսեցինք գրել, որպեսզի լուրջ սցենարիստների գործերը չփչացնենք: Շնորհակալ եմ բարձր եւ կարեւոր գնահատականի համար»:

«Լավագույն օպերատորը» Սուրեն Թադեւոսյանն է («Էրկեն գիշեր»):

Հատուկ մրցանակի մասին. ըստ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի՝ այս անվանակարգում կինոյում մեծ հետք թողած երկու մասնագիտության տեր մարդիկ են՝ ռեժիսորներն ու երաժիշտները: Այս անգամ մրցանակը մաեստրո Տիգրան Մանսուրյանինն է:

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությանը


«Իսկապես հուզիչ է այս ամենը: Այո՛, ես հավատարմորեն, մինչեւ վերջ նվիրված, ահռելի աշխատանք եմ ներդրել կինոերաժշտության մեջ: 1964-ին, երբ 4-րդ կուրսի ուսանող էի, սկսեցի ստեղծագործել կինոյի համար: 5-րդ տարում փաստագրական ֆիլմերի մի հարուստ շարք թողեցի եւ անցա գեղարվեստական ֆիլմերին՝ «Նռան գույնը», «Մենք ենք մեր սարերը» եւ այլն: Այնուհետեւ շարունակեցի ստեղծագործել, կարծում եմ, կա՛մ պարտքի զգացողությունից դրդված, կա՛մ էլ պատվո հարցերը լուծելու խնդրով»,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

«Լավագույն կոմպոզիտոր»՝ Սերժ Թանկյան («Սպիտակ»):

«Լավագույն դերասանուհի»՝ Նարինե Գրիգորյան («Եվա»):

«Լավագույն դերասան»՝ Լեռնիկ Հարությունյան («Սպիտակ»):

«Լավագույն ռեժիսոր»՝ Էդգար Բաղդասարյան («Էրկեն գիշեր»):

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությանը


Ռաֆայել Քոթանջյանն իր ելույթում նշեց.«Ամենամեծ մրցանակը Նոբելյանն է, բայց զարմանլի բան է՝ Նոբելյանի ոչ մեկը երկրորդ անգամ չի արժանացել: Այս առիթով ես մի անկեդոտ հիշեցի: Մարդիկ գալիս են հյուր, հանկարծ տեսնում են, որ բալիկի ձեռքը ջարդված է, հարցնում են՝ ինչ է պատահել, ասում է՝ դժբախտ պատահար է: Երկրորդ անգամ վնասելիս պատասխանում է՝ այս անգամ էլ պատահականություն էր: Երրորդ անգամ բալիկը ոտքն է կոտրում. չհասկացանք, սա արդեն քեզ մոտ հիվանդությո՞ւն է»: Ռաֆայել Քոթանջյանը մաղթում է բոլոր կինոգործիչներին, որպեսզի նրանք ցանկացած մրցանակի արժանանալուն վերաբերվեն որպես հիվանդության: Սա ուրախություն կլինի ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց համար:

Տեքստը՝ Ստելլա Պետրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին