Հունվարի 26-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ ունեցող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը միանգամից երեք տոն է նշել: Նախ` Երեւան էր ժամանել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը:
Սերգեյ Սմբատյանն ու Ռոման Սիմովիչը
2005 թվականի` Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոմանը առաջին մրցանակին է արժանացել: Որպես լավագույն կատարում` նրան նաեւ տասներկու հատուկ մրցանակ է շնորհվել: Սիմովիչը համարվում է լավագույն ջութակահարներից մեկն իր սերնդակիցների շարքում: Դրա մասին են վկայում նաեւ Սիոն Վալեի, Յամպոլսկու եւ Վենյավսկու անվան ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները:
Հայաստանի պետական նվագախմբի ուղեկցությամբ` Ռոման Սիմովիչը կատարեց Էրիկ Կորնգոլդի ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Էռնեստ Շոսոնի սիմֆոնիան: Երկու ստեղծագործությունն էլ առաջին անգամ էին հնչում հայաստանյան բեմում: Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Կարեն Անանյանի` լարային նվագախմբի համար “Լեգենդ”-ի պրեմիերան: Այս ստեղծագործությունը նվիրված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:
Սոֆի Մխեյանն ու Սերգեյ Սմբատյանը
“Ներկայացրինք փայլուն, հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ բարդ ծրագիր’’,- ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
“Առաջին անգամ եմ Երեւանում եւ շատ շնորհակալ եմ Սերգեին, որ հրավիրեց ինձ ելույթ ունենալ այստեղ: Շատ լավ արձագանքներ եմ մշտապես լսել Երիտասարդական նվագախմբի մասին: Լոնդոնում ձայնագրություններից մեկի ընթացքում զրուցում էինք ջութակահար Միքայել Սիմոնյանի հետ, որն էլ ասաց` անպայման պետք է մեկնեմ Երեւան ու համագործակցեմ նվագախմբի հետ’’,-նշել է Ռոման Սիմովիչը:
Երիտասարդայան նվագախմբի երեւանյան համերգին
Ջութակահարը նաեւ հույս է հայտնել, որ սա իր առաջին, բայց վերջին համերգը չէ Երեւանում: Նա նաեւ ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունը նվագախմբի հետ: Երեւանյան համերգից հետո Ռոմանը մեկնել է Լոնդոն, այնուհետեւ համերգով հանդես է գալու Գերմանիայում: Նշենք նաեւ, որ Սիմովիչը Երեւանում գտնվելու ընթացքում վարպետության դաս է անցկացրել կոնսերվատորիայի ուսանողների հետ:
Ռոման Սիմովիչի հետ համատեղ համերգով ազդարարվեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի 6-ամյակը, երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաեւ նվագախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:
Կարեն Շահգալդյանը
Ձայնասկավառակը կոչվում է “Music is the Answer’’, այն թողարկվել է “SONY-DADC’’ ձայնագրման ստուդիայի կողմից: CD-ում ընդգրկված են Չայկովսկու “Սերենադ լարայինների համար’’ ստեղծագործությունը, Շեստոկովիչի “Կամերային սիմֆոնիան’’, Հայրապետյանի ստեղծագործությունը լարայինների համար: Ձայնասկավառակները վաճառվելու են նաեւ արտերկրում:
“Սա նվագախմբի կարեւորագույն նախագծերից է: Միջազգային շուկա դուրս եկող եւ միջազգային հանդիսատեսի դատին ներկայացվող ձայնասկավառակ է: Վերհիշելով մեր անցած ուղին` գիտակցում եմ, որ մեր թիմը շատ ճիշտ ու գրագետ է աշխատել”,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: