Ռոջեր Կուպելյանը թողարկել է “Ռազմի աստվածները” խորագրով պատկերազարդ առցանց գիրք: Գրաֆիկական նովելը քրիստոնեության ընդունման, Ավարայրի ճակատամարտի եւ հաջորդող ժամանակաշրջանի մասին պատմող եռերգության առաջին մասն է: Հայոց պատմության շրջադարձային այս իրադարձությունները ներկայացնող Ռոջեր Կուպելյանի այս գիրքը ստեղծվել է իր մեկ այլ նախագծի` “Բյուզանդիայից արեւելք” ֆիլմի սցենարի հիման վրա:
"Ռազմի աստվածները" պատկերազարդ գիրքը
“Միշտ ցանկացել եմ ստեղծել հայոց պատմության մասին պատմող պատկերազարդ գիրք, քանի որ գրաֆիկական աշխատանքն իմ մասնագիտության մաս է կազմում, միաժամանակ` նկարներն առավել տպավորիչ են դարձնում պատմությունը”,- ստեղծման գաղափարի մասին պատմում է Կուպելյանը:
Գրքի սցենարի եւ նկարների հեղինակը Ռոջեր Կուպելյանն է, խմբագիրը` Մարք Իրվինը, սցենարի վրա աշխատել են նաեւ Ռազմիկ Չագլասյանն ու Մարտին Երնազյանը, պատկերազարդ գրքերի Միացյալ Նահանգներում ճանաչված հեղինակ Դեն Փանոսյանն էլ իր մասնակցությունն է ունեցել գեղարվեստական ձեւավորման գործում:
“Ռազմի աստվածները” պատմում է Հայոց արքա Տրդատի եւ Գրիգոր Լուսավորիչի, ինչպես նաեւ` Տրդատի քույր Կոսրոյի հարաբերությունների ու քրիստոնեության ընդունման մասին: Գիրքը կարելի է գտնել հետեւյալ կայքում` http://graphicly.com/fugitive-studios-ent/war-gods/1:
"Մատանիների տիրակալը","Ալիսը հրաշքների աշխարհում", "Բյուզանդիայից արեւելք–451մ.թ.ա." ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը
“Ռազմի աստվածները” հայոց պատմության ռազմական դրվագներ պատկերող բացառիկ նմուշ է, որ ստեղծվել է մանրամասն ուսումնասիրության արդյունքում. Վարդանանց պատերազմը նկարագրելու համար, օրինակ, Կուպելյանը հետազոտել է այն ժամանակների հայկական տարազները, զինվորական հագուստները, զենքն ու զրահները:
Ռոջեր Կուպելյանի խոսքով` “Ռազմի աստվածները” գիրքը նաեւ “Բյուզանդիայից արեւելք” ֆիլմը ամերիկյան քմահաճ կինոարտադրությանը ներկայացնելու առաջին քայլն է: “Հոլիվուդում ազգային պատմությունների հիման վրա ֆիլմ նկարահանելու գործընթացը բավական բարդ ու երկարատեւ է: Այն ենթադրում է նախապատրաստական փուլ, որ իր մեջ ներառում է, օրինակ, սցենարի հիման վրա պատկերազարդ գիրք, վավերագրական ֆիլմ”,- հավաստիացնում է Կուպելյանը, որը երկար տարիներ հոլիվուդյան կինոաշխարհում իր ոլորտի լավագույն մասնագետներից է համարվում:
Ըստ նրա, հայերի պատմությունը ծանոթ չէ ամերիկյան կինոարտադրողներին եւ այն պետք է մատուցել այնպես, որ գրավիչ լինի: ““Բյուզանդիայից արեւելք” ֆիլմի սցենարն ընթերցելուց առաջ ֆիլմարտադրողները միշտ նույն հարցն են ինձ տալիս, թե այս պատմության մեջ ինչը պետք է հետաքրքրի ամերիկացիներին եւ այլ ազգերին”,- պատմում է Կուպելյանը: Այդ նպատակով, սցենարում պատմական դրվագները գեղարվեստական որոշակի փոխարկումների են ենթարկվել` համապատասխանեցնելու համար Հոլիվուդում էպիկական ժանրի ֆիլմերի ընդունված ավանդույթներին:
Ռոջեր Կուպելյանը թողարկել է "Ռազմի աստվածները" գրաֆիկական նովելը
“Հայերի շրջանում հավանաբար կլինեն բանավեճեր որոշ իրադարձությունների մեկնաբանության շուրջ, սակայն պետք է ընդունել, որ սա պատմական ֆանտազիա է, եւ առավել լայն զանգվածների համար մեր պատմությունը հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել հոլիվուդյան կինոարտադրության մեջ ընդունված որոշ մոտեցումներ”,- նշում է Կուպելյանը:
““Բյուզանդիայից արեւելք” գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքները շարունակվում են”,- հավաստիացնում է Կուպելյանը եւ ֆիլմի ճակատագրով հետաքրքրվողներին կոչ անում համբերատար լինել, ըմբռնումով մոտենալ գործընթացի առանձնահատկություններին:
“Բյուզանդիայից արեւելք”
“Բանակցում եմ կինոարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչների` ֆիլմարտադրողների, ռեժիսորների հետ, սակայն կա չգրված օրենք, ըստ որի` չի կարելի բացահայտել այդ բանակցությունների ընթացքը”,- հայտնում է Կուպելյանը:
Ըստ նրա, գործընթացում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ ամերիկյան ճանաչված դեմքեր: Ֆիլմի նկարահանումները սկսելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ եւս Կուպելյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում հայկական կազմակերպությունների, անհատների հետ:
Նանե Ավագյան,
Mediamax-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ում՝ հատուկ BRAVO.am-ի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: